HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանոնակարգվում է անհատական շարժունակության միջոցներով երթևեկությունը

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները:

Ի՞նչ է նշանակում անհատական շարժունակության միջոց։

Ներքին գործերի նախարարության օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է Անհատական շարժունակության միջոց հասկացությունը։ Այն մեկ կամ մի քանի անիվ ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար, օրինակ՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գերոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ։

Ովքե՞ր կարող են օգտագործել անհատական շարժունակության միջոցներ

Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։

Մինչև 18 տարեկան անձանց կողմից, բացառությամբ 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, անհատական շարժունակության միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը սահմանվում են համայնքի ավագանու կողմից:

Ո՞ր հատվածներում է թույլատրվում անհատական շարժունակության միջոցների երթևեկը
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությունը թույլատրվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար նախատեսված գոտիով, դրանց բացակայության կամ դրանցով երթևեկելու անհնարինության դեպքում` օրենքով սահմանված այլ վայրերում: Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։

Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները բնակավայրերի սահմաններում կամ համայնքի ավագանու արգելած վայրերում 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։

Արգելվում է

Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ։ Բացառություն է, եթե այն պահվում է առանց ձեռքերի օգտագործման, օրինակ՝ ուսապարկ կրելը։

Արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին։

Ի՞նչ տուգանքներ են նախատեսված

Եթե ապրանքների առաքում իրականացնող անձը առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով է վարում հեծանիվը, մոպեդը կամ ինքնագլորը, ապա նախատեսված է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով։

2025 թ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում նաև կարգավորումը, ըստ որի՝ եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք՝ կազմակերպությունների համար նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի, իսկ ֆիզիկական անձնանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։

Հարգելի՛ քաղաքացիներ, յուրաքանչյուրս կարող ենք նպաստել առավել անվտանգ միջավայրի և Հայաստանում այս ոլորտում նոր մշակույթի ձևավորմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter