ԳՈՒՄ-ի շուկայում ՍԱՏՄ աշխատակիցները և Ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս մսավաճառներին առևտուր անել
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ԶԼՄ-ների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Երևանի ԳՈՒՄ-ի շուկայում իրավիճակն այս պահին շատ լարված է. ՍԱՏՄ աշխատակիցները և Ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս մսավաճառներին առևտուր անել:
Ավելի ուշ տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ առևտուր իրականացնող մի շարք անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության բաժին: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և արձանագրելու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրության առարկա կդառնա նաև համապատասխան բնակավայրերում սպանդանոցների բացակայության վերաբերյալ մսավաճառների բարձրացրած հարցը:
Այցի արդյունքները կամփոփվեն՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
Լուսանկարը՝ արխիվային, ՍԱՏՄ-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել