HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հասմիկն ու Դավիթը երազում են դպրոց գնալու մասին

15-ամյա Դավիթն արդեն 4 տարի է` դպրոց չի հաճախում: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ նրա քույրը` 14-ամյա Հասմիկը: Դպրոց չհաճախելու պատճառը նրանց հաշմանդամությունն է: Դավիթը շատ է սիրում դպրոցը, սակայն փոքր եղբոր` Արտյոմի ծննդից հետո ամեն ինչ բարդացավ, ու ինքը զրկվեց կրթություն ստանալու իրավունքից, քանի որ ծնողների ուշադրության կենտրոնում հայտնվել է փոքր երեխան:

Նրանց մայրը` Լիլիթ Մաթեւոսյանը, «Հետքին» պատմեց, որ երկու երեխաներն էլ սկզբում առողջ են եղել, հիվանդությունն ի հայտ է եկել հետագայում: Լիլիթի պատմելով՝ երբ ինքը Դավիթով հղի է եղել, գրիպով ծանր հիվանդացել է: Այդ ընթացքում մտավախություն է ունեցել, որ երեխան հիվանդ կծնվի: Ըստ բժիշկների` Դավիթը ծնվել է առողջ, սակայն 6 ամսեկանից նրա մոտ նկատվել է թուլություն: Տղայի ոտքերը թույլ են, չի կարողանում ոտքի վրա կանգնել, իսկ ձեռքերը լարված են: Նա տանը տեղաշարժվում է նոր-նոր քայլել սովորող երեխայի նման` ծնկաչոք:

Մոտ մեկ տարի անց ծնվել է Հասմիկը: Լիլիթն ասում է, որ Հասմիկի հիվանդության մեղավորը Աշտարակի ծննդատան բժիշկներն են: Նրա խոսքերով` ծննդաբերության ժամանակ բժիշկներն իրեն ներարկում են արել Հեպատիտ B հիվանդությամբ վարակված ներարկիչով, եւ հիվանդությունը փոխանցվել է նաեւ նորածնին: Հասմիկի մոտ առողջական խնդիրներն ի հայտ են եկել 1 տարեկանից:

Մոր ասելով` երեխաները մտավոր խնդիրներ չունեն, պարզապես դժվարանում են քայլել: 7 տարեկանից ծնողները Դավիթին ու Հասմիկին տարել են Աշտարակ քաղաքի (որտեղ իրենք բնակվում են) հանրակրթական դպրոցներից մեկը: Այդ տարիքում հեշտ է եղել երեխաներին գրկած դպրոց տանել-բերելը, իսկ այժմ դա հնարավոր չէ: Աշտարակում ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն չկա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Կա միայն հատուկ դպրոց մտավոր հետամնացություն ունեցողների համար: Դավիթի ու Հասմիկի համար տնային ուսուցում չի կազմակերպվել, որը «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքի 8-րդ հոդվածի պահանջն է: Լիլիթն ասաց, որ իրենց ընտանիքում դժբախտություններ են եղել ու հարմար չի եղել տնային ուսուցումը, թեեւ, կարծում ենք, որ եթե պատկան մարմինները հետամուտ լինեին, ապա 4 տարվա ընթացքում հնարավոր էր նման ուսուցում կազմակերպել:

Երեխաները երանությամբ են հիշում դպրոցական օրերը: Նրանց ասելով՝ դպրոցում խտրական վերաբերմունքի չեն արժանացել, իրենց սիրել ու հարգել են թե աշակերտները, թե ուսուցիչները: Դավիթն ասաց, որ հիմա էլ շատ է ուզում դպրոց գնալ, տնից դուրս գալ, քանի որ չորս պատերի ներսում արդեն ձանձրացել է: Նա կարոտել է իր դպրոցական ընկերներին, որոնք ժամանակ առ ժամանակ հեռախոսով կապ են հաստատում տղայի հետ:

Դպրոց գնալու մասին է երազում նաեւ Հասմիկը: Նա հույս ունի, որ այնտեղ իրեն ավելի լավ կզգա եւ օրը հետաքրքիր կանցնի, քանի որ 4 տարի է՝ գրեթե տնից դուրս չի եկել, երեխաների հետ չի խաղացել: Ծնողները երեխաների ձանձրույթը մեղմելու համար համակարգիչ են գնել, որպեսզի գոնե խաղերով զբաղվեն: Իսկ Հասմիկը պարապությունից ստիպված սերիալներ է նայում:

Դավիթն արդեն որոշել է, թե ինչու է ցանկանում դպրոց գնալ: Ըստ նրա` ուսում ստանալուց հետո սովորելու է իրավաբանական ֆակուլտետում, որպեսզի հետագայում պաշտպանի մարդկանց շահերն ու իրավունքները, այդ թվում` դեռահասների, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ իր հասակակիցները պաշտպանության կարիք ունեն:

Լիլիթը պատմում էր, որ 4 տարի առաջ երեխաներին սայլակ են տվել, սակայն հիմա չեն օգտագործում, քանի որ նախ` սայլակի չափսերն արդեն չեն համապատասխանում երեխաների տարիքին, երկրորդն էլ՝ երեխաներին նույնիսկ բակ չեն կարողանում սայլակով իջեցնել, զբոսանքի տանել. տունը երկհարկանի է, եւ աստիճաններով հնարավոր չէ երեխաներին ներքեւ իջեցնել:

«Զգում եմ, որ տանը մնալով՝ երեխաների վիճակն ավելի է վատանում: Որոշել ենք այս տարի նրանց տանել դպրոց: Ես էլ եմ վատառողջ, վիրահատվել եմ, բայց նույնիսկ այս վիճակով նրանց կտանեմ դպրոց, որ շփվեն երեխաների հետ, տան չորս պատերից դուրս գան, աշխարհից չկտրվեն»,- ասում է Լիլիթ Մաթեւոսյանը:

Երեխաների հայրը աշխատում է, սակայն մոր ասելով` ստացած ախատավարձը միայն սննդին ու կոմունալ ծախսերին է բավականացնում: Ըստ նրա` պետությունից ոչ մի աջակցություն չի ստացել, բացի երեխաների հաշմանդամության թոշակը` յուրաքանչյուրին 10 հազարական դրամ:

Ասում է, որ երեխաների համար գրեթե շաբաթը մեկ նոր տաբատ է գնում. քանի որ նրանք ծնկաչոք են տեղաշարժվում, հետեւաբար շուտ են մաշվում: Մայրը դեռ չգիտի, թե ինչպես են գնելու երեխաների դպրոցական հագուստներն ու գրենական պիտույքները: «Աստված մեծ է»,- ավելացրեց նա:

Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը խոստացավ հոգալ գրենական պիտույքների խնդիրը, եթե ծնողները որոշեն հաշմանդամ երեխաներին դպրոց տանել:

Մեկնաբանություններ (4)

zoya
joxovurd zgum eq es anter xtrakanutyann verj chka ..............
david
,,ՀԵՏՔ,, ես էլ դպրոց կգնայի, ոչինչ էլի որ մտավոր էն բանից, Էն որ շատ ազգային է, չունեմ; Չէ, միանգամից ակադեմիա եմ գնալու, մենակ գնամ լույսի երկիր ՀՀ-ից;
anna
mec sirov kognei ayd erexanerin
Զարուհի Բաթոյան
Հետաքրքիր է, թե մինչև այժմ ուր էին Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատողները, երբ երեխաների կրթության իրավունքն էր ոտնահարվում: 4 տարի ոչ մեկին չի հետաքրքրել, թե ուր են այս երեխաներն անհետացել դպրոցից?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter