Առաջարկվում է կանոնակարգել համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետ կապված հարցերը
Ազգային ժողովում համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանն առնչվող հարցերը կանոնակարգելու օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հաղորդում են Ազգային ժողովից։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունը կոչված է վերացնել այն իշխանական վակուումը, որը կարող է առաջանալ այն դեպքերում, երբ բախվում ենք իրավիճակի, երբ համայնքի ավագանին կամ անգործության, կա՛մ իր գործառույթների չիրականացման արդյունքում լիազորությունները վաղաժամ դադարեցրել է, եւ այդ իրավիճակում համայնքի ղեկավարն ու նրա տեղակալը չկան»,- ասել է հիմնական զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ներկայացնելով իր եւ պատգամավորներ Անուշ Քլոյանի ու Էմմա Պալյանի հեղինակած նախագիծը:
Նշենք, որ ներկայում արդեն առկա է նման իրավիճակ: Մասնավորապես, Գյումրի համայնքի ղեկավարի եւ ավագանու 14 անդամների, համայնքի ղեկավարի տեղակալների միասնական հրաժարականից հետո համայնքում ստեղծվել է կառավարման ճգնաժամ, որի հանգուցալուծման արդյունքում հավանական է օրենսդրությամբ սահմանված ժամկետներում Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը: Իսկ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է լինելու, որպեսզի տվյալ համայնքն ունենա համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր դրույթով, որով ՀՀ կառավարության կողմից ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է, եւ միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Փոփոխությամբ կկարգավորվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ, միաժամանակ, տվյալ համայնքի ղեկավար կամ նրա պաշտոնակատար չլինելու դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարցը:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ հեղինակների կողմից ընտրված տարբերակը նորամուծություն չէ օրենսդրության համար, կան մի շարք իրավիճակներ, երբ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոնը թափուր մնալու դեպքում, քաղաքային համայնքներում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է վարչապետը, իսկ գյուղական համայնքներում՝ մարզպետը:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ ներկայացվող առաջարկը սահմանադրական կարգավորումների տեսակետից չի համապատասխանում տեղական ինքնակառավարման սկզբունքին: Խմբակցության քարտուղարը տեղեկացրել է, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով ներկայացվող կարգավորումը ճգնաժամային կառավարմանը միտված փոփոխություն է: «Այստեղ մենք հրշեջի գործառույթ ենք իրականացնում, իսկ այդ հրդեհը մեր մեղքով չէ, որ առաջացել է»,- նշել է նա:
Եզրափակիչ ելույթներում հարակից զեկուցողներ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հիմնական զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել են պարզաբանումներ հնչեցված մտահոգությունների վերաբերյալ:
Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Մեկնաբանել