Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել
Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Խորհրդարանը, հաստատելով արտահերթ նիստի օրակարգը, քննարկել է «ՀՀ եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համաֆինանսավորմամբ: Համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ` 50 մլն եվրո արժողությամբ: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է լողացող 6-ամսյա EURIBOR + 1,56 տոկոս. դեկտեմբերի 2-ի դրությամբ այդ տոկոսադրույքը կազմում է 4,235 տոկոս: Վարկի մարման ժամկետը 18 տարի է: Նախարարը նշել է, որ ծրագրի նպատակը բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելն է: Հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
Հարակից զեկուցող Էդգար Հակոբյանը ներկայացրել է գլխադասային` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Մեկնաբանել