HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից

Օրենսդրական նախաձեռնությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստի ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, մասնավորապես՝ հողերի խոշորացման գործընթացի և իրականացվող հարկային քաղաքականության բարելավմամբ:

«Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողների համար մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկի վճարումից ազատելու պահանջը սահմանվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև նշված ժամկետը գյուղատնտեսության ոլորտում պետք է ներդրված լինեին արտադրանքի համատարած հաշվառման և եկամուտների հայտարարագրման մեխանիզմներ: Մինչդեռ դրանք դեռևս ներդրված չեն: Նշված ժամկետը չերկարացնելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողները շահութահարկի վճարումից խուսափելու նպատակով կարող են դադարեցնել իրենց իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը և գործունեությունը շարունակել ֆիզիկական անձի կարգավիճակով»,- մանրամասնել է Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին Կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության և աջակցության ծրագրերի շնորհիվ նկատելի են տնտեսությունների խոշորացման և արդյունավետ գյուղատնտեսություն վարող տնտեսությունների ձևավորման միտումներ, և եթե այդ գործընթացը կասեցվի կամ դանդաղեցվի, ապա դրանից ակնկալվող վնասը կարող է ավելի մեծ լինել, քան շահութահարկից ակնկալվող օգուտները:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով շահութահարկով հարկվող ռեժիմին, արտադրանքի համատարած հաշվառման և եկամուտների հայտարարագրման մեխանիզմների ներդրման գործընթացին: Ելույթներում կարևորվել է գյուղատնտեսության զարգացմանը միտված աջակցությունը:

Եզրափակիչ ելույթում Գևորգ Պապոյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգաբերելու առաջնահերթություններն ու հստակեցնելու վարվող տնտեսական, հարկային քաղաքականության ուղեգծերը: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Ազգային ժողովի կողմից ներկայացվել են իրավական, խմբագրական բնույթի փոփոխությունների առաջարկություններ, որոնք ընդունվել են: Մասնավորապես, հստակեցվել են փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն սահմանող կարգավորումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter