HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցի շինարարությունն ակնկալվում է ավարտել 2026թ․ վերջում

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան նոր մարզադպրոցի շինարարությունն, ըստ Երևանի քաղաքապետարանի, ակնկալվում է ավարտել 2026 թվականի վերջին եռամսյակում:

Շինարարությունը դեռևս չի սկսվել։ Կազմվում են նախագծանախահաշվային փաստաթղթերը: Մասնավորապես, ներկայում նախագիծը գտնվում է պարզ փորձաքննության իրականացման փուլում:

Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ 

Մարզադպրոցը կառուցվելու է Ծիծեռնակաբերդի խճուղի Հ2/2 հասցեում, որը Հրազդան մարզահամալիրի հարևանությամբ է, «Դալմա» առևտրի կենտրոնի հարավային կողմում։ 

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր շենքի կառուցման մասին դեռևս 2020 թվականի մայիսին հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մարզադպրոց կատած այցի և լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հետ հանդիպման ժամանակ։

2023 թվականի մարտի 30-ի նիստին Կառավարությունը որոշեց Հրազդան մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով:

Շինարարական ընկերությունը դեռևս ընտրված չէ

Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվում են «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից: Շինարարության համար ընկերություն դեռևս ընտրված չէ։

«Շինարարական աշխատանքները կիրականացվեն առաջիկայում մրցույթի արդյունքում ընտրված՝ հաղթող ճանաչված ընկերության կողմից, որի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր»,- նշում են քաղաքապետարանից։

Թե որքան կարժենա այս դպրոցի կառուցումը, քաղաքապետարանից չեն նշում։ Նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունների ավարտից և հաստատված նախագծի առկայության դեպքում հայտնի կլինի ծրագրի արժեքը, որը «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կհրապարակվի:

«Ինչ վերաբերում է ծրագրի իրականացման համար միջոցների աղբյուրին, ապա ներկայում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված են համարժեք ռեսուրսներ՝ 2025 թվականի ընթացքում պլանավորվող աշխատանքների իրականացման համար»,- ասվում է քաղաքապետարանի պատասխանում, որտեղ կրկին չի նշվում որևէ գումար:

Ինչպիսին կլինի մարզադպրոցը

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված է նոր մարզադպրոցի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։

Ըստ դրա՝ կառուցվելու է ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադպրոց։

Այն ունենալու է գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի սրահ, ունիվերսալ մարզադահլիճ, հանդիսատեսի համար նախատեսված տրիբունա՝ մինչև 532 նստատեղով, հանդերձարաններ, սանհանգույց, վարչական և սպասարկման տարածքներ և այլն։

Շենքը լինելու է երկհարկանի (մասնակի 3)։ Շենքի տակ նկուղային հարկում կլինի 88 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, տեխնիկական տարածք, ինչպես նաև մարզասրահ, գույքի պահեստներ և արհեստանոց։

Ըստ նախագծի՝ հաշվի են առնվել մարզադպրոցում սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց (նաև երեխաների և դեռահասների) համար մարզահամալիրի հասանելիությունն ապահովելու առանձնահատկությունները, ներառյալ սանհանգույցներում:

Շենքը ջեռուցման և օդափոխության կենտրոնացված համակարգ է ունենալու, ինչպես նաև՝ կենցաղային և անձրևաջրերի հեռացման ցանցեր։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է տարածքը կանաչապատել և բարեկարգել:

Կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը երբևէ չի հիմնանորոգվել:  Այն ներկայում գտնվում է Մոսկովյան 3 հասցեում։

Միայն երկու տասնամյակ առաջ դպրոցը կոսմետիկ նորոգվել է։ Մարզադպրոցից ստացված տվյալների համաձայն՝ այն ունի 280 սան: Այստեղ են մարզվում նաև սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքական թիմի անդամները, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոններն ու մեդալակիրները:

Գլխավոր լուսանկարում՝ Ալբերտ Ազարյանի անվան գործող մարզադպրոցը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter