HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շեքսպի՞ր, թե՞ արհեստական բանականություն. այս է խնդիրը

Թատրոնների մութ դահլիճները սովոր են լռությունը խախտող բնական հույզերի։ Բեմում մարդիկ են. տխրում են, գոռում, ուրախությունից թռչկոտում ու քարանում զարմանքից։ Բայց մարդուն բնորոշ այս հույզերը արհեստական բանականությունն էլ վատ չի արտահայտում։ Բեմահարթակին այսօր նա է՝ հեղափոխական ChatGPT-ն, եկել է ոչ թե պարզապես խոսելու, այլ լաց լինելու, աղոթելու, տանջվելու մեղքի զգացումից։

Դեկտեմբերի 4-ին «Արմմոնո Plus» թատերական փառատոնի շրջանակում կինոռեժիսոր Սոնա Խաչատրյանը նորարարական մի փորձարկում էր կազմակերպել։ Թատրոնն ու նեյրոնային ցանցերը մի հասցե էին ստացել, խոսում էին նույն լեզվով ու նույն բանի մասին։ 

«Միտքն առաջացավ, երբ հասկացա՝ արհեստական բանակությունը ամեն տեղ է։ Այսօր թատրոնի բեմում այն մեր գործընկերն է»,- ասում է Սոնա Խաչատրյանն ու պատմում՝ ամենից շատ զարմացել է, երբ լսել է, թե ինչպես է արհեստական բանականությունը լացում։

Սոնան ասում է` չի եկել վախեցնելու, առաջարկում է փորձարկումներ անել ու համոզվել, որ արհեստական բանականությունը ստեղծագործելու սահմաններն ընդլայնում է ու կարող է Շեքսպիր, Դոստոևսկի ու Սարոյան կարդալ` տարբեր լեզուներով ու հուզական տարբեր ֆոնով:

Արհեստաստական բանականությունը միջոցառման համար նաև պիես էր պատրաստել։ Օկսաննան բորտուղեկցորդուհի է, Սանկտ Պետերբուրգում է ծնվել։ Դե, ԱԲ երևակայության արդյունք է։ Արհեստական բանականությունը ներկայացնում է հերոսուհու կյանքն ու ապրումները՝ հանդիսատեսին մի թռիչքից մյուսը տեղափոխելով։ Խոսում է սիրո, կորստի, երազանքի լեզվով ու դերասանուհի Տաթև Մելքոնյանի շուրթերով։

Թատրոնի ու արհեստական բանականության այս հանդիպմամբ էլ երեկ ավարտվեց «Արմմոնո Plus» թատերական 8-րդ փառատոնը, որը «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է։ Փառատոնի շրջանակում երիտասարդ թատերական գործիչները ներկայացնում էին իրենց աշխատանքները։ Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Երևանում ցուցադրվեց շուրջ 15 մոնոներկայացում-առաջնախաղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter