HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Հյուսիսային տերևաթափի» գործով դատարանում հետազոտվեցին իրեղեն ապացույցները

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, շարունակվեց «Հյուսիսային տերևաթափ» անվանումով հայտնի գործի քննությունը։ Նախագահող դատավորն էր Ջոն Հայրապետյանը։

Գործով ամբաստանյալի աթոռին են 5 քաղաքացիներ՝ Վազգեն Ոսկանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Աշոտ Մարգարյանը, Էդգար Ծատինյանը, Կարեն Սիմոնյանը։ Նրանք, ըստ մեղադրանքի, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, 2023 թվականին նախնական համաձայնությամբ, կատարել են ահաբեկչության, ինչպես նաև՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և կրելու նախապատրաստություն: Իսկ այդ ահաբեկչական գործողությունն անվանել են «Հյուսիսային տերևաթափ»։

Այսօրվա դատական նիստին շարունակվեցին հետազոտվել գործում առկա գրավոր, ապա՝ իրեղեն ապացույցները։

Հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանն ընթերցեց ամբաստանյալ Սերգեյ Մկրտչյանի և մի քանի անձանց հետ ունեցած հեռախոսազանգերի գաղտնալսումների արձանագրությունները։ Խոսակցություններից մեկով, օրինակ, Սերգեյ Մկրտչյանը խոսել է մի տղամարդու հետ, որտեղ Սերգեյ Մկրտչյանը ցանկություն է հայտնել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հանդիպել։

Տղամարդ- Ի՞նչ կա ապե, էթում ես ժողովի՞։

Սերգեյ Մկրտչյան- Իջնեմ, հա, ուզում եմ իջնեմ։ 

Տղամարդ- Գալի՞ս ես։

Սերգեյ Մկրտչյան- Չէ հա, գալիս եմ ինչ անեմ։ Չէ, ես ուզում եմ էթամ Վազգենի ախպոր հետ հանդիպեմ։

Տղամարդը ծիծաղում է։

Սերգեյ Մկրտչյան- Էտի իմ փայնա, ապեր։

Տղամարդ- Հա։

Սերգեյ Մկրտչյան- Բա ոնց, ապեր։

Տղամարդը ծիծաղում է։

Մեկ այլ խոսակցությամբ պարզ է դառնում, որ Սերգեյ Մկրտչյանը դիմել է Արամ Սարգսյանի հետ հանդիպելու համար, սակայն նրան պատասխանել են, որ ընտրությունները պետք է անցնեն, նոր կկարողանա հանդիպել։ Խոսակցություններում հիշատակվում է նաև «Ազգային ժողովրդական բևեռի» ներկայացուցիչ, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի անունը։

Ոմն տղամարդու հետ խոսակցության մեկ այլ հատվածում էլ ասվում է․

Տղամարդ- Բա ի՞նչ էիր անում, էդքան չէիր զանգում։

Սերգեյ Մկրտչյան- Եսիմ, մի քիչ հանդիպումներ կար պարսիկների, բաների հետ։

Տղամարդ- Հա։

Սերգեյ Մկրտչյան- Մի քիչ հանդիպումներ, բան արեցի, մինչև կանգնենք ոտի։ Ոչ մի բան չես անում չէ՞, որ կանգնենք ոտի։

Տղամարդ- Ախպեր ջան, ես ամեն ինչ էլ կարում եմ անեմ։ 

Սերգեյ Մկրտչյան-  Ցելի ծրագիրա էտի, բա արի տենանք ինչ ենք անում։

Սերգեյ Մկրտչյանի և Արթուր անունով տղամարդու հետ խոսակցության մեջ էլ նշվում է․

Սերգեյ Մկրտչյան- Էն ասածս սկսում ենք գործել արդեն, հե՞տս ես, թե՝ չէ։

Տղամարդ- Կխոսանք, էտի հեռախոսով խոսալու բան չի։

Սերգեյ Մկրտչյան- Լավ բռատ ջան, լավ ընկերս։

Գրավոր ապացույցների հետազոտումից հետո դատարանն անցավ իրեղեն ապացույցների հետազտոմանը։ Դատարանի դահլիճ բերվեցին բոլոր այն իրերը, որոնք հայտնաբերվել էին ամբաստանյալների մոտից։ Ամբաստանյալ Վազգեն Ոսկանյանին պատկանող որսորդական հարթափող հրացանը՝ իր փամփուշտներով հետազոտելիս Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը հայտարարեց, որ դա սերնդեսերունդ փոխանցված հրացան է, օրինական է։ Բացի այդ, ըստ պաշտպանի՝ Վազգեն Ոսկանյանը «Որսորդների միության» անդամ է։

Վազգեն Ոսկանյանի բնակարանից էր հայտնաբերվել նաև սիրողական ԱԹՍ, որի նկարած պատկերները դատարանը տեղում ցուցադրեց էկրանով։ ԱԹՍ-ի կրիչի մեջ կիսակառույց շենքի պատկերներ էին և 2 տեսանյութ՝ կրկին այդ շինությունից։ Ոսկանյանը հայտարարեց, որ ԱԹՍ-ն պատկանում է իր եղբորը, իսկ նկարված կիսակառուց շենքը պատկանում է իր ընտանիքին, և գտնվում է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում։

Իրեղեն ապացույցների մեջ էին նաև մի շարք փաստաթղթեր, նաև «Հյուսիսային տերևաթափ» վերտառությամբ թղթի կտոր, որում արված նշումները վերագրվում են Վազգեն Ոսկանյանի ձեռագրին։ Դատավոր Ջոն Հայրապետյանն ընթերցեց թղթի վրա արված նշումները, որոնցում կային նշումներ՝ հարձակվելու, նահանջելու և դարանակալելու վերաբերյալ, հարձակման վայրերում սիմվոլներ թողնելու, բջջային հեռախոսաքարտերի, առաջին բուժօգնության պարագաների ձեռքբերման, ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքերի ստեղծման, թռուցիկներ տարածելու, ընտանիքի անդամներին Վրաստան տարհանելու և այլ գործողությունների մասին: Սակայն այս նշումների բովանդակությունն ու նպատակը դեռևս քննարկվելու են հաջորդող դատական նիստերին։

Ապացույցների մեջ էին նաև ամբաստանյալներին պատկանող դանակ, գազի բալոն, մոնիտոր, համակարգիչ, բջջային հեռախոսներ, հեռադիտակ, բանկային քարտեր, հիշողության կրիչ, լիցքավորիչներ, զինվորական հագուստներ։ Դրանց թվում էին նաև արկի բեկորներ։ Էդգար Ծատինյանը հայտնեց, որ 44-օրյա պատերազմի մասնակից է, և պատերազմի դաշտից է իր հետ բերել դրանք․ «Ծիծաղալու չհնչի, կոմպոզիցիա էինք ուզում սարքել»,- ասաց Ծատինյանը։ Բացի այդ՝ նա հայտնեց, որ զինվորական հագուստը ևս պատկանում է իրեն․ պատերազմից է բերել։ Իսկ իրեն պատկանող դանակի համար մեկնաբանեց, որ Wildberries-ից է պատվիրել 2000 դրամով։

Իրերի փաթեթավորումը հիմնականում չէր բացվում, քանի որ ամբաստանյալներն ընդունում էին, որ դա իրենցն է, չէին վիճարկում, միայն թե չէին հասկանում, թե ինչ կապ ունեն դրանք իրենց առաջադրված մեղադրանքի հետ։ Այսքանով ավարտվեց նիստը, հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 19-ին՝ 16։00-ին։

Այս գործով դատական նիստերը հաճախ են հետաձգվում կամ չեն կայանում։ Ամբաստանյալներից Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը ասում է՝ հիմնական պատճառներից է այն, որ ամբաստանյալներին ուղեկցող գումարտակը չի կարողանում ժամանակին ապահովել անձանց ներկայությունը։ «Նախորդ դատական նիստը ևս այդ պատճառով չէր կայացել, որովհետև համապատասխան ծառայողները չէին կարողացել անձանց ներկայացնել դատական նիստերի դահլիճ»,- նշում է նա։ Ըստ փաստաբանի՝ մի քանի դատական նիստ էլ չի կայացել մեղադրող դատախազի բացակայության պատճառով։ «Շուրջ կես տարի արդեն տևող այս դատավարության ընթացքում մեկ դատական նիստ չի եղել, որը կայացված չլինի պաշտպանության կողմից որևէ մեկի բացակայության կամ որևէ մեկի հետ կապված որևէ խնդրի պատճառով»,- ասում է Զորայր Հարությունյանը։ 

Հաջորդիվ նախատեսվում է վկաների հարցաքննության փուլը, և գործով կա 2 վկա։ «2 վկան էլ ցուցմունք են տալիս ինչ-որ զենքի ձեռքբերման նախապատրաստության հետ կապված, որը, ըստ էության, փաստական որևէ առնչություն չունի իմ պաշտպանյալի հետ, այդ մարդիկ ճանաչում են մեղադրյալներից միայն Սերգեյ Մկրտչյանին, իր վերաբերյալ են ցուցմունք տվել, իր հետ են առերեսվել և իրենց ցուցմունքը մեծապես վերաբերում է միայն Սերգեյ Մկրտչյանին, սակայն վերջիններիս ցուցմունքը նախաքննության փուլից սկսած՝ թե նախաքննական մարմինը, թե այժմ արդեն հանրային մեղադրողը վերափոխեցին և մեկնաբանեցին այնպես, որ այդ զենքի ձեռքբերումը ենթադրյալ նախապատրաստվել է ոչ միայն Սերգեյ Մկրտչյանի կողմից, այլև այս «խմբի» կողմից»,- նշում է Վազգեն Ոսկանյանի փաստաբանը։

Նա անդրադարձավ նաև «Հյուսիսային տերևաթափ» վերտառությամբ թղթի կտորին, որը գրվել է իր վստահորդի կողմից։ Ըստ նրա՝ բովանդակությունը, որ դրան հաղորդում է մեղադրանքի կողմը, իրականությանը չի համապատասխանում։ «Օրինակ՝ «հարձակում», «նահանջ», «դարանակալում» բառեր է օգտագործված, որ մեղադրանքի կողմը վերագրում է, թե իբրև ՀՀ տարածքում այս ենթադրյալ խմբի կողմից պետք է ինչ-որ ահաբեկչական ակտ իրականացվեր, սակայն իրականությունն այն է, որ համապատասխան գործողությունները մտածված են եղել ռազմական գործողությունների վերսկսման պարագայում որպես համապատասխան գործողությունների կատարման սցենար։ Այսինքն՝ այդ գործողությունները ի սկզբանե նախատեսված չեն եղել ՀՀ տարածքում իրականացվելու, նախատեսված են եղել իրականացվելու թշնամու տարածքում, թշնամու դեմ»,- ասաց փաստաբան Զորայր Հարությունյանը։

Նա նշեց նաև, որ մեղադրանքի ամենախոցելի մասն այն է, որ նշվում է, թե խումբ է գործել, դերերի բաշխում է եղել։ «Սակայն մինչ օրս մենք խնդրում ենք, որպեսզի հանրային մեղադրողը մեզ պարզաբանի, թե ի՞նչ դերերի բաշխում է եղել, օրինակ՝ Վազգեն Ոսկանյանը ի՞նչ պետք է աներ, կամ Էդգար Ծատինյանը ի՞նչ պետք է աներ, կամ մյուսը, կամ մյուսը։ Այս հարցի պատասխանը ոչ միայն մենք չենք ստանում, այլև վստահ եմ, որ անգամ հանրային մեղադրողը չունի պատասխանը»,- նշում է փաստաբանը։ 

Նրա խոսքով՝ մեղադրանքը ծայրահեղ անորոշ է և վերացական, հետևապես դրանից պաշտպանվելն էլ բարդ է։ «Մեզ չեն ասում, թե, օրինակ, Վազգեն Ոսկանյանը ի՞նչ հստակ գործողություններ է կատարել կամ պլանավորել կատարել։ Որ ասեն, օրինակ, ուզում էր ռումբ տեղադրեր ինչ-որ մի տեղ, իմ համար, որպես պաշտպանի, ավելի կորոշակիանա, ես կկարողանամ ավելի փաստարկված հակադարձել։ Բայց ինձ չեն ասում՝ ինչ էր պլանավորում անել, կամ ինչ է արել Վազգեն Ոսկանյանը, որ էսօր նստած է մեղադրյալի աթոռին»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը Զորայր Հարությունյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter