![](/static/articles/17/12/80/l-juiMnjfn3R.jpg)
Քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը կսահմանվեն 50,000 և 150,000 դրամ՝ 1000 և 25,000 դրամի փոխարեն
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ:
ԱԺ հաղորդագրության համաձայն՝ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Այն ԱԺ դեկտեմբերի 3-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:
Հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը, անձի առաջնային նույնացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը՝ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է, սակայն նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորություն: Այս պարագայում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառելու է դիմումատուի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, որից հետո նոր միայն դիմումատուն հնարավորություն է ստանալու հերթագրվել, փաստաթղթերն անձամբ ներկայացնել լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:
Ընդ որում, հնարավորություն է ընձեռվում նաեւ քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն եւ այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով:
Ակնկալվում է, որ էլեկտրոնային ընթացակարգով գործի վարումը կարագացնի նաեւ վարչարարական գործընթացները, քանի որ քաղաքացիության շնորհման եւ դադարեցման վարույթներում ընդգրկված բոլոր պետական մարմինները հասանելիություն են ունենալու նշված ծրագրին, հարցումները ստանալու եւ դրանց պատասխանելու են առցանց, վարույթային մի շարք գործընթացներ համակարգն իրականացնելու է ինքնաշխատ կերպով:
Նախատեսվում է նաեւ էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրության փուլում փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դրանք համալրելու 15-օրյա ժամկետ, իսկ ամբողջականությունը նշված ժամկետում չապահովելու դեպքում դիմումի ընթացքի դադարեցում՝ օրենքով սահմանված կարգով` կրկին հայտ ներկայացնելու հնարավորություն:
«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը՝ սահմանելով 50,000 եւ 150,000 դրամ՝ համապատասխանաբար 1000 եւ 25,000 դրամի փոխարեն:
Արմեն Ղազարյանը հայտնել է, որ գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թվականին եւ շուրջ 30 տարվա ընթացքում չեն վերանայվել:
Նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից կազատվեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձինք:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել