![](/static/articles/17/12/58/l-VQUiZeguCp.jpg)
Մասնավորի վերջին կանգառը. Երևանի ավտոբուսային երթուղիներն ամբողջությամբ համայնքին կանցնեն
100-դրամանոց կամ QR չունեցողների վերջին հույսը
Մինչ ամբողջությամբ անցում կկատարվի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին, Երևանում իսկական մարտեր են 100-դրամանոց մետաղադրամների համար։
Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 1-ից պահանջում է հասարակական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր ունենալ 100-դրամանոցներ կամ QR ուղետոմսեր։ Այս պահանջից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 2-ին, քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ արդեն հնարավոր է վճարում կատարել բանկային ֆիզիկական քարտերով, դեռևս չի գործում հեռախոսային NFC տարբերակով վճարելու համակարգը։
Մայրաքաղաքում, սակայն, ավտոբուսներ կան, որոնցում դեռ գործում են «հին ու բարի» կարգերը՝ էս մի հատ ստացի, 500-ը ու՞մն էր, մեկը հետո կիջնի և այլն: Խոսքը «հնաբնակների»՝ քաղաքապետարանին պատկանող Higer մակնիշի և մասնավոր ընկերությունների ավտոբուսների մասին է։
Ի տարբերություն Higer մակնիշի մանուշակագույն ավտոբուսների, որտեղ QR ընդունող վալիդատորներ տեղադրված են՝ մասնավոր ընկերություններին ժամանակակից լուծումները չեն հասել։ Դե, 100 դրամ ընդունող արկղն էլ չկա, գումար հավաքելու տարբերակ գտնելը մնում է վարորդի ստեղծարարությանը:
Երևանում հունվարի 1-ից մասնավոր ընկերությունների ավտոբուսները երթուղի դուրս չեն գա
Մայրաքաղաքում ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և մասնավոր 9 կազմակերպություն։ Ըստ քաղաքապետարանի կայքում հրապարակված տվյալների՝ մասնավորի կողմից երթուղի է դուրս գալիս 114 ավտոբուս։ Սա ընդհանուրի մոտ 14%-ն է։ Հունվարի 1-ից, սակայն, այս ավտոբուսներն այլևս չեն շահագործվելու։
Երևանը գարնանը գնված 8.5-մետրանոց 171 նոր ավտոբուսներին է սպասում։ Երկու ամիս առաջ քաղաքապետարանը հայտնել էր, որ սրանց շահագործմամբ հին և մաշված ավտոբուսները երթուղուց դուրս կգան, որոշ մասնավոր երթուղիներ կսպասարկվեն համայնքի կողմից: Քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ փոխարինվելու են բոլոր 9 երթուղիները, որոշ փոփոխություններ են արվելու նաև ուղեգծերում։ Ավտոբուսները շահագործվելու են միայն համայնքի կողմից։ Ստացվում է՝ միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրմամբ մասնավոր ընկերությունները դուրս են մղվելու տրանսպորտային համակարգից։
Քաղաքապետարանը մասնավոր ընկերություններին չի հայտնել սպասվող փոփոխությունների մասին
Այս մասին երթուղիները սպասարկող մասնավոր ընկերությունները իմացան «Հետքից» կամ ավելի վաղ ուղղակի ենթադրել էին հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգի անցնելու մասին քաղաքապետարանի արած հայտարարություններից։
Զրուցել ենք մասնավոր երթուղիներ սպասարկող մի քանի ընկերությունների տնօրենների հետ, բոլորն ասում են՝ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է սպասում իրենց հաջորդ ամիս։ Քաղաքապետարանն իրենց հետ կապ չի հաստատել, չի տեղեկացրել սպասվող փոփոխությունների մասին, իրենք էլ աշխատում են այնպես, ինչպես տարիներ շարունակ աշխատել են։
«Մենք մի տարուց ավել բազմիցս իրենց դիմել ենք, ասել ենք՝ եթե մեքենաների տարիքը չի համապատասխանում, պատրաստ ենք ներդրում անել, նոր ավտոբուսներ բերել, մեզ մերժել են, ուրիշ առաջարկ էլ չեն անում»,- ասում է 46 համարի երթուղին սպասարկող «Հարթ ուղի» ՍՊԸ տնօրեն Արտաշես Հակոբյանը։
Նման առաջարկով ներկայանալու մասին մեզ մյուս ընկերությունների տնօրեններն էլ պատմեցին. դիմել են, քաղաքապետի հետ հանդիպում են խնդրել, բայց ոչ մի արձագանք չեն ստացել։ Ասում են՝ վերջին անգամ քաղաքապետարանում քննարկման մասնակցել են, երբ քաղաքապետը Հայկ Մարությանն էր, այս փոփոխությունների մասին խոսակցություն էլ չկար։
«Լիցենզիան առաջ տալիս էին 10 տարով, գիտեիր, որ 10 տարի աշխատելու ես։ Էսօր լիցենզիան տալիս են 1-2 ամսով։ Ոչ մեկն էլ հիմա ռիսկ չի անի էդքան գումար ներդնի, չիմանա՝ 1 ամիս կաշխատի, 1 տարի կաշխատի, թե ինչ»,- ասում է 42 համարի երթուղին սպասարկող «Լուհր» ՍՊԸ տնօրեն Արման Ավետիսյանը։
Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանը «Հետքին» հայտնեց՝ 171 նոր ավտոբուսներին են սպասում, որոնք մաքսազերծման վերջնական փուլում են, դրա համար հստակ ոչինչ չկա, բայց որպեսզի միասնական տոմսային համակարգը լիարժեք աշխատի, բոլոր երթուղիները պիտի սպասարկվեն համայնքի կողմից։
Քարտեզում ներկայացրել ենք, թե մասնավոր ընկերությունների ավտոբուսները ինչ ուղեգծով են աշխատում այս պահին։ Թե հունվարի 1-ից կոնկրետ ինչ փոփոխություններ են սպասվում այս ուղեգծերում, քաղաքապետարանը դեռ չի հայտնում։
Կարդացե՛ք նաև.
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել