Երգչուհի Շերը Կենդանաբանական այգու փղի արձակման համար դիմել է Հայաստանի իշխանություններին և քաղաքապետին
Ամերիկահայ օսկարակիր երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) նամակով դիմել է Հայաստանի նախագահին, ՀՀ կառավարությանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Նա խնդրել է ազատ արձակել և Երևանի կենդանաբանական այգու Բունկա փղին տեղափոխել հատուկ ապաստարան, որտեղ նա կկարողանա ազատորեն քայլել, վազել և շրջել իր նման մյուս փղերի հետ և իր կյանքի մնացած մասն անցկացնել՝ անելով այն ամենը, ինչ պետք է անեն փղերը։
«Նրա բարեկեցությունը ձեր ձեռքերում է, և ես հավատում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը սիրտ ունի ճիշտ որոշում կայացնելու համար»,- գրել է երգչուհին։
Արդեն 3 տարի է՝ Բունկայի ազատ արձակման համար առցանց արշավ է սկսվել, որը նախաձեռնել է զբոսաշրջության և շրջակա միջավայրի վերաբերյալ գրող, լուսանկարիչ, «Wanderlust Magazine»-ում թղթակից-խմբագիր Մարկ Սթրեթոնը։ «Ազատություն Բունկային» արշավը մինչ օրս շարունակվում է, և արդեն 85 000 ստորագրություն է հավաքագրվել։
Դրան միացել է նաև Շերը, ով նաև FreetheWild հիմնադրամի հիմնադիրն է։
Իր նամակում Շերը հիշեցրել է իր հայկական արմատների մասին և խնդրել է ուշադրության արժանացնել Բունկայի տեղափոխման հարցը։ Երգչուհին երաշխավորել է Բունկայի անվտանգ տեղափոխումը, այդ թվում նաև դրա հետ կապված բոլոր ծախսերի փոխհատուցումը։
Շերը պատմել է արդեն իրենց հաջողած փորձառություններից մեկի՝ Պակիստանից Կամբոջա տեղափոխված Կաավան փղի մասին և վստահեցրել, որ Բունկան նույնպես նոր ապաստանում կբարգավաճի։
«Կարեկցանքի այս դրսևորումը հիանալիորեն կարտացոլվի Երևանի կենդանաբանական այգու վրա՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը կենդանիների բարեկեցության նկատմամբ և կուժեղացնի իր դիրքերը որպես կարեկցանքի դրսևորության գլոբալ առաջնորդ»,- գրել է երգչուհի Շեռը։
Նա նաև ընդգծել է, որ այս որոշումը կարևոր և դրական քայլ կլինի Բունկայի, Երևանի կենդանաբանական այգու և հայ ժողովրդի համար, ում հոգատարությունն ու հպարտությունն իրենց մշակույթի և բնության հանդեպ հայտնի են ամբողջ աշխարհում։
Չնայած արդեն ավելի քան 85 հազար ստորագրություն է հավաքագրվել Երևանի կենդանաբանական այգու Բունկա փղին արձակելու կոչով, այդուհանդերձ, Երևանի քաղաքապետարանը հստակ դիրքորոշում ունի․ Բունկան մնալու է այգում, սակայն նրա համար նոր ազատավանդակ է կառուցվելու։
«Բունկա փղի կացության պայմանները՝ ազատավանդակի և ձմեռանոցի չափերը, կերացանկը, սննդի քանակական և որակական հատկանիշները, խնամքի նորմերը, զբաղվածության ապահովումը ներկայում համապատասխանում են ընդունված միջազգային նորմերին /AZA և EAZA/: Խնդրահարույց է կենդանու մենակությունը, քանի որ փղերը «ընտանեկան կենդանիներ են»: Այս խնդրի հաղթահարման ճանապարհը նոր ազատավանդակի կառուցումը և այլ փղի կամ փղերի տեղափոխումն է Երևան»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել է Երևանի քաղաքապետրանը։
Բունկայի ֆիզիկական և հոգեբանական վիճակի մասին անկախ փորձագետները դիտարկումներ և եզրակացություններ են արել, համաձայն որոնց՝ Բունկայի ֆիզիկական և հոգեբանական վիճակը մտահոգիչ է, փիղը թերքաշ և թերսնված է, մարմնի թույլ կեցվածք ունի, մկանային թույլ համակարգ, և այդ ամենը է՛լ ավելի կարող է սրվել հետագայում։
Երևանի քաղաքապետին հարցրել էինք, թե կա արդյոք, մասնագիտական եզրակացություն Բունկա փղի հոգեբանական և ֆիզիկական վիճակի մասին, որն արվել է քաղաքապետարանի կամ այգու կողմից։ Խնդրել էինք տրամադրել եզրակացությունների պատճենները։
Այս հարցին խուսափողական պատասխան է տրվել՝ որևէ եզրակացության հղում կամ պատճեն չի տրամադրվել։
«Բունկա փղի հոգեբանական և ֆիզիկական վիճակի գնահատումը կատարվում է մշտադիտարկման սկզբունքով՝ միջազգային մասնագետի կողմից: Ըստ մշտադիտարկման ժամանակացույցի, 2025 թ. հունվարին նախատեսվում է փղերի միջազգային մասնագետ Թոբիաս Դորնբուշի այցելությունը Երևան, որի արդյունքում վերջինս պատրաստում է գրավոր եզրակացություն-հաշվետվություն: Այդ հաշվետվությունը փորձագետը տրամադրում է փղերի վերարտադրության ծրագրի կանոնակարգման կենտրոնին և Երևանի կենդանաբանական այգուն»,- հայտնել է քաղաքապետարանը:
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ՝ Երևանի կենդանաբանական այգում փղերի նոր ազատավանդակի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար։ Նոր ազատավանդակը նախատեսված է 2 փղի համար։
Փղերի ազատավանդակի նախագծման մրցույթը կայացել է, հաղթող է ճանաչվել «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն, որի հետ 2024թ․ սեպտեմբերի 3-ին կնքվել է պայմանագիր։ Նախագծման աշխատանքների համար նախատեսված է 50 օրացույցային օր։ Երևան քաղաքի 2025թ․ բյուջեով նախատեսվել են միջոցներ Երևանի կենդանաբանական այգում փղերի նոր ազատավանդակի կառուցման համար։
Երևանի բյուջեով՝ Կենդանաբանական այգու հիմնանորոգման տողով նախատեսվել է 200 մլն դրամ։ Թե դրանից որքանն է փղի ազատավանդակի համար, հայտնի չէ։ Քաղաքապետարանը չի հստակեցրել։
Քաղաքապետարանից հետաքրքրվել էինք, թե ինչ պատասխան են տվել երգչուհու խնդրանքին։
«Երգչուհի Շերի կողմից Բունկայի ազատման խնդրագրի վերաբերյալ տեղեկատվություն չունենք»,- հայտնել է քաղաքապետարանը։
Մենք նամակն ուղարկողից խնդրեցինք ցույց տալ՝ երբ է այն ուղարկվել և ում, ստացանք հավաստումը, որ նոյեմբերի 21-ին այն պաշտոնական մեյլերով ուղարկվել է նախագահին, կառավարությանը և քաղաքապետին, իսկ ավելի վաղ ուղարկվել էր տպագիր տարբերակը՝ փոստային նամակով։ ՀՀ իշխանությունները նույնպես առայժմ չեն արձագանքել օսկարակիր երգչուհու խնդրագրին։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել