![](/static/articles/17/12/28/l-IvKPzdyfRm.jpg)
Հատում են Վարագավանի անտառները․ ահազանգ Տավուշից
Տավուշի մարզում բնակվող Սամուել Սեմերջյանը ահազանգում է, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 29-ին, մեծ թվով ծառեր են հատվել Տավուշի մարզի Վարագավան գյուղի մոտակա անտառներում։
Սամուել Սեմերջյանը «Հետքին» պատմեց, որ շուրջ 50 հատված ծառ է նկատել նույն տարածքում։ Նրանցից մի քանիսի վրա եղել են կարմիրով համարակալումներ, սակայն մնացածները ոչ միայն համարակալած չեն եղել, այլ առողջ ծառեր են եղել։ Նա նշել է այն տարածքի կոորդինատները, որտեղ տեսել է հատված ծառերը։
Սամուել Սեմերջյանի դիտարկմամբ՝ Տավուշի մարզում հատումները մեծ ծավալի են հասնում, ինչի մասին տեղյակ է նաև Էկոպարեկային ծառայությունը, սակայն որևէ կանխարգելիչ միջոցառում չի իրականացվում։
Ավելին, Վազաշենն ու Ազատամուտն այս օրերին ամբողջությամբ ծխի մեջ են, քանի որ բնակիչներն անտառից հատված փայտանյութից փայտածուխ են պատրաստում։ Այդ մասին, ըստ Սեմերջյանի, նույնպես գիտի էկոպարեկային ծառայությունը, քանի որ ինքն անձամբ տեղյակ է պահել։ Առավել ևս, հնարավոր չէ այս օրերին չնկատել տարածված խիտ ծուխն ու փայտածխի ստացման կետերը։
Լուսանկարները տրամադրել է Ս․ Սեմերջյանը
Մեկնաբանել