Փողերի լվացում, գույքի չհայտարարագրում. նախկին պաշտոնյաների մասին «Հետքի» հրապարակումները՝ քրեական վարույթի առանցքում
Դուբայում անշարժ գույք ձեռք բերած պաշտոնյաների մասին «Հետքի» առաջին հրապարակումից հետո` 2020-ի սեպտեմբերից մինչեւ հիմա, նախաքննություն է ընթանում մի դրվագով, որը վերաբերում է նախկին բարձրաստիճան ոստիկան, ներկայում Երեւանի մետրոպոլիտենի ղեկավար Բաբկեն Սեդրակյանին:
2018-ի նոյեմբերին անդրադարձել էինք Դուբայում անշարժ գույք գնած մի շարք հայ պաշտոնյաների ու գործարարների: Դրանց թվում էր նաեւ Բաբկեն Սեդրակյանը, որը 2017-ից ՀՀ-ում Ղրղզստանի պատվավոր հյուպատոսն էր, իսկ 2022-ի փետրվարին նշանակվել է մեր երկրում Ղրղզստանի պատվավոր գլխավոր հյուպատոս:
Մեր հրապարակումից շատ չանցած՝ 2018-ի դեկտեմբերին, Սեդրակյանն այն ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմից նշանակվել էր Ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչության (հայտնի է նաեւ որպես 7-րդ վարչություն) պետ ու պաշտոնավարել մինչեւ 2019 թ. սեպտեմբեր, երբ ազատվել էր աշխատանքից: Բ. Սեդրակյանը կոչումով գնդապետ է:
Գրել էինք, որ, ըստ մեր ձեռք բերած տեղեկությունների, Սեդրակյանը եւ կինը՝ Իդա Եղիազարյանը, 2014-ին վաճառել են Դուբայի Միջազգային քաղաք (International City) թաղամասի Al Dana 1 շենքում գտնվող իրենց բնակարանը, փոխարենը նույն տարում Սեդրակյանը բնակարան է գնել Palm Jumeirah արհեստական կղզու Al Hatimi բնակելի շենքում (տես ստորեւ):
Մեր ձեռքի տակ առկա նոր տվյալների համաձայն՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ներկայիս պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի` Palm Jumeirah-ում ձեռք բերած տան մակերեսը 147 քմ է, ունի 18 քմ պատշգամբ: Այդուհանդերձ, ըստ Դուբայի կադաստրի տվյալների, ներկա պահին այս բնակարանը ո՛չ Բ. Սեդրակյանի անունով է, ո՛չ նրա կնոջ:
2018 թ. նոյեմբերի մեր հրապարակումից հետո՝ 2020-ի փետրվարին, քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, առնչվում էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին ու նրա որդուն: Բանն այն է, որ հրապարակման մեջ անդրադարձել էինք նաեւ Հ. Դավթյանի արաբական գույքին:
Եվ ահա Դավթյանների վերաբերյալ նյութերն ուսումնասիրելիս գործը քննող Հատուկ քննչական ծառայության քննիչը 2020-ի սեպտեմբերի 15-ին որոշել էր նոր քրգործ հարուցել: Այն վերաբերում էր Բ. Սեդրակյանի կողմից 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առանձնապես խոշոր չափերով գույք չներկայացնելուն:
Գլխավոր դատախազությունը, ելնելով նախաքննական գաղտնիքից, չի ասում, թե Սեդրակյանը կոնկրետ ինչ գույք չի հայտարարագրել, եւ արդյոք խոսքը նաեւ արաբական տան մասին է։
2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասն առանձնապես խոշոր չափերով գույք չհայտարարագրելու համար նախատեսում է 2-4 տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Այդուհանդերձ, նոր քրգործ հարուցելու հենց նույն օրը քննիչը որոշել էր Սեդրակյանի վերաբերյալ գործը միացնել Դավթյանների գործին եւ քննել ընդհանուր վարույթում: 2021-ի ապրիլին Դավթյանների մասն անջատվել է եւ դատախազի կողմից մեղադրանքի հաստատումից հետո մայիսին ուղարկվել դատարան, որտեղ, սակայն, ինչպես արդեն գրել ենք, կարճվել է, քանի որ լրացել են վաղեմության ժամկետները:
Իսկ ի՞նչ է եղել Բ. Սեդրակյանի դրվագով, որն այդպես էլ դատարան չի հասել:
Մեկ ընդհանուր վարույթ՝ նախկին պաշտոնյաների գույքի վերաբերյալ
Գլխավոր դատախազությունից տեղեկացել ենք, որ Սեդրակյանի վերաբերյալ վարույթը միացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում ընթացող մի վարույթի, որի հիմքում կրկին «Հետքի» հրապարակումն է:
Խոսքը Դուբայում անշարժ գույք ձեռք բերած ՀՀ նախկին մի շարք պաշտոնյաների վերաբերյալ մեր երկրորդ հոդվածի մասին է, որը հրապարակել էինք 2023-ի ապրիլին: Գրել էինք, որ հոդվածում ներկայացված պաշտոնյաները չեն հայտարարագրել իրենց արաբական անշարժ գույքը: Նշել էինք նաեւ դրանց մոտավոր շուկայական արժեքները:
Գլխավոր դատախազությունը մեր այս հրապարակումն ուղարկել էր Քննչական կոմիտե, որտեղ 2023-ի մայիսի 25-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ փողերի լվացումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով (10 մլն դրամը գերազանցող), պատժվում է 6-12 տարի ազատազրկմամբ:
Այսինքն՝ գույքը չհայտարարագրելու դրվագն ի սկզբանե չի եղել քրեական վարույթում: Սակայն նախաքննության ընթացքում ՔԿ քննիչը նախաձեռնել է նոր քրեական վարույթ ՔՕ 444-րդ հոդվածի 2-րդ մասով: Այն վերաբերում է առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույք կամ եկամուտ կամ ծախս չհայտարարագրելուն, որը պատժվում է 3-6 տարի ազատազրկմամբ:
Գույք չհայտարարագրելու վարույթը ՔԿ-ում միացվել է փողերի լվացման վարույթին: Դրան միացվել է նաեւ Բաբկեն Սեդրակյանին առնչվող վարույթը: Եվ այս ընդհանուր վարույթը, ինչպես տեղեկացել ենք Գլխավոր դատախազությունից, քննչական ենթակայության կանոններին համապատասխան Քննչական կոմիտեից ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Մինչ օրս ՀԿԿ-ում նախաքննություն է ընթանում, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:
Առաջին լուսանկարը՝ tui.co.uk-ից
Մեկնաբանել