Հայաստանի ընտրանին նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի ընտրանին, որը հաշվետու ժամանակահատվածում Երեւանում 0-1 հաշվով պարտվել է Ֆարերներին, իսկ Ռիգայում 2-1 հաշվով հաղթել Լատվիային, նահանջել է 1 հորիզոնական ու հիմա 100-րդն է աշխարհում:
Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին լավագույն 10-յակում հաջորդում են Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Բելգիան, Իտալիան, Գերմանիան:
Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության C լիգայի 4-րդ խմբում Հայաստանի արդեն նախկին մրցակիցներից ամենաբարձր ցուցանիշն ունի Հս. Մակեդոնիան, որը 67-րդն է (+2): Ֆարերները 137-րդն է (+3), իսկ Լատվիան` 140-րդը (-3):
Նախկին խորհրդային երկրներից ամենաբարձր տեղում Ուկրաինան է (25), հաջորդում են Ռուսաստանը (34), Ուզբեկստանը (58), Վրաստանը (68), Բելառուսը (98): Մյուսները Հայատանից ավելի ցածր դիրքերում են: Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի փլեյ-օֆ փուլում առաջիկա մարտին մեր ընտրանին մրցելու է Վրաստանի հետ:
Մեր հարեւաններից ամենալավ արդյունքն ունի Իրանը (18), Թուրքիան 28-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 68-րդը, իսկ Ադրբեջանը՝ 117-րդը:
Հաջորդ՝ 2024 թ. տարեվերջյան վարկանիշային ցուցակը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել