HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ծառուկյանի բիտումի և քսայուղերի գործարանի ՇՄԱԳ նախագծին բացասական եզրակացություն է տրվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և իրանահայ գործարարներին պատկանող «Արմօյլ» ՓԲԸ-ի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծին բացասական եզրակացություն է տրվել։ Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական կենտրոնը եզրակացրել է, որ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ-ի կառուցած բիտումի և քսայուղերի գործարանը կառուցվել է մի շարք խախտումներով և նախատեսվող գործունեությունը անվտանգ չէ շրջակա միջավայրի համար։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագիծը «Արմօյլ» ՓԲԸ-ն ՇՄՆ փորձաքննական կենտրոն էր ներկայացրել 2024 թվականի օգոստոսին։ Կենտրոնը եզրակացությունը տվել է երկու ամիս անց՝ հոկտեմբերի 23-ին։ 

Ըստ փորձաքննական կենտրոնի եզրակացության՝ նախատեսվող գործունեության համար պահպանված չեն սանիտարապաշտպանական գոտիների համար սահմանված նորմերը։ Համաձայն հաշվետվության՝ մոտակա բնակելի տունը գտնվում է 140 մետր հեռավորության վրա, ճանապարհը՝ 74, իսկ 49 և 59 մետր հեռավորության վրա առկա են այգիներ։ Մինչդեռ ըստ քաղաքաշինական նորմերի՝ բիտումի արտադրության համար նախատեսված է 1000 մ սանիտարապաշտպանական գոտի, բիտումային տեղակայանքների համար՝ 300 մ, իսկ անմշակ նավթի, բիտումի, մազութի և այլ մածուծիկ նավթամթերքների համար՝ 500 մետր սանիտարապաշտպանական գոտի։

ArmOil (2).jpg (1.30 MB)Նատի թաղամասի բնակելի գոտին և «Արմօյլ»-ի գործարանը

Փորձաքննական կենտրոնը խնդրահարույց է համարել նաև նախատեսվող գործունեության ընթացքում ծծմբի երկօքսիդի արտանետման քանակությունը, ինչն ըստ հաշվետվության՝ անխուսափելիորեն բացասական ազդեցություն է թողնելու հարակից տարածքների վրա և մեծացնելու է թափվող անձրևների թթվայնությունը։

ՇՄԱԳ հաշվետվությամբ նաև ներկայացված չի եղել բնական գազի այրումից առաջացող ածխածնի երկօքսիդի և մրի արտանետման և ցրման հաշվարկները։ Փորձաքննության ընթացքում կտարված հաշվարկը ցույց է տվել, որ բնական գազի այրումից տարեկան արտանետվելու է 790 տ ածխածնի երկօքսիդ, ինչի մասին «Արմօյլ» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվության մեջ չի նշվել։

Փորձաքննության ընթացքում դիտարկվել է նաև Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի տրամադրած տեղեկություններն այն մասին, որ գործարանում առկա են նորմատիվ փաստաթղթերի հրդեհային և տեխնիկական անվտանգության որոշակի խախտումներ, որոնք վերաբերում են հակահրդեհային միջտարածություններին, ներքին հակահրդեհային ջրամատակարարման, հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերին։

Բոլոր այս խախտումները հաշվի առնելով՝ ՇՄՆ փորձաքննական կենտրոնը «Արմօյլ» ՓԲԸ-ի ներկայացրած՝ բիտումի և քսայուղերի գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը տվել է բացասական եզրակացություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter