
Հայաստանը Ազգերի լիգայի B լիգայի ուղեգիրը կվիճարկի Վրաստանի հետ
Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության հանդիպումների արդյունքում C լիգայի 4-րդ խմբում երկրորդ տեղ զբաղեցրած Հայաստանի ընտրանին իրավունք է ստացել փլեյ-օֆ փուլում B լիգայի ուղեգիր վիճարկել այդ լիգայի 4 խմբերում երրորդ տեղ զբաղեցրած թիմերից մեկի հետ:
Ինչպես արդեն գրել էինք, մեր ընտրանու հավանական մրցակիցներն էին Սլովենիան, Վրաստանը, Իսլանդիան եւ Իռլանդիան:
Այսօր կայացած վիճակահանությամբ պարզվել են փլեյ-օֆի զույգերը.
Հայաստան-Վրաստան
Կոսովո-Իսլանդիա
Բուլղարիա-Իռլանդիա
Սլովակիա-Սլովենիա:
Խաղերը կկայանան 2025 թ. մարտի 20-ին ու 23-ին: Առաջին հանդիպումը կլինի մեր հարկի տակ, երկրորդը՝ Վրաստանի:
Հաջողության դեպքում Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությունում հանդես կգա B լիգայում, իսկ անհաջողության դեպքում կմնա C-ում:
Հիշեցնենք, որ ազգային հավաքականների մակարդակով Վրաստանին նախկինում հանդիպել ենք 7 անգամ՝ 5 ընկերական եւ 2 պաշտոնական մրցավեճերում: Առաջին խաղը, որն ընկերական էր, կայացել է 1997-ի մարտի 30-ին Թբիլիսիում ու ավարտվել դաշտի տերերի հաղթանակով՝ 7-0: Սա մեր ընտրանու պատմության ամենախոշոր պարտություններից մեկն է: 2000 թ. փետրվարի 6-ին՝ Կիպրոսի մրցաշարի շրջանակներում, Լիմասոլում Վրաստանը մերոնց հաղթեց 2-1 հաշվով: Մեր թիմից միակ գոլը խփեց Վարդան Խաչատրյանը: Նույն տարվա ապրիլի 26-ին Երեւանում եւս մեկ ընկերական խաղ տեղի ունեցավ, որն ավարտվեց 0-0: 2004-ի փետրվարի 21-ին թիմերը կրկին հանդիպեցին Կիպրոսի մրցաշարում, այս անգամ՝ Նիկոսիայում: Հայաստանը հաղթեց 2-0 հաշվով: Գոլերը խփեցին Արման եւ Արտավազդ Քարամյանները: 2011-ի փետրվարի 9-ին կիպրական Լիմասոլում կայացած ընկերական խաղում Վրաստանը հաղթեց 2-1 հաշվով: Մերոնցից միակ գոլը 11-մ հարվածով խփեց Էդգար Մանուչարյանը: Վերջին երկու հանդիպումները եղել են պաշտոնական: Ազգերի լիգայի 2020-2021 թթ. խաղարկության ժամանակ, որը մեր թիմի համար հաջող էր, 2020 թ. հոկտեմբերի 11-ին առաջին խաղը կայացավ լեհական Տիխի քաղաքում (44-օրյա պատերազմի օրերին, անվտանգային նկատառումներից ելնելով, Հայաստանի ընտրանու տնային հանդիպումներն արտերկրում էին անցկացվում): Գրանցվեց 2-2: Մերոնցից աչքի ընկան Խորեն Բայրամյանն ու Հենրիխ Մխիթարյանը (11-մ): Պատասխան խաղը կայացավ Թբիլիսիում նույն տարվա նոյեմբերի 15-ին: Գեւորգ Ղազարյանի ու Սարգիս Ադամյանի գոլերի շնորհիվ Հայաստանը հաղթեց 2-1 հաշվով:
Այսպիսով՝ հայ-վրացական ֆուտբոլային առճակատումը ազգային հավաքականների մակարդակով ունի հետեւյալ վիճակագրությունը: Կայացել է 7 խաղ, Հայաստանը հաղթել է 2 անգամ, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 3 անգամ էլ հաղթել են վրացիները: Մերոնք այս հանդիպումներում խփել են 8 գոլ, բաց թողել 14-ը:
Ներկա պահին մեր թիմը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 99-րդն է, իսկ Վրաստանը՝ 67-րդը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել