HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ազգերի լիգայի փլեյ-օֆ փուլում Հայաստանի հավանական մրցակիցները ծանոթ թիմեր են

Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության խմբային փուլն ավարտվեց: Հայտնի դարձան բոլոր 4 լիգաների (A, B, C, D) խմբերի հաղթողներն ու անհաջողակները: Բացառություն է C լիգայի 2-րդ խումբը, որում անավարտ է մնացել նախավերջին տուրի Ռումինիա-Կոսովո հանդիպումը, քանի որ հյուրերը տրիբունաներից հնչող վանկարկումներից հետո լքել են խաղադաշտը խաղավարտից քիչ առաջ, երբ հաշիվը 0-0 էր: ՈւԵՖԱ-ն այս հարցով որոշում պետք է կայացնի. չի բացառվում, որ Ռումինիային տեխնիկական պարտություն գրանցվի:

A լիգայի 4 խմբերի հաղթողներն ու երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը գալիք տարի կխաղարկեն Ազգերի լիգայի գավաթը: Խմբերի հաղթողներն են՝ Պորտուգալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, իսկ երկրորդ տեղ զբաղեցրածները՝ Խորվաթիան, Իտալիան, Նիդերլանդները, Դանիան:   

Հայաստանի հավաքականը, որն ընդգրկված էր C լիգայի 4-րդ խմբում, վերջին՝ 6-րդ տուրում Ռիգայում 2-1 հաշվով հաղթելով Լատվիային, ի վերջո, կարողացավ խմբում գրավել երկրորդ տեղը: Հիշեցնենք, որ մինչ այդ՝ Երեւանում մերոնց 1-0 հաշվով հաղթելուց հետո, երկրորդ հորիզոնական էր բարձրացել Ֆարերները: Վերջին տուրում մերոնց հաջողությանը նպաստեց այն, որ խմբի առաջատար Հս. Մակեդոնիան, չնայած որեւէ մարզական խնդիր չէր լուծում, այդուհանդերձ, իր հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց Ֆարերներին, ինչից էլ օգտվեց Հայաստանի ընտրանին: 

Այսպիսով՝ 6 տուրից հետո C4 խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալն տեսքը՝

Հս. Մակեդոնիա - 16 միավոր
Հայաստան - 7 միավոր
Ֆարերներ - 6 միավոր
Լատվիա - 4 միավոր:

Եթե C լիգայի խմբերի հաղթողներն ինքնաբերաբար իրավունք են ստանում Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությանը հանդես գալ B լիգայում, ապա երկրորդ տեղ գրաված թիմերը, որոնց թվում է Հայաստանը, իրավունք են ստանում փլեյ-օֆ փուլում B լիգայի ուղեգրեր վիճարկել այդ լիգայի խմբերում երրորդ տեղ գրաված թիմերի հետ: 

Ահա թե ովքեր են C լիգայում երկրորդ տեղ զբաղեցրել՝

Սլովակիա (C1 խումբ) - 13 միավոր
Կոսովո (C2 խումբ) - 12 միավոր (5 տուրից հետո)
Բուլղարիա (C3 խումբ) - 9 միավոր
Հայաստան (C4 խումբ) - 7 միավոր:

Այս թիմերի մրցակիցները կլինեն B լիգայում երրորդ տեղ գրաված հետեւյալ թիմերը՝

Սլովենիա (B3 խումբ) - 8 միավոր
Վրաստան (B1 խումբ) - 7 միավոր
Իսլանդիա (B4 խումբ) - 7 միավոր
Իռլանդիա (B2 խումբ) - 6 միավոր:

Զույգերը կպարզվեն վիճակահանությամբ, որը տեղի կունենա նոյեմբերի 22-ին: Իսկ հանդիպումները կանցկացվեն 2025 թ. մարտի 20-ին ու 23-ին (թիմերը կհանդիպեն երկու անգամ՝ տանը եւ դրսում):

Հայաստանի հավաքականը նախկինում հանդիպել է վերոնշյալ բոլոր հավանական մրցակիցներին:

Սլովենիայի հետ մերոնք մինչ այս 1 ընկերական հանդիպում են անցկացրել: Այս տարվա հունիսի 4-ին Լյուբլյանայում Սլովենիան հաղթեց 2-1: Մերոնցից միակ գոլը խփեց թիմի ավագ Վարազդատ Հարոյանը: 

Հարեւան Վրաստանին, որը ներկայում բավական հաջող ելույթներ է ունենում, նախկինում հանդիպել ենք 7 անգամ՝ 5 ընկերական եւ 2 պաշտոնական մրցավեճերում: Առաջին խաղը, որն ընկերական էր, կայացել է 1997-ի մարտի 30-ին Թբիլիսիում ու ավարտվել դաշտի տերերի հաղթանակով՝ 7-0: Սա մեր ընտրանու պատմության ամենախոշոր պարտություններից մեկն է: 2000 թ. փետրվարի 6-ին՝ Կիպրոսի մրցաշարի շրջանակներում, Լիմասոլում Վրաստանը մերոնց հաղթեց 2-1 հաշվով: Մեր թիմից միակ գոլը խփեց Վարդան Խաչատրյանը: Նույն տարվա ապրիլի 26-ին Երեւանում եւս մեկ ընկերական խաղ տեղի ունեցավ, որն ավարտվեց 0-0: 2004-ի փետրվարի 21-ին թիմերը կրկին հանդիպեցին Կիպրոսի մրցաշարում, այս անգամ՝ Նիկոսիայում: Հայաստանը հաղթեց 2-0 հաշվով: Գոլերը խփեցին Արման եւ Արտավազդ Քարամյանները: 2011-ի փետրվարի 9-ին կիպրական Լիմասոլում կայացած ընկերական խաղում Վրաստանը հաղթեց 2-1 հաշվով: Մերոնցից միակ գոլը 11-մ հարվածով խփեց Էդգար Մանուչարյանը: Վերջին երկու հանդիպումները եղել են պաշտոնական: Ազգերի լիգայի 2020-2021 թթ. խաղարկության ժամանակ, որը մեր թիմի համար հաջող էր, 2020 թ. հոկտեմբերի 11-ին առաջին խաղը կայացավ լեհական Տիխի քաղաքում (44-օրյա պատերազմի օրերին, անվտանգային նկատառումներից ելնելով, Հայաստանի ընտրանու տնային հանդիպումներն արտերկրում էին անցկացվում): Գրանցվեց 2-2: Մերոնցից աչքի ընկան Խորեն Բայրամյանն ու Հենրիխ Մխիթարյանը (11-մ): Պատասխան խաղը կայացավ Թբիլիսիում նույն տարվա նոյեմբերի 15-ին: Գեւորգ Ղազարյանի ու Սարգիս Ադամյանի գոլերի շնորհիվ Հայաստանը հաղթեց 2-1 հաշվով: 

Այսպիսով՝ հայ-վրացական ֆուտբոլային առճակատումը ազգային հավաքականների մակարդակով ունի հետեւյալ վիճակագրությունը: Կայացել է 7 խաղ, Հայաստանը հաղթել է 2 անգամ, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 3 անգամ էլ հաղթել են վրացիները: Մերոնք այս հանդիպումներում խփել են 8 գոլ, բաց թողել 14-ը: 

Իսլանդիայի հետ էլ Հայաստանի ընտրանին անցկացրել է 5 մրցավեճ, որոնցից 4-ը՝ պաշտոնական: Առաջին անգամ թիմերը հանդիպել են «Եվրո-2000»-ի ընտրական փուլում: 1998-ի հոկտեմբերի 10-ին Երեւանում գրանցվել է 0-0, իսկ 1999-ի հունիսի 5-ին իսլանդացիները Ռեյկյավիկում հաղթել են 2-0 հաշվով: Միակ ընկերական խաղը կայացել է 2008-ի փետրվարի 6-ին՝ Մալթայի մրցաշարի շրջանակներում: Իսլանդացիները հաղթել են 2-0: Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում թիմերը եւս երկու պաշտոնական հանդիպում են անցկացրել: 2021-ի մարտի 28-ին մերոնք Երեւանում հաղթեցին 2-0 հաշվով՝ շնորհիվ Տիգրան Բարսեղյանի ու Խորեն Բայրամյանի գոլերի: Նույն տարվա հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում գրանցվեց 1-1: Մերոնցից գոլը խփեց Կամո Հովհաննիսյանը: 

Ազգային հավաքականների մակարդակով Հայաստան-Իսլանդիա մրցակցությունում կայացել է 5 հանդիպում, որոնցից մերոնք հաղթել են 1-ում, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 2 անգամ էլ հաղթել են իսլանդացիները: Հայաստանը խփել է 3 գոլ, բաց թողել 5-ը:

Իռլանդիայի ընտրանուն մեր ազգային թիմը հանդիպել է 4 անգամ, բոլորը եղել են պաշտոնական մրցավեճեր: «Եվրո-2012»-ի ընտրական փուլում՝ 2010 թ. սեպտեմբերի 3-ին, մերոնք Երեւանում պարտվեցին 0-1: Պատասխան խաղը կայացավ Դուբլինում 2011-ի հոկտեմբերի 11-ին: Իսպանացի տխրահռչակ մրցավար Իտուրալդե Գոնսալեսի «թեթեւ ձեռքով» կարմիր քարտ ստացավ մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ինչն ազդեց հանդիպման ելքի վրա: Իռլանդացիները հաղթեցին 2-1: Մերոնցից գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը: Ազգերի լիգայի 2022-2023 թթ. խաղարկության ժամանակ էլ, երբ մեր թիմը հանդես էր գալիս B լիգայում, 2022-ի հունիսի 4-ին Երեւանում հաղթեցինք իռլանդացիներին 1-0 հաշվով, գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը: Նույն տարվա սեպտեմբերի 27-ին Դուբլինում իռլանդացիներն առավելության հասան 3-2 հաշվով: Մերոնցից աչքի ընկան Արտակ Դաշյանն ու Էդուարդ Սպերցյանը: 

Այսպիսով՝ հավաքականների հայ-իռլանդական դիմակայությունում կայացել է 4 խաղ, Հայաստանը հաղթել է 1-ում եւ պարտվել 3-ում: Մերոնք խփել են 4 գոլ, բաց թողել 6-ը: 

Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 99-րդն է, հավանական մրցակիցներից Սլովենիան 52-րդն է, Իռլանդիան՝ 63-րդը, Վրաստանը՝ 67-րդը, իսկ Իսլանդիան՝ 70-րդը:   

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter