
Այսօր՝ Լատվիա-Հայաստան. վիճակագրությունը հավասար է
Այսօր՝ Երեւանի ժամանակով 18:00-ին, Ռիգայում կմեկնարկի Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության վերջին տուրի Լատվիա-Հայաստան հանդիպումը:
Հիշեցնենք, որ թիմերն ընդգրկված են C լիգայի 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Հս. Մակեդոնիան ու Ֆարերները: 5 տուրից հետո խմբի առաջատարը Հս. Մակեդոնիան է, որն ունի 13 միավոր եւ ապահովել է առաջին հորիզոնականը: Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությանը մակեդոնացիները հանդես կգան B լիգայում: 5-րդ տուրում Երեւանում մեր ընտրանուն 1-0 հաշվով հաղթելուց հետո Ֆարերները 6 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Հայաստանն ու Լատվիան ունեն 4-ական միավոր, սակայն մերոնք երրորդն են, քանի որ առաջին խաղում Երեւանում հաղթել են 4-1 հաշվով:
Ազգերի լիգայի գործող ձեւաչափի համաձայն՝ C լիգայի խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած թիմերն իրավունք կունենան պայքարել B լիգայի համար փլեյ-օֆ փուլում, որտեղ նրանց մրցակիցները կլինեն B լիգայի խմբերում երրորդ տեղ զբաղեցրած թիմերը, իսկ չորրորդ տեղի թիմերը կա՛մ միանգամից կհայտնվեն D լիգայում, կա՛մ կպայքարեն D լիգայի երկրորդ տեղ զբաղեցրած թիմերի հետ՝ այնտեղ չիջնելու համար:
Ստացվել է այնպես, որ Հայաստանի հավաքականը, կախված վերջին տուրի Հս. Մակեդոնիա-Ֆարերներ եւ Լատվիա-Հայաստան խաղերի արդյունքներից, կարող է զբաղեցնել թե՛ երկրորդ, թե՛ երրորդ, թե՛ նույնիսկ չորրորդ հորիզոնականները:
Երկրորդ տեղ բարձրանալու համար անհրաժեշտ է, որ այսօր մերոնք հաղթեն Լատվիային, իսկ Ֆարերները պարտվի Հս. Մակեդոնիային: Երրորդ հորիզոնականը եւ C լիգայում տեղը պահպանելու համար բավարար է Լատվիայի հետ ոչ-ոքի արդյունքը, իսկ եթե Լատվիան հաղթի, ապա Հայաստանի ընտրանին կհայտնվի վերջին՝ չորրորդ հորիզոնականում: Քանի որ C լիգայի 4 խմբերում չորրորդ հորիզոնականը զբաղեցնող թիմերի մեջ այս պահին 4 միավորը լավագույն արդյունքն է, կարելի է ասել, որ մերոնք ոչ թե անմիջապես կիջնեն D լիգա, այլ փլեյ-օֆ փուլում կպայքարեն՝ այնտեղ չիջնելու համար: 5 տուրից հետո C լիգայի անհաջողակներն են Լատվիան (4 միավոր), Լյուքսեմբուրգը (2 միավոր), Ադրբեջանը (1 միավոր), Լիտվան (0 միավոր): Այս չորսից վերջին երկուսը կիջնեն D լիգան, իսկ առաջին երկուսը կպայքարեն D լիգայի 2 խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած թիմերի հետ C լիգայի համար:
Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկությունը մասամբ նաեւ ընտրական փուլ է աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճելու ճանապարհին: Այսպես՝ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարը կայանալու է 2025 թ.: Մունդիալին մասնակցելու ուղեգիր են նվաճելու ընտրական 12 խմբերի հաղթողները: Իսկ երկրորդ տեղը զբաղեցրած 12 թիմերն ու Ազգերի 2024-2025 թթ. խաղարկության արդյունքներով այն լավագույն 4 հավաքականները, որոնք ԱԱ-2026-ի ընտրական խմբերում առաջին կամ երկրորդ տեղերը զբաղեցրած չեն լինի, այսինքն՝ 16 ընտրանի, կխաղարկեն մնացած 4 ուղեգրերը: Արդեն իսկ պարզ է, որ Հայաստանն այդ 16-ի թվում չի լինի:
Վերադառնալով այսօրվա Լատվիա-Հայաստան հանդիպմանը՝ նշենք, որ խաղն սպասարկելու է բուլղարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը, մրցավարի օգնականներ՝ Մարտին Մարգարիտովը եւ Դիյան Վալկովը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Նիկոլա Պոպովը: VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Վասիմիր Էլ Հաթիբը: Հիշեցնենք, որ Կաբակովը սպասարկել է նաեւ «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Ուելս-Հայաստան հանդիպումը, որում մերոնք գեղեցիկ հաղթանակ տարան 4-2 հաշվով:
Ահա մեր թիմի այսօրվա հայտացուցակը:
Մինչ այս Հայաստանն ու Լատվիան հանդիպել են 5 անգամ:
Առաջին երկու խաղերը եղել են ընկերական: 2009 թ․ փետրվարի 11-ին կիպրական Լիմասոլում գրանցվել է 0-0, իսկ 2014 թ․ սեպտեմբերի 3-ին լատվիացիները Ռիգայում հաղթել են 2-0 հաշվով։ 2023 թ. հունիսի 19-ին «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում մերոնք Երեւանում 2-1 հաշվով հաղթեցին Լատվիային: Գոլերի հեղինակ դարձան Նաիր Թիկնիզյանն ու Տիգրան Բարսեղյանը: Պատասխան խաղը կայացավ հոկտեմբերի 12-ին Ռիգայում, որտեղ դաշտի տերերը հաղթեցին 2-0 հաշվով: Ազգերի լիգայի ներկա խաղարկության առաջին տուրում էլ՝ սեպտեմբերի 7-ին, մերոնք Երեւանում հաղթեցին 4-1 հաշվով: Մերոնցից գոլերի հեղինակ դարձան Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը, Էդուարդ Սպերցյանը, հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կասպարս Դուբրան: Ընդ որում՝ մերոնցից էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Գեորգի Հարությունյանը:
Այսպիսով՝ 5 խաղերից Հայաստանի հավաքականը հաղթել է երկուսում, մեկ անգամ գրանցվել է ոչ-ոքի, երկու անգամ էլ հաղթել են լատվիացիները: Խփած ու բաց թողած գոլերի հարաբերակցությունը հավասար է՝ 6-6:
ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում ներկա պահին Հայաստանը 99-րդն է, իսկ Լատվիան՝ 137-րդը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել