
Մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով
Նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատեց 1,34 մլրդ դրամ բյուջետային վարկի տրամադրումը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերի արդիականացման նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեն։
«Համալիրն իր բացառիկ նշանակությամբ Հայաստանի մշակութային խորհրդանիշներից մեկն է:
Տարածաշրջանում իր մրցունակությունը պահպանելու և բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով այցելուների ու միջոցառումների անվտանգությունն ու հարմարավետությունը:
Համալիրում ավելի քան 40 տարի գրեթե լայնածավալ կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ուստի ֆինանսական միջոցների հատկացումը թույլ կտա վերազինել նշված համակարգերը` նպաստելով տարածքի բազմաֆունկցիոնալ օգտագործմանը և եկամտաբերությանը:
Նախագիծը միտված է նաև համալիրի հետագա ինքնաֆինանսավորման հնարավորությունների ապահովմանը՝ պայմաններ ստեղծելով եկամուտների և զուտ շահույթի աստիճանական մեծացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ wikipedia.org-ի
Մեկնաբանել