
Հայաստանի հավաքականը Երևանում պարտություն կրեց Ֆարերյան կղզիների ընտրանուց
Ազգերի լիգայի 2025թ․ խաղարկության 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 0։1 հաշվով պարտություն կրեց Ֆարերյան կղզիների ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Առաջին խաղակեսը մեր հավաքականի խաղացողներն անցկացրին տարածքային և խաղային մեծ առավելությամբ, չնայած որ գործը լուրջ գոլային պահերի չէր հասնում։ Ի տարբերություն Հայաստանի հավաքականի, Ֆարերները օգտագործեց իրեն ընձեռնված եզակի շանսերից մեկը։ Մեր ընտրանու պաշտպան Գեորգի Հարությունյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները մրցակցի խաղացողի նկատմամբ, նշանակված 11-մետրանոց հարվածն էլ դիպուկ իրացրեց Վիլյորմուր Դավիդսենը։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը մեծացրեց ճնշումը Ֆարերների դարպասին, եղան մի քանի գոլային պահեր, սակայն դրանցից և ոչ մեկն այդպես էլ գոլով չավարտվեց, ու Հայաստանի ազգային ընտրանին 0։1 հաշվով զիջեց Ֆարերյան կղզիների հավաքականին։
Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 5 խաղերում Հայաստանի հավաքականը տարել է 1 հաղթանակ, խաղացել 1 ոչ-ոքի և կրել 3 պարտություն։ Արդյունքում, 4 միավորով զբաղեցնում է C լիգայի 4-րդ խմբի երրորդ հորիզոնականը։
Մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Հս․ Մակեդոնիայի ընտրանին։ Ֆարերները 6 միավորով երկրորդն է, իսկ Լատվիան 4 միավորով զբաղեցնում է վերջին՝ չորրորդ հորիզոնականը։ Այս խմբի 5-րդ տուրի Հս․ Մակեդոնիա - Լատվիա խաղը կկայանա այսօր՝ քիչ ավելի ուշ։
Ազգերի լիգայի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 17-ին կհյուրընկալվի Լատվիայի ընտրանուն։
Մեկնաբանել