
Այսօր՝ Հայաստան-Ֆարերներ. թիմերը կհանդիպեն երկրորդ անգամ
Այսօր՝ 21:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության Հայաստան-Ֆարերներ հանդիպումը:
Հիշեցնենք, որ թիմերն ընդգրկված են C լիգայի 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Հս. Մակեդոնիայի ու Լատվիայի հավաքականները: 4 տուրից հետո Հս. Մակեդոնիան ունի 10 միավոր եւ գործնականում ապահովել է առաջին հորիզոնականը: Հայաստանն ու Լատվիան ունեն 4-ական միավոր, սակայն մեր ընտրանին երկրորդն է, քանի որ հաղթել է անձնական առաջին հանդիպումը: Ֆարերներն ունի 3 միավոր:
Հոկտեմբերի 10-ին Տորսհավնում կայացած առաջին խաղում Հայաստանն ու Ֆարերները 2-2 խաղացին: Ընդ որում՝ երկու անգամ մեր թիմը հետապնդողի դերում էր, սակայն նախ Լուկաս Սելարայանը տուգանայից գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 1-1, իսկ խաղավարտին Գոռ Մանվելյանը պարտությունից փրկեց մեր թիմին՝ հաշիվը դարձնելով 2-2:
Դա թիմերի առաջին հանդիպումն է եղել, երկրորդը կկայանա այսօր:
Հայաստան-Ֆարերներ խաղն սպասարկելու է հունական անձնակազմը: Հանդիպման մրցավարը Թասոս Սիդիրոպուլոսն է, մրցավարի օգնականները՝ Պոլիխրոնիս Կոստարասը եւ Լազարոս Դիմիտրիադիսը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Յոանիս Պապադոպուլոսը:
Այս պահին Հայաստանի ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 99-րդն է, իսկ Ֆարերները՝ 138-րդը:
Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, կմեկնարկի Հս. Մակեդոնիա-Լատվիա մրցավեճը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել