Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են առկա խնդիրները, գյուղապահովագրության շարունակականության ապահովման մարտահրավերները, առաջարկել դրանց ուղղված լուծումներ: Մասնավորապես, ընդգծվել է վնասի գնահատման նոր ստանդարտների ներդրման, ոլորտի փորձագետների վերապատրաստման ու որակավորման կարևորությունը։ Զարգացած գյուղապահովագրության համակարգ ունենալու համատեքստում կարևորվել է նաև վիճակագրական ենթակառուցվածքների ներդրման անհրաժեշտությունը, համակարգի նկատմամբ վստահության ապահովումը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի զարգացմանն ուղղված կոնկրետ և արդյունավետ աշխատանքների իրականացումը: Վարչապետի խոսքով՝ միանշանակ է, որ ապահովագրության համակարգը պետք է խթանի գյուղատնտեսության զարգացումը: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ որոշում կայացնողները ոլորտն արդյունավետ կառավարելու համար պետք է անմիջական շփում ունենան շահառուների հետ, խնդիրներին ծանոթանան տեղերում:
Վարչապետը հանձնարարել է բարձրացված հարցերի ուղղությամբ իրականացնել հետևողական աշխատանքներ՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել