Լուսինեի մանկապարտեզի ոդիսականը
«Երբ առաջին օրը դայակը Լուսինեին տեսավ, բալիկները խմբասենյակում չէին, երեւի դահլիճում էին, երեսին նայեց, ասաց՝ սա իմ ամբողջ էներգիան պիտի խմի». սա Լուսինեի՝ Հայաստանում հաճախած մանկապարտեզի առաջին օրվա առաջին հանդիպումից մի դրվագ է:
Լուսինեն երկար վարսերով է: Երբ ժպտում է, արեւով լցված աչքերը ավելի են պայծառանում, ու ինքդ էլ ջերմանում ես նրա լույսից: 5-ամյա աղջիկը ամենաշատը սիրում է պարել, վազվզել եւ խաղալ երեխաների հետ:
Լուսինեն ծնվել է արտերկրում: Ծննդից 10 օր հետո մանկաբույժը կասկածներ է ունեցել երեխայի քրոմոսոմների խանգարման վերաբերյալ: Հետազոտություն է նշանակվել, եւ մեկ ամիս անց հաստատվել է Դաունի համախտանիշը: Մայրը՝ Կարինեն (անունը փոխված է), 5 տարի անց այդ օրերը հուզմունքով է հիշում: Պատմում է, որ 3 ամիս փակվել էր սենյակում ու ոչ մեկի հետ խոսելու ցանկություն չուներ: Միայն Լուսինեին բժշկի տանելուց էր դուրս գալիս ու հետո նորից փակվում իր «պատյանում»:
-Եվ ի՞նչն օգնեց Ձեզ, որ հաղթահարեցիք այդ փուլը՝ 3 ամիս սենյակում փակվելը:
-Ամուսինս է օգնել: Լուսինեն սկզբից էլ սիրված ու սպասված երեխա է եղել բոլորիս համար: Նաեւ իմ աղոթքներն առ Աստված օգնեցին ինձ: Հասկացա, որ Լուսինեն Աստծո պարգեւն է, իմ զավակն է, եւ իմ պարտականությունը պետք է պատշաճ ձեւով իրականացնեմ:
Կարինեն ծնվել, մեծացել է Հայաստանում: Մինչեւ ամուսնանալը տնտեսագետ էր աշխատում մասնավոր ընկերությունում:
2023 թ. սեպտեմբերին նրանք տեղափոխվել են Հայաստան: Հենց սեպտեմբերին Լուսինեն գնահատվել է տարածքային մանկավարժական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) կողմից, իսկ հոկտեմբերից նա սկսել է հաճախել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներից մեկը: Կարինեն խնդրում է մանկապարտեզի համարը չհրապարակել:
Լուսինեն մանկապարտեզում պետք է անցկացներ 1,5 ժամ, որից հետո Կարինեն տուն էր տանելու նրան: Առաջին օրը, սակայն, փորձություն էր երկուսի համար էլ: Երբ առավոտյան մտել էին խմբասենյակ, նրանց դիմավորել էր դայակը: «Նայեց երեխայի երեսին, ասաց՝ սա իմ ամբողջ էներգիան պիտի խմի: Երեխային «սա» ցուցական դերանվամբ դիմեց»,- հիշում է մայրը: Դայակը հետո հերքել է իր ասածը՝ Կարինեին ասելով, թե մեղք է գործում, ինքը նման բան չի ասել: Կարինեն պատասխանել է, որ երբեւէ սուտ վկայություն չի տվել:
Առաջին օրը մանկապարտեզում Լուսինեն ափսե է ջարդել: Կարինեն ասում է՝ նախապես զգուշացրել էր դաստիարակին ու դայակին, որ երեխան պլաստիկ սպասքից է օգտվում: Հիմա այլ է՝ թե՛ ապակյա, թե՛ հախճապակյա սպասք է օգտագործում:
«Ասացին՝ ափսեն կոտրվել է, գետինը ծակվել է: Ասացի՝ ո՞նց է ափսեից հատակը ծակվել: Ասացին՝ տենց չի լինի, մինչեւ ճաշը պիտի գաք տանեք Լուսինեին»,- հիշում է Կարինեն:
Բայց դա միայն սկիզբն է եղել: «Հետո Լուսինեն սկսեց սենյակում մենակ մնալուց վախենալ: Տնօրենին ասացի այդ մասին: Նա լավ կին է, որքան առնչվել եմ, ասաց՝ դա հնարավոր չէ, տեսախցիկներով հսկում է: Երեխան սենյակում մենակ մնալուց գոռում էր, ապակին ճանկռում կամ խփում: Ասացի՝ ի՞նչ է եղել Լուսինեին, նման բան չենք ունեցել, ինչու՞ հանկարծ սենյակում մենակ մնալու վախ առաջացավ: Խոհանոցի դուռը փակում էի, արդեն ցուրտ էր, մյուս կողմ էի գնում, սկսում էր գոռալ ու ապակուն խփել ձեռքերը: Ենթադրում եմ, որ նրան պետքարանի կողքի սենյակ են տարել, որպեսզի չխանգարի երեխաների ստեղծագործական պարապմունքներին, որտեղ մկրատ ու այլ պարագաներ կարող են լինել»,- պատմում է մայրն ու շարունակում, որ հոգեբանական դասընթացների է մասնակցել եւ հասկացել, որ երեխան հոգեբանական տրամվա ունի: Խաղերի միջոցով հազիվ կարողացել են ձերբազատվել դրանից:
Կարինեն ասում է, որ մանկապարտեզից վերցնելիս Լուսինեի բերանը միշտ չորացած էր լինում, ու չնայած ասում էին, թե ջուր տալիս են, այդպես չէր, քանի որ երբ տուն էին հասնում, երեխան անհագ ջուր էր խմում:
«Մի անգամ ուշացած գնացի: Մտա, տեսա երեխաները ճաշում են: Դայակը չէր կարողանում խոսել հետս, որովհետեւ ամբողջ բերանը հացով լցված էր: Իսկ դաստիարակը Լուսինեին, ինչպես կենդանու, առանձնացրել էր, որ սեղաններին ձեռք չտա: Շատ նեղվեցի, ասացի՝ սա մարդկություն չէ, գոնե մի կտոր հաց տվեք երեխային, կենդանու պես կողք եք պահել իմ բալիկին: Ասացի՝ ամբողջ մանկապարտեզը կերակուրի հոտ է ընկել, չի կարելի նման կերպ վարվել, թող մի փշրանք էլ թափվի, ինչի՞, մյուս բալիկները չե՞ն թափում»,- հիշում է Կարինեն:
Հաջորդ տհաճ իրավիճակը աշնան հանդեսի նախօրեին էր: Մայրը պատմում է՝ իրեն չէին ասել, որ հանդես է լինելու: «Դաստիարակն ասաց՝ կգաք Լուսինեին ժամը 11-ին վերցնեք, որովհետեւ մենք այսօր հանդես ունենք: Ասացի՝ Լուսինեն «մենքի» մեջ չի՞ մտնում: Զանգեցի դաստիարակների պատասխանատուին: Ասաց՝ լավ, թող Լուսինեն գա, ուղղակի դիտի, հետո տեսնենք՝ էդ հարցը ոնց ա լուծվելու:
-Իսկ ի՞նչ հարց նկատի ուներ:
-Լուսինեի հարցը, իբր հայոց հարցն է:
-Դա ի՞նչ էր ենթադրում:
-Այսինքն՝ հանդեսի ժամին տանը լիներ, ինքն էդ խմբին չի պատկանում:
Կարինեի հետեւողական հարցադրումներից հետո երեխան կարողացել է դահլիճում ներկա լինել որպես հանդիսատես: Բայց երբ հանդեսն ավարտվել է, Լուսինեն չի ընդգրկվել խմբակային լուսանկարում:
Հաջորդ հանդեսը Նոր տարվանն էր: Այդ անգամ Կարինեի պահանջով երեխան մասնակցել է: «Լուսինեն շատ ուրախ էր այդ օրը: Չարտասանեց, ոչինչ, իրենց պարերն իր ձեւով պարեց, բայց այնքան բարձր տրամադրությամբ էր»,- ասում է Կարինեն:
Ձմռանը Լուսինեն հիվանդացել էր: 23 օր պառկել է հիվանդանոցում, հետո որոշ ժամանակ տանն է մնացել, որպեսզի վարակներից զերծ մնա: Երբ վերադարձել էր մանկապարտեզ, պայմանավորվել էին տնօրենի հետ, որ երկրորդ հերթով է հաճախելու, բայց կրկին 1,5 ժամով:
«Մի օր Լուսինեին պիտի տանեի «Արեւներ»: Մտա մանկապարտեզ, դայակը Լուսինեի կեղտով տակդիրը ինձ տվեց, ասաց՝ Կարինե ջան, սա Լուսինեի կեղտն է, կտանեք թափեք, վատ հոտ է գալիս: Կներեք, բայց էդ ու՞մ կեղտից հոտ չի գալիս: Ասացի՝ եղավ, ձեն չհանեցի, տարա դրսում թափեցի: Տուն գնալուց չալարեցի, նորից գնացի մանկապարտեզ, ասացի՝ սա ի՞նչ է նշանակում: Ձեր հանդեպ իմ հասկացող լինելը, լավ վերաբերվելը, որ պահանջատեր չեմ, բավարարվում եմ էն ամենով, ինչ անում եք...,- նշում է Կարինեն, ապա շարունակում,- Լուսինեի քիթը մաքրում էին, բոբոները դնում գրպանում: Ասացի՝ ինչու՞ եք դնում գրպանը, դայակն ասաց՝ աղբամանը մոտս չէր: Տնօրենին ասացի այդ մասին, ասաց՝ դու տուն գնա, ես կխոսեմ»:
Մայրն ասում է, որ խմբի երեխաները լավ են վերաբերվել Լուսինեին, խնդիրը մեծահասակներն էին: Սակայն մի անգամ՝ այս տարվա մարտին, երբ Կարինեն մնացել էր դստեր մոտ, որ նա էլ մասնակցի ճաշին, նկատել էր երեխաների տրամադրվածությունը. «Այդ օրը ծաղրանք զգացի Լուսինեի հանդեպ: Երեխաներից մեկը հրում էր, մյուս ծիծաղում, իսկ դաստիարակն ու դայակը չէին խառնվում: Այդ օրը մանկապարտեզում Լուսինեի անցկացրած վերջին օրն էր»: Ամուսինը Կարինեին ասել է, որ այլեւս այդ մանկապարտեզ չտանի երեխային, եթե փոքրիկին լավ չեն վերաբերվում: «Իմ աղջիկը շատ թանկ մարդ է, որտեղ չեն կամենում, որ գնա, պիտի չգնա»,- ավելացնում է մայրը:
Դրանից հետո Կարինեն պետական ու մասնավոր այլ մանկապարտեզներ է սկսել փնտրել Լուսինեի համար, բայց բոլոր տեղերում ասել են, թե չեն կարող ընդունել՝ պատճառաբանելով, որ արդեն խնդրով երեխա ունեն կամ հատուկ մանկավարժ չունեն եւ նմանատիպ այլ պատճառներ:
Կարինեն ստիպված նամակով դիմել է Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով աջակցել Լուսինեի համար համապատասխան մանկապարտեզ գտնելու հարցում: «Լուսինեն ախտորոշված է Դաունի համախտանիշով, եւ մանկապարտեզների խմբերը համալրված են 30 փոքրիկով, 1 դայակով եւ 1 դաստիարակով ի վիճակի չեն կազմակերպել խմբի եւ Լուսինեի խնամքը (ուտել, արտաքնոց) պատշաճ կերպով»,- Տիգրան Ավինյանին գրել էր Կարինեն:
Քաղաքապետարանից, սակայն, 3 շաբաթ արձագանք չի եղել: Միայն մեր հարցազրույցի պայմանավորվածության նախորդ օրը Կարինեն զանգել էր այնտեղ՝ հետաքրքրվելով նամակի ընթացքից: Նրան ուղորդել են Արաբկիր վարչական շրջանի մեկ այլ մանկապարտեզ:
«Քաղաքապետարանի ցուցած մանկապարտեզում էլ ասացին՝ խնդիրներ կարող է լինեն, թող 1-1,5 ժամ մնա, ավելի ի վիճակի չեն, շատ-շատ մինչեւ քնելու ժամը: Ասացի՝ եթե Լուսինեն պիտի նորից խնդիրներ ունենա, ինչու՞ է քաղաքապետարանն ինձ ուղղորդել ձեր մանկապարտեզ: Տնօրենի խոսքերն են՝ եթե Լուսինեին խնամք տանենք, 29 հոգին պիտի տուժի, այսինքն՝ 29 հոգին պիտի խնամքի տակ լինեն, Լուսինեն տուժի: Ասաց՝ դե, մի հատ բերեք, տեսնենք: Ես էլ ասացի՝ մի հատ բերել-տեսնելով չէ: Ասաց՝ դաստիարակից ակնկալիք չունենաք, ասացի՝ ի՞նչ է դա նշանակում, ես նրա պատասխանատվության տակ եմ թողնում, պատասխանատու են իմ բալիկի համար, որ այնտեղ են գտնվում: Եվ ինչպես թողնելու եմ բալիկիս՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, այդպես էլ պահանջելու եմ»,- պատմում է մեր զրուցակիցը:
Նա ասում է՝ խնդիրը համակարգային է եւ պայմանավորված չէ մեկ դայակ ու դաստիարակով: Նախկինում հատուկ դպրոցներ կային, որոնք փակեցին, որպեսզի երեխաները ներգրավվեն հանրակրթական դպրոցներում, սակայն պարզվում է, որ համակարգը դեռ պատրաստ չէ դրան:
«Հիմա այդ անձը (նկատի ունի դայակին - հեղ.) չնայեց Լուսինեին, ձգտում չունեցավ: Մարդ կա, թեկուզ դժվարությամբ, բայց մի բան կանի: Ու երբ բալիկը իր ձեռքով սովորի ուտել, իր համար հաղթանակ կդառնա: Սա կապված չէ անձերի հետ, այո, այդ անձը չէր համապատսխանում իր հաստիքին: Եթե միասնական համակարգ են անում, թող օգնականներ կցվեն դաստիարակին ու դայակին, որ այդ բալիկների խնամքով զբաղվեն»,- առաջարկում է Կարինեն:
Մարդկային պատմությունները փաստաթղթաշրջանառությունից դուրս են
«Մեր իրականության մեջ կա մի էսպիսի փաստ, որ ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընտանիքի ծնողների հանդեպ անարդար մոտեցում կա, եւ շատ դեպքերում հենց դաստիարակը, մասնագետները, տնօրենը, ընդհանուր ուսումնական հաստատությունն այնպիսի ոչ պրոֆեսիոնալ պայմաններ են ստեղծում, որը դուրս է եւ՛ մարդկային, եւ՛ պրոֆեսիոնալիզմի դաշտից, որ ծնողը, գիտակցելով իր երեխայի լավագույն շահը, պարզապես նրան այլեւս մանկապարտեզ չի տանում: Այսինքն՝ չեմ վախենա ասել, բուլինգի են ենթարկում՝ ոչ համապատասխան պայմաններ առաջարկելով, բայց եթե մենք խոսում ենք ներառական կթրության մասին, ասում ենք՝ հավասար պայմաններ, այս դեպքում երեխան անուղղակի կերպով դուրս է մղվում ներառականության գաղափարախոսությունից: Բայց դա ոչ ոչ մի կերպ չի երեւում փաստաթղթաշրջանառության մեջ, որ դաստիարակն էդպես էր վարվում, դրա համար ծնողը երեխային այլեւս չտարավ մանկապարտեզ»,- ասում է մանկավարժական գիտությունների թեկնածու, ներառական կրթության փորձագետ, Սթենֆորդի համալսարանի հետազոտող Մելինե Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ մեր երկրում 20 տարուց ավելի խոսվում է ներառական կրթության մասին՝ որպես մարդու իրավունքի: Սակայն այդ ամենն ուղղակի մնում է թղթի վրա: Մեր երկրում ներառական կրթություն ասելով՝ հիմնականում հասկանում են հաշմանդամություն ունեցող երեխա՝ դուրս մղելով նրան, մինչդեռ «ներառական» բառը դրական, գրկող ու արժեւորող բառ է. «2014-ից մեր երկրում համընդհանուր ներառական կրթության քաղաքականությունը կա, որը շատ երկրներ չունեն, բայց միշտ ասում եմ՝ մեր Սահմանադրութունն էլ է կատարյալ, սակայն իրականացման ճանապարհն ուրիշ է»:
Խնդիրների ներկապնակը, ըստ փորձագետի, բազմազան է, եւ դրանց լուծումը տարբեր մոտեցումներ է պահանջում: «Եթե նախադպրոցական հաստատության օրինակը վերցնենք, նույնիսկ եթե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա չլինի, մեկ է՝ անհատական մոտեցում է պահանջում, բայց որքանո՞վ է անձնակազմը հասցնում: Առաջինը մասնագետների ներգրավումն է ու աշխատանքն ավելի հետաքրքիր դարձնելը: Իսկ այսօր մեր երկրում կրթության ոլորտի մասնագետների խնդիր ունենք»,- նշում է Մելինե Գրիգորյանը:
Առաջարկում է փորձագետը
Նախադպրոցականների համար ներառական կրթական քաղաքականությունը հիմնվում է անհատական ուսումնական պլանի վրա, ինչը նշանակում է մարդ-մարդ, մասնագետ-սան աշխատանք: Գրիգորյանը նկատում է, որ երբ երեխաների խումբը մեծացնում ենք, մասնագետն ուղղակի ֆիզիկապես չի կարող լիարժեք կատարել այդ աշխատանքը:
Նա առաջարկում է մանկապարտեզներում խմբերը փոքրացնել եւ մասնագետներ ավելացնել: Բայց այստեղ էլ խնդիր կա. մասնագետը պետք է համապատասխան որակավորում եւ փորձառություն ունենա՝ նախադպրոցական հաստատությունում աշխատելու համար, պետք է փորձաշրջան անցնի, այլ ոչ թե հարցաշարերով քննություն հանձնի ու անցնի աշխատանքի: Պետք է ուշադրություն դարձնել նաեւ մանկապարտեզների շենքային պայմաններին, որոնք պիտի լինեն դրական ու աջակցող:
«Միգուցե մեկն ասի՝ հիմա մանկապարտեզները վերանորոգվում են, բայց ինչքանո՞վ են այդ ճիշտ կետերին ուշադրություն դարձնում: Վերանորոգում են, պաշտոնական բացումն անում, սակայն որոշ ժամանակ անց տեսնում ենք, որ այնքան անորակ է վերանորոգվել, որ թղթի պես քանդվում է: Իսկ դա ուղիղ անդրադարձ է ունենալու մեր կրթության որակի եւ մատչելիության վրա»,- նշում է Մելինե Գրիգորյանը:
2020 թ. մայիսին ընդունվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը, որի 4-րդ հոդվածում ասվում է. «ՀՀ-ն հռչակում եւ երաշխավորում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը՝ որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, անվտանգ միջավայրի ստեղծման, կյանքի, առողջության պահպանման եւ ամրապնդման կարևոր երաշխիք»:
2022-2023 ուսումնական տարվանից նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությունը ներդրվել է Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերի ու Երեւանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Իսկ 2023-2024 ուսումնական տարում ներդրման գործընթացը շարունակվել է Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի եւ Արմավիրի մարզերում:
Լուսինեն այս ամենի մասին ոչինչ չգիտի, եւ դա նրա խնդիրը չէ: Նրա ցանկությունն է պարզապես մանկապարտեզ գնալ ու խաղալ ընկերների հետ: Կարինեն ասում է, որ վերջերս մի մանկապարտեզի կողքով անցնելիս դուստրը տեսել է զբոսանքի դուրս եկած երեխաների, վազել է նրանց կողմ, ապա նայել մորը: Կարինեն լաց է եղել այդ տեսարանից:
Առաջին նկարը ստեղծել է արհեստական բանականությունը
ՀԳ. Կարինեի խնդրանքով տեքստում փոփոխություններ են կատարվել։
Մեկնաբանել