«Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Ինեկոբանկ». շահույթով առաջատար բանկերը
Այս տարվա ինն ամիսներին (2024 հունվար-սեպտեբեր) Հայաստանի 18 բանկերը միասին շուրջ 268 մլրդ դրամի զուտ շահույթ են ստացել։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ բանկերի շահույթն աճել է մոտ 52 մլրդ դրամով կամ 25%-ով։
Այս մասին են վկայում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները։
Ամենամեծ շահույթը գրանցել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, որի շահույթը այս տարվա առաջին ինն ամսում կազմել է մոտ 83 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 45%-ով։
Ընդ որում՝ «Արդշինբանկի» շահույթը անհամեմատ ավելի մեծ է մյուսներից և էական տարբերությամբ գերազանցում է նույնիսկ երկրորդ տեղում գտնվող «Ամերիաբանկին»։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի շահույթը կազմել է մոտ 42 մլրդ դրամ՝ աճելով 21%-ով։
Շահույթի մեծությամբ հաջորդում է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն՝ 23 մլրդ դրամով և մոտ 19% աճով։
«Ակբա բանկ» ԲԲԸ-ն և «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ն ևս առաջին հնգյակում են իրենց շահույթով։
Ընդհանուր առմամբ՝ այս տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով բոլոր բանկերն են աշխատել շահույթով։ Մեծ մասի դեպքում շահույթը նախորդ տարվա համեմատ ավելացել է, միայն երեք դեպքում է անկում գրանցվել՝ «HSBC Հայաստան»-ի, «Արցախբանկի» ու «Բիբլոս բանկ»-ի։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանում գործող 18 բանկերը միասին 230 մլրդ դրամի զուտ շահույթ են ապահովել։ 2024-ի առաջին ինն ամսում, փաստորեն, բանկերն արդեն գերազանցել են նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը։
2022 թվականից հայաստանյան բանկերի շահույթի ցուցանիշներն աննախադեպ են։ Նշված տարվա փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները դարձան հայկական բանկերի ռեկորդային շահույթի շարժիչ ուժը: Բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայություններն ու արտարժութային գործառնություններից ստացված եկամուտները էական հոսքեր ապահովեցին բանկերի համար։
Ավելացել է բանկային համակարգի շահութաբերությունը։ Ընդունված է, որ շահութաբերությունը չափվում է ROE գործակցով՝ շահույթ/կապիտալ հարաբերակցությամբ։ Ըստ Հայաստանի բանկերի միության հաշվարկների՝
այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով Հայաստանի բանկային համակարգի ROE-ն կազմել է 21.9 %։ Համեմատության համար, մինչև 2022 թվականը՝ 10 տարվա ընթացքում (2012-2022), Հայաստանի բանկային համակարգի միջինացված տարեկան ROE-ն եղել է 7%։
Մեկնաբանել