Գյուղատնտեսական որոշ ապրանքների համար 2025-ին ներմուծման քանակ է սահմանվել
Կառավարությունը սակագնային քվոտա է սահմանում մի շարք գյուղատնտեսական ապրանքների համար։
Ի՞նչ է սակագնային քվոտան։ Այն գործիք է, որով պետությունը սահմանում է որոշ տեսակի ապրանքների ներմուծման կամ արտահանման չափը ԵԱՏՄ-ից դուրս երրորդ երկրից։
Այս տարի որոշ ապրանքների համար սահմանվել են հետևյալ առավելագույն չափաքանակները։
Խոշոր եղջերավոր անասունների միս՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած՝ 9․5 հազար տոննա, խոզի միս` թարմ, պաղեցրած կամ սառեցրած՝ 9․4 հազար, ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ 35,1 հազար, կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ 700 տոննա։
Անցած տարվա համեմատ շուրջ 500 տոննայով ավելացել է խոշոր եղջերավոր անասունների մսի համար նախատեսված քվոտան, խոզի մսինը նվազել է 2,5 հազար տոննայով, թռչնամիսը՝ 4000 տոննայով։
Սակագնային քվոտան սահմանվում է այն ապրանքների վրա, որոնք արտադրվում են ԵԱՏՄ տարածքում։ Սա արվում է տեղի արտադրողներին պաշտպանելու նպատակով։ Քվոտան սահմանվում է, հաշվի առնելով, թե ինչքան է կազմում արտադրությունը և սպառումը։ Այսինքն՝ թե ինչքանով է տվյալ ապրանքի հարցում երկիրը կամ կառույցը ինքնաբավ։
Խոզի և տավարի մսի ինքնաբավությունը մեր երկրում 2022-ի և 2023-ի համեմատությամբ աճել է ընդամենը մի տոկոսով։ Թռչնամսինը նույնն է մնացել։
Բայց տավարի մսի դեպքում 90,7% ինքնաբավության հասել ենք նաև սպառման նվազման հետևանքով։ Արտադրությունը մոտ 3 հազար տոննայով է նվազել, սպառումը՝ մոտ չորս։
Հավի մսի դեպքում թե՛ արտադրությունը, թե՛ սպառումը նվազել են չնչին տոկոսներով, խոզի մսի դեպում նույն սկզբունքով՝ աճել։
Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել