HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմենիա Էյրվեյզը» նոր ինքնաթիռ է ձեռք բերել, այս անգամ՝ բեռնատար

Հայկական «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ձեռք է բերել երրորդ ինքնաթիռը, որը, սակայն, դեռ չի գրանցվել Հայաստանում եւ չի մեկնարկել թռիչքները: 

Ներկա պահին փոխադրողը շահագործում է 2 հատ Boeing 737-300 տիպի ուղեւորատար ինքնաթիռ (ՀՀ գրանցումները՝ EK-73730 եւ EK-73740), որոնք ներգրավված են Երեւան-Թեհրան-Երեւան չվերթի իրականացմանը: Ձեռք բերված նոր օդանավը՝ Boeing 737-300SF-ը, սրանցից տարբերվում է նրանով, որ բեռնատար է: 

1998 թ. թողարկված բորտը նախկինում շահագործվել է Մալթայում, Իտալիայում, Նոր Զելանդիայում եւ Բահրեյնում (EK-73730-ն ու EK-73740-ն արտադրվել են 1995 թ.): Ընդ որում՝ օդանավը մինչեւ 2015 թ. եղել է մարդատար, սակայն հետո ձեւափոխվել է բեռնատար տարբերակի: 

Ինքնաթիռը, ինչպես տեղեկանում ենք planespotters.net-ից, Երեւան է տեղափոխվել հոկտեմբերի վերջին, իսկ մինչ այդ վերջին շահագործողը եղել է Բահրեյնի Texel Air բեռնափոխադրող ավիաընկերությունը: 

Վերջինս սոցցանցային գրառումով հրաժեշտ է տվել իր շարժակազմում «Սամանտա» անունը ստացած Boeing 737-300SF-ին, որն ընկերությանն ամենաերկար ծառայած օդանավն է՝ 2015-2024 թթ.: Ըստ գրառման՝ ինքնաթիռը Texel Air-ում սիրված է եղել նաեւ այն պատճառով, որ Սամանտան Texel Air-ի հիմնադիր Ջոն Չիսհոլմի (John Chisholm) դստեր անունն է: Պատահական չի եղել նաեւ ինքնաթիռի գրանցումը՝ A9C-APC, որտեղ APC-ն սեփականատիրոջ հոր անվան սկզբնատառերն են՝ Ադամ Պարկ Չիսհոլմ (Adam Park Chisholm):

Texel Air-ի տեղեկացմամբ՝ այս օդանավով իրենք տեղափոխել են ամենատարբեր տեսակի բեռ՝ ռոք խմբի համերգային շրջագայության սարքավորումներ, ձիեր, արագ փչացող ապրանքներ եւ անհաշվելի քանակի փոստային առաքանի ամբողջ աշխարհով մեկ: «Սամանտան» Բահրեյնը կապել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի ու Ավստրալասիայի հետ:

Սա եղել է Texel Air-ի վերջին Boeing 737-300 տիպի օդանավը, ինչից հետո այն անցել է բացառապես Boeing 737-700 եւ Boeing 737-800 տիպի բեռնատարների շահագործմանը: Ընդ որում՝ «Սամանտա» անունն էլ փոխանցվել է դրանցից մեկին: 

Նկատենք, որ ՀՀ օդանավերի ռեգիստրի տվյալները, ըստ Քաղավիացիայի կոմիտեի կայքի, վերջին անգամ թարմացվել են սեպտեմբերի 10-ին, եւ, բնականաբար, «Արմենիայի Էյրվեյզի» անվան դիմաց այս նոր ինքնաթիռն այդտեղ չի երեւում: Planespotters.net-ի տեղեկացմամբ՝ օդանավի սեփականատերը իռլանդական K2 Aviation Partners լիզինգային ընկերությունն է (նախկինում՝ Kahala Aviation Leasing):

Հիշեցնենք, որ «Արմենիա Էյրվեյզի» EK-73740 գրանցումով ինքնաթիռը եւս հետաքրքիր պատմություն ունի՝ նախկինում այն իբրեւ VIP բորտ ծառայել է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին, որը հիմա թագավոր է: 

Իսկ ահա EK-73730-ը հայկական քաղավիացիայում առաջին օդանավն է, որը ժամանակին անվանակոչվել է հայ զինվորի անունով: 2022-ի փետրվարին դրան տրվել էր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, շարքային Գրիգոր Ղազարյանի անունը, սակայն այն բանից հետո, երբ ինքնաթիռը 2023-2024 թթ. տեխսպասարկում անցավ արտերկրում եւ ամբողջությամբ սպիտակ ներկվեց, ջնջվեց նաեւ անունը: 

2013-ին հիմնադրված, սակայն միայն 2019-ից կոմերցիոն թռիչքները մեկնարկած «Արմենիա Էյրվեյզի» անմիջական սեփականատերն այսօր երեւանյան «Եվրո Էքսփրես» ՍՊԸ-ն է, որն իր հերթին պատկանում է ՀՀ քաղաքացի, ծագումով իրանցի Հորմոզ Գոլազիզի Դարբեռուդիին (51 %) եւ Ուզբեկստանի քաղաքացի Զերա Աբլյալիմովային (49 %), որը նաեւ ավիափոխադրողի տնօրենն է: Այդուհանդերձ, «Հետքի» տեղեկություններով, «Արմենիա Էյրվեյզի» իրական/վերջնական շահառու սեփականատերերը թղթերում չեն երեւում, սակայն նրանք եւս իրանցի են: 

Նկատենք նաեւ, որ այսօր հայկական քաղավիացիայում բեռնատար օդանավ շահագործում է միայն «Հայվեյզ» ավիաընկերությունը: Վերջինս մեր երկրում գրանցել է 1 հատ Boeing 737-400SF տիպի ինքնաթիռ (ՀՀ գրանցումը՝ EK-HAY), որը Երեւանից թռիչքներ է կատարում դեպի Մոսկվա ու Թբիլիսի:

Լուսանկարները՝ Texel Air-ի LinkedIn-ի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter