HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Փակվել է ոչ թե Բագրատյանի կնոջը «պատկանող» հանքը, այլ կնոջը «պատկանած» հանքը

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արձագանքել է Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետքի» հրապարկմանը։ 

Պատգամավորը «Հետքի» խմբագրություն է ուղարկել «Հերքում» խորագրով նամակ և խնդրել է հրապարակել։ Նամակում ասված է․ «Ի պատասխան Ձեր 13:36, 30 հոկտ. 2024 hetq.am-ում տեղադրված «Սերգեյ Բագրատյանի ավազի ապօրինի հանքը, վերջապես, փակվեց» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում եմ, որ ես, ընտանիքս, ինչպես նաև փոխկապակցված այլ անձինք վերջին ամիսներին իրավական որևէ կարգավիճակով չենք զբաղվել այն գործունեությամբ, որը նշված է Ձեր կայքէջում տեղ գտած հոդվածում: Այսուհետ, նմանատիպ հոդված տեղադրելու դեպքում ընթացք կտրվի օրենքով սահմանված կարգով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» օրենքի 24-րդ հոդվածով՝ խնդրում եմ հրապարակել վերոնշյալ հերքումը: Կանխավ շնորհակալ եմ»։

Ավազի ապօրինի հանքի փակման վերաբերյալ մեր հրապարկման առաջին պաբերությունում գրել ենք, որ իրավապահներից մեկ տարի պահանջվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջը պատկանող ավազի հանքը փակելու համար։ Ավազի ապօրինի արդյունահանումը «Հետքը» բացահայտել էր 2023 թ․-ի նոյեմբերին։

Հոդվածում «պատկանած» բառի փոխարեն գրել ենք «պատկանող», որը սխալ է։ Միևնույն ժամանակ, նույն հրապարակման և դրան նախորդած հրապարակումներում գրել ենք, թե երբ է պատգամավորի կինը դուրս եկել ավազի ապօրինի արդյունահանում իրականացրած ընկերությունից։ Հանքը շահագործած «Արարակ» ՍՊԸ-ն հիմադրել էր Բագրատյանի կինը՝ Նաիրա Ռաֆիկի Հակոբյանը, նա նաև ընկերության 100% բաժնետերն էր։ Ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետքի» հրապարակման հաջորդ օրը՝ 2023 թ․-ի նոյեմբերի 16-ին, Նաիրա Հակոբյանն իր բաժնեմասն ամբողջությամբ փոխանցել է Վրեժ Աշոտի Եղյանին։ Իրավաբանական անձանց ռեգիստրում այս փոփոխությունից հետո մինչ օրս որևէ  փոփոխություն չի կատարվել։ «Արարակ» ՍՊԸ-ն գրանցված է եղել և շարունակում է գրանցված մնալ նույն հասցեում՝ Սերգեյ Բագրատյանի տանը։ 

Վրեժ Եղյանը 2016-2017 թթ. Սերգեյ Բագրատյանին պատկանող «Եվրո օյլ» ՍՊԸ-ի տնօրենն է եղել։ Եղյանն ու Բագրատյանը մեկ այլ ընկերության՝ «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ի բաժնետերերն են՝ համապատասխանաբար 98% եւ 2 % բաժնեմասերով։ 

Հ․Գ․ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր հերքման պահանջը ներկայացրել է «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» օրենքի 24-րդ հոդվածի հիման վրա, մինչդեռ նշված օրենքը չի գործում։ Հուսանք, որ այս հրապարակումից հետո պատգամավորը կծանոթանա մեդիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կիմանա, որ հերքման պահանջի իրավունքը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter