Ինչով է զբաղվելու «Հայկական ազգային երաժշտական ակադեմիան»
Այս տարվա հոկտեմբերի 16-ին Dvin Music Hall-ում «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» հիմնադրամի գործունեության հանդիսավոր մեկնարկը տրվեց։ Ըստ տարածած հաղորդագրության՝ այն ստեղծվել է հայաստանյան երգարվեստում որակական փոփոխությունների ակնկալիքով։ Երաժշտական ակադեմիան ստեղծելու է նպաստավոր պայմաններ երգարվեստի համաշխարհային շուկա դուրս գալու և արդյունավետ համագործակցությունների համար:
Ըստ հիմնադիրների, այն նպաստելու է երաժշտական ճաշակի ձևավորմանը, խթանելու է արդիական և որակյալ երաժշտության ստեղծմանը, տարածմանը և հանրահռչակմանը: Հիմնադրամը զբաղվելու է երաժշտության ոլորտում հեղինակային ու հարակից իրավունքների հետ կապված հարցերի կարգավորմամբ՝ պաշտպանելով հայաստանյան երգարվեստի ներկայացուցիչների շահերը:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» հիմնադրամը գրանցվել է 2024թ.-ի հունվարի18-ին։
Հիմնադիրներն են՝ «IMUSIC»-ի երաժշտական հավելվածի հիմնադիր Լևոն Նաղաշյանը, «Շարմ հոլդինգի հիմնադիր, 2019թ.-ից Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Ռուբեն Ջաղինյանը և 2012-2017 թվականներին Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի հիմնադիր, 2021-2022թթ-ին ՀՀ նախագահի օգնական Վազգեն Պողոսյանը:
Ակադեմիան ունի հետևալ կառուցվածքը` ակադեմիայի անդամներ, խորհրդի անդամներ, խորհրդի նախագահ: Անդամակցության ժամկետը 2 տարի է։
Նորաստեղծ ակադեմիայի նորընտիր նախագահը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է:
Երաժշտական ակադեմիայի անդամների՝ ակադեմիկոսների կազմը դեռևս հրապարակված չէ։ Սակայն հիմնադրամի հանդիսավոր բացման հաղորդագրությունում նշված է երաժշտական ակադեմիայի ապագա մրցանակաբաշխության, այն անցկացնելու կոնկրետ վայրը և օրը։
«Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» հիմնադրամը անցկացնելու է «Խազեր» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը՝ «Խազ» մրցանակով։ Հայկական ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը կկայանա 2025թ․ մարտի 15-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում»:
Գլխավոր լուսանկարը kamoblog.tv կայքից
Լուսանկարում ձախից աջ՝ Լևոն Նաղաշյան, Ռուբեն Ջաղինյան, Արտակ Թովմասյան(«Դվին» հյուրանոցի սեփականատեր) և Վազգեն Պողոսյանը
Մեկնաբանել