HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

 Ոչ նյութական մշակութային 17 արժեք կգրանցվի

Կառավարությունը որոշել է լրացնել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը՝ 51-ից դարձնելով 68։

2010-ին ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով, որ առանձին արժեքներ գնալով մոռացվում են, որոշել էր ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման և պահպանության  կարգ սահմանել։

Առաջին ցանկում 24 արժեք էր ներառված։ Այն գլխավորում է ազգային էպոսը՝ «Սասնա ծռեր»-ը։ Ցանկում ընդգրկված են նաև յարխուշտան, քոչարին, խավիծը, լավաշը, «Կռունկ» երգը, Վարդավառը և մի շարք  ծիսական, պարային, երաժշտական ու այլ արժեքներ։

Տարբեր տարիների ցանկն ընդլայնվել է, 2016-ին ավելացրել են հայկական տառարվեստը, գորգարվեստը, մրգօղիների պատրաստումը և այլն։

2019-ին Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունն է ավելացվել։ Ավելի ուշ ցանկը համալրել են դուդուկը, քանոնը, թառը։ Վերջին ընդլայնմամբ ավելացել է ճախաթթուն, Գավառի գաթայի պատրաստման ավանդույթը և այլ արժենքեր։

Կառավարության որոշումներում մանրամասն ներկայացվում են այդ արժեքների տարածվածությունը, պատմությունը, ավանդազրույցներն ու այլ մանրամասներ։

Հիմա էլ նախատեսում են ցանկում ավելացնել հայկական մանրանկարչությունը, Արարատի և Կարնո բարբառները, քաղցր շարոցի պատրաստման ավանդույթը (ավելի հայտնի որպես ընկույզի սուջուխ), տոլմայի պատրաստման և կիրառման մշակույթը և այլն։

Ըստ կառավարության՝ սա կնպաստի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու հայտեր ներկայացնելուն։ Այն արժեքը, որը ՀՀ-ն կներկայացնի տվյալ միջազգային կառույցին, կարևոր  է, որ ընդգրկված լինի մեր երկրի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։

Մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվել է «Դուդուկն ու իր երաժշտությունը»՝ 2008 թ.-ին, «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը»` 2010 թ.-ին, ««Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները»՝ 2012 թ.-ին, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում»` 2014 թ.-ին, «Քոչարի. ավանդական խմբապար»-ը` 2017 թ.-ին, «Հայ տառարվեստը և նրա մշակութային արտահայտությունները»` 2019 թ.-ին եւ «Դարբնության ավանդույթը Գյումրիում»՝ 2023 թ.-ին։

Լուսանկարը՝ journalist.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter