Կազանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը
Կազանում, որտեղ ընթանում է «ԲՐԻԿՍ+»-ի գագաթնաժողովը, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Փաշինյանը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում:
«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություններից է: Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում:
Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ:
Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Մեկնաբանել