HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

ԱԺ-ն վավերացրեց Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, տեղի ունեցավ Ազգային Ժողովի 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի հերթական նիստը։ Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց հերթական նիստի օրակարգը, որից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին նրան։ Հարցերը հիմնականում վերաբերում էին օրակարգում ընդգրկված՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։

Հարցուպատասխանից հետո ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և հայտնեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի Կանոնակարգի քննարկմանը։ «Հաշվի առնելով այն փաստը, որ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով իրեն անց են կացնում Հայաստանի կառավարիչները և այն փաստը, որ Սահմանադրական դատարանը որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող ներառում է ներկայացրել՝ հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումներին արդարացում ծառայելու համար հետագայում։ Հենց այդ և մի շարք այլ պատճառներով «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել և չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը»,- ասաց Մամիջանյանը։

Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը չմասնակցելու մասին հայտնեց նաև «Հայաստան» խմբակցությունը։

60 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն հաստատեց հոկտեմբերի 22-ի նիստերի օրակարգի երկրորդ բաժինը, որում ընգրկված 16 հարցի թվում էր նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Օրակարգի հաստատումից հետո, ի նշան բողոքի, ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը և չմասնակցեց Կանոնակարգի քննարկմանը:

Քննարկման ժամանակ որպես հիմնական զեկուցող հանդես եկավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ներկայացրեց սահմանազատման հանձնաժողովների ստեղծման պատմությունը և արձանագրած արդյունքները։ Գրիգորյանը նաև ներկայացրեց հոկտեմբերի 21-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքները։

Որպես հարակից զեկուցող հանդես եկավ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և առաջարկեց կողմ քվեարկել կանոնակարգի վավերացմանը։

Այս հարցի քննարկումից հետ ԱԺ-ն անցավ օրակարգում ընդգրկված մյուս հարցերի քննարկմանը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներ ձևավորելու պայմանավորվածություն ձեռք էր բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին՝ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում, Սոչիում։ Հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում ասվում էր.

«Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։

Այս հայտարարության ընդունումից հետո տևական ժամանակ հանձնաժողովների ձևավորման մեկնարկը չէր տրվում։ 2022-ի ապրիլի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել էր սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կառուցվածքը։ Օրեր անց՝ ապրիլի 27-ին, հանձնաժողովների ձևավորման գործընթացում դրական տեղաշարժի մասին խոսեց նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ ասելով, որ նպաստավոր պայմաններ կան հանձնաժողովների ստեղծման համար։

Այս հայտարարություններից ավելի քան մեկ տարի անց՝ 2023 թվականի մայիսի 22-ին, Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ ստեղծվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները։

Երկու օր անց՝ մայիսի 24-ին, հանձնաժողովների ղեկավարներն առաջին անգամ հանդիպեցին։ Հանդիպումը տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին։

Հանձնաժողովների 8-րդ հանդիպման ժամանակ՝ 2024 թվականի ապրիլի 19-ին, Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը ստորագրեցին 6 կետից բաղկացած արձանագրություն։ Արձանագրության չորրորդ կետում ասվում էր, որ մինչև հուլիսի 1-ը հանձնաժողովները պիտի ավարտին հասցնեն համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները և մեկնարկեն դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն։

Կանոնակարգերի համաձայնեցման գործընթացն ավարտին հասավ միայն օգոստոսի 30-ին։ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ Երևանն ու Բաքուն ավարտել են ապրիլի 19-ին ստորագրված համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը։

Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում հավանություն տվեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին։ Ապա այն ուղարկվեց Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը հասկանալու համար։ Սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն կանոնակարգը ճանաչեց համապատասխան ՀՀ Սահմանադրությանը։

Հոկտեմբերի 21-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկեց և հավանություն տվեց Սահմանազատման կանոնակարգի վավերացման նախագծին։

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ն 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Լուսանկարում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter