Օգոստոսին Հայաստանից ԱՄԷ 202 մլն դոլար է արտահոսել
2024 թվականի օգոստոսին Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ է փոխանցվել մոտ 202 մլն ԱՄՆ դոլար։ Ըստ Կենտրոնական բանկի՝ սրանք բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձնանց դրամական փոխանցումներն են։
Հասկանալու համար թե ինչ մեծ ծավալի փոխանցման՝ այս դեպքում արտահոսքի մասին է խոսքը, նշենք, որ առնվազն վերջին տասը տարիներին Հայաստանից ԱՄԷ ոչ մի ամիս նման ծավալի գումար չի արտահոսել և ոչ էլ՝ ներհոսել։
Համեմատության համար՝ վերջին տասը տարում մինչ այս տարվա օգոստոսը Հայաստանից ԱՄԷ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ամենամեծ ցուցանիշը գրանցվել էր 2023-ի հոկտեմբերին՝ 87 մլն դոլար։
Կենտրոնական բանկը տվյալներ չի տրամադրում դրամական փոխանցումների աղբյուրների և նպատակաների մասին։ Թե ում են իրականում պատկանում Հայաստանից ԱՄԷ հոսող գումարները, որն է դրա աղբյուրը՝ ևս չի նշվում։
Սակայն, պատահական չէ, որ ԱՄԷ-ն Հայաստանից դրամական փոխանցումների աշխարհագրությունում «պատվավոր» տեղ է զբաղեցնում։ 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, երբ Հայաստանը դարձավ տարանցիկ երկիր նաև ՌԴ-ԱՄԷ ոսկու և ադամանդի առևտրի համար, զուգահեռ ակտիվացավ նաև դրամական փոխանցումների շուկան։
Թեև Կենտրոնական բանկից շեշտում են, որ ներկայացված վիճակագրության մեջ միայն ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են, և այստեղ ներառված չեն իրավաբանական անձինք, սակայն փաստ է, որ այս երկու գործոնները միմյանց փոխկապակցված են։
2024 թվականի առաջին ութ ամիսներին՝ հունվար-օգոստոսին, ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից ԱՄԷ են ուղարկել 595 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 86%-ով։ Նույն ընթացքում հակառակ ուղղությամբ՝ ԱՄԷ-ից Հայաստան է ուղարկվել ընդամենը 74 մլն դոլար, աճը՝ 43.5%:
Ավելի վաղ գրել ենք, որ 2022 թվականից աննախադեպ ծավալների են հասել Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները, ինչպես նաև՝ արտահոսքը Հայաստանից։
Ինչպես երևում է, 2024 թվականին, ի տարբերություն ԱՄԷ-ի, Ռուսաստանի գծով որոշակի անկում կա։ Հունվար-օգոստոսին Ռուսաստանից ներհոսքը կազմել է գրեթե 2.4 մլրդ դոլար՝ նվազելով մոտ 13%-ով։ Նույնքան նվազել է նաև արտահոսքը՝ կազմելով 401 մլն դոլար։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվար-օգոստոսին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 3.6 մլրդ դոլար։ Իսկ Հայաստանից արտերկիր է փոխանցվել 2.8 մլրդ դոլար։
Մեկնաբանել