HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ժողովրդագրության ռազմավարություն կունենա 2024-2040 թթ․ համար

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատվել է Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում։ 

Ռազմավարությամբ սահմանվում են առաջիկա տարիների ժողովրդագրական զարգացման գերակայությունները և դրանց հասնելու արդյունավետ ճանապարհը, որոնք բխում են ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից։ Ստորեւ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունը ռազմավարության մասին։

Փաստաթուղթն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և միտված նպաստելու մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը, տնտեսական կայուն և ներառական աճին: 

Ռազմավարությամբ սահմանված թիրախային ծրագրերն ու միջոցառումները նախատեսվում է իրականացնել  հետևյալ ուղղություններով՝

- ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը։ Այս ուղղությամբ նախատեսվող աշխատանքները միտված են ստեղծել այնպիսի միջավայր, որը նպաստում է ընտանիքի բարեկեցությանը և որտեղ յուրաքանչյուր նորածնի  աշխարհ գալը նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը։ Նախատեսվում է ներդնել նաև երեխայի նպատակային պլանավորմանն աջակցող խթաններ, ստեղծել մայրերի առողջության պահպանման բարելավված ծառայություններ՝ ստեղծելով կրթական և աշխատանքային ճկուն հնարավորություններ հղիության ու հետծննդաբերական շրջանում։

- մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում`  մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը։ Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում  նախատեսվում է ապահովել բնակչության զանգվածային սպորտային մասնակցությունը, խթանել  ակտիվ կյանքն ու սպորտը։ Միջոցառումները կներառեն նաև կրթական ծրագրերի աջակցություն, որը հնարավորություն կտա մարդկանց կայացնել իրենց առողջության և բարեկեցության վերաբերյալ իրազեկ որոշումներ:

- ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ։ Այս ուղղությամբ աշխատանքը կներառի բարելավված կանխարգելիչ առողջապահական ծառայություններ, որոնք հասցեագրում են համապատասխան մարտահրավերներն ու ռիսկերը՝ ապահովելով կրթության և վերապատրաստման հնարավորություններ ավագ սերնդի ներկայացուցիչների համար:

- էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում: Այս ուղղությամբ նախատեսվող աշխատանքները ներառում են՝ Միգրացիայի վերաբերյալ տվյալների հավաքագրման բարեփոխում, ՀՀ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԵԿՏ) հետ համակցման բարելավում, ներքին միգրացիային հետևելու, ինչպես նաև դրա հոսքերը հավասարակշռելու մեխանիզմների ներդրում և այլն։

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ․ գործընթացում ներգրավված են եղել համաշխարհային և առաջատար փորձագետներ, այդ թվում՝ Վիտգենշտայնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնից և Պրահայի Չարլզի համալսարանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter