HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզում երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսին վիրավորելու գործով կալանավորվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեում պարզվել են Արարատի մարզի բնակիչ եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, 2024թ. հոկտեմբերի 10-ին  ոստիկանության Մեղրիի բաժնից ստացվել է հաղորդում՝ Լիճք բնակավայրի տարածքից շտապօգնության ավտոմեքենայով «պոլիտրավմա» և «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա և 36-ամյա եղբայրների՝ բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ: 

«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, 2024թ. հոկտեմբերի 12-ին,  ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն է ստացվել զեկուցագիր այն մասին, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 41-ամյա տղամարդը 2024թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 21:50-ին, մահացել է: 

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրները հիշյալ վնասվածքներն ստացել են ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում։

Մասնավորապես, 2024թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Մեղրի համայնքի Լիճք բնակավայր տանող խաչմերուկի մոտ, ՀԲ,-ն, Գ Ա-ի և ինքնությունը դեռևս չպարզված ևս մեկ անձի հետ, գիտակցելով և լրացնելով մեկը մյուսի գործողությունները, իրենց պատկանող վառելիքով տարաները եղբայրների կողմից վերցնելու և Լիճք բնակավայրում գտնվող իրենց վարձակալած տան նկուղում պահելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, հեղյուս և մանեկ քանդելու համար նախատեսված մետաղական գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս մարմնի տարբեր հատվածներին:

Բացի այդ, հիշյալ հարցի և դրա շուրջ տեղի ունեցած վիճաբանության համար եղբայրներին պատժելու, նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով, 2024թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հիշյալ անձինք, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, փայտե մահակներով և մետաղական ձողերով բազմաթիվ հարվածներ են հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ նրանցից մեկի՝  41-ամյա տղամարդու կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝  պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ մյուսի՝ 36-ամյա տղամարդու  առողջությանը՝ միջին ծանրության վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՀԲ-ի, և ԳԱ-ին մեղադրանքներ են ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 167-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

Կատարվում են քննչական և վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած հնարավոր բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter