HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բրինձ` ցորենի փոխարեն. պարենային կախվածության տարօրինակ լուծումը

Ինֆոգրաֆիկայում ցորենի և բրնձի ներմուծումների ծավալներն են Հայաստանում, 2013-2023 թվականներին։ Այս երկու ապրանքները իրար կողքի՝ նույն գրաֆիկում չէինք ներկայացնի (համաձայնեք՝ դրանք անհամեմատելի են), եթե չլիներ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը՝ ցորենը բրնձով փոխարինելու։

«Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել։ Պիտի ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Պարզ օրինակ միայն՝ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի։ Ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ մի պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը՝ որպես ռազմավարական ապրանք»,- օրերս նման առաջարկություն է արել Արմեն Գրիգորյանը «Խաղաղության խաչմերուկ» թեմայով համաժողովին։ 

Թե ինչ վերլուծությունների ու հաշվարկների հիման վրա է Արմեն Գրիգորյանը նման հայտարարություն արել, դժվար է ասել։ Ավելին՝ առաջին հայացքից թվում է, թե ԱԽ քարտուղարը հումոր է անում։ Սակայն, նրա խոսքն ավելի երկար լսելիս համոզվում ենք, որ Արմեն Գրիգորյանը լուրջ է նման առաջարկ անում։ 

Հետևաբար, փորձեցինք լրջորեն համեմատել բրնձի ու ցորենի տվյալները։

Սակայն, ներմուծման ու արտադրության ցուցանիշների առաջին իսկ համադրումները կասկած չեն թողնում, որ բրինձն ու ցորենն անգամ համեմատելի չեն։ 

Այսպես, Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներով՝ 2023 թվականին Հայաստան է ներմուծվել 344 հազար տոննա ցորեն։ Նույն ընթացքում բրնձի ներմուծումը ընդամենը 10 հազար տոննա է եղել։  

Վերջին տասը տարիներին ցորենի ներմուծման ծավալները հիմնականում գերազանցել են 300 հազար տոննան, իսկ բրնձի ծավալները չեն գերազանցել 12 հազար տոննան։

Ցորենն, իսկապես, ռազավարական ապրանք է համարվում Հայաստանի համար։ Ի տարբերություն ցորենի՝ Հայաստանում բրնձի սպառումը շատ ավելի փոքր է։ Անգամ մի կողմ ենք դնում այն հարցը, որը ցորենը և բրինձը բոլորովին տարբեր կիրառություններ ունեն։  

Հայաստանը ցորենի որոշակի ինքնաբավություն ապահովում է սեփական արտադրության հաշվին, իսկ բրինձ, իհարկե, չի արտադրվում։ 

Հայաստանում ցորենի ինքնաբավության աստիճանը 27.9% է. պահանջարկի առյուծի բաժինը Ռուսաստանից ներկրվող ցորենով է բավարարվում

Ասելով՝ պիտի ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները, Արմեն Գրիգորյանը, ըստ էության, նկատի ունի Ռուսաստանին։ Հայաստանում սպառվող ցորենի 70%-ը, երբեմն՝ ավելին, մատակարարում է Ռուսաստանը, ինչը նշանակում է, որ ռազմավարական այս ապրանքի գծով Հայաստանը մեծ կախվածություն ունի նշված երկրից։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանում արտադրվել է 178 հազար տոննա ցորեն։ Նույն ընթացքում, ինչպես նշվեց, ներմուծվել է 344 հազար տոննա։ 

Ցորենի տարեկան սպառումը Հայաստանում գերազանցում է 500 հազար տոննան։ 

ՎԿ-ի հաշվարկներով՝ երկրում արտադրվող ցորենի հաշվին բավարարվում է ամբողջ պահանջարկի ընդամենը 27.9%-ը։ 

Ցորենի ինքնաբավության աստիճանը Հայաստանում 2017 թվականից կտրուկ իջել է։ 2005 թվականից սկսած (այդ թվականից է ներկայացվում ինքնաբավության աստիճանի վիճակագրությունը) ցորենի ինքնաբավության աստիճանն ամենաբարձրը եղել է 2016 թվականին՝ 53.2%: 

Այլ խոսքով՝ ռազմավարական այս կարևոր ապրանքի ինքնաբավության աստիճանը տարիների ընթացքում ոչ միայն չի ավելացել, այլև կտրուկ պակասել է։ 

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2023 թվականին Հայաստան ներմուծված 344 հազար տոննա ցորենը գրեթե ամբողջությամբ (ամբողջի 99.9%-ը) ներմուծվել է Ռուսաստանից: Ներմուծված ցորենի արժեքը կազմել է մոտ 63 մլն ԱՄՆ դոլար։

Թաիլանդը բրնձի գլխավոր մատակարարն է

Բրնձի ինքնաբավության աստիճանը Հայաստանում 0% է։ Եթե Արմեն Գրիգորյանն առաջարկում է ցորենը փոխարինել բրնձով, ստացվում է, որ մեկ ապրանքի գծով ավելի ենք մեծացնելու մեր կախվածությունը։ 

2023 թվականին Հայաստան է ներմուծվել 9882 տոննա բրինձ, որի արժեքը 8.1 մլն ԱՄՆ դոլար է եղել։  

Ներմուծված բրնձի քանակի 45%-ը Թաիլանդից է։ Մնացած մասը հիմնականում բաժին է ընկել Ռուսաստանին, Պակիստանին ու Հնդկաստանին։ 

Ի դեպ, փաստորեն բրնձի առումով ևս որոշակի կախվածություն ունենք Ռուսաստանից։ Միայն այս դեպքում շատ ավելի քիչ, քան ցորենի պարագայում։ 

Կիլոգրամը 122 դրամ ցորենը փոխարինել 985 դրամանոց բրնձով

Արժեքի առումով ևս ցորենն ու բրինձը համեմատելի չեն։ Վիճակագրական կոմիտեի հաշվարկներով 2023 թվականին Հայաստանում 1 կգ ցորենի մանրածախ միջին գինը կազմել է 122 դրամ։ Նույն ընթացքում բրնձի 1 կգ-ի մանրածախ միջին գինը 985 դրամ է կազմել։ 

Գլխավոր նկարը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter