
Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի այս խաղարկությանում երկրորդ անգամ պարտվեց Հս. Մակեդոնիային
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի 2024-25 թթ. խաղարկության չորրորդ տուրում 0:2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։
Առաջին խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ մեր ընտրանու տարածքային ու խաղային առավելությամբ։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մրցակցի դարպասի ուղղությամբ 8 հարված կատարեցին, իսկ Չանչարևիչի պաշտպանած դարպասին հարվածներ չեղան։ Այնուամենայնիվ, առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ խաղակեսը մեր հավաքականը բավականին ակտիվ սկսեց՝ ճնշում գործադրելով մրցակցի դարպասին։ Առաջին րոպեներին գոլային լավ պահեր ունեցան Արթուր Միրանյանն ու Լուկաս Սելարայանը, սակայն երկու դեպքում էլ հյուսիսմակեդոնացիներին փրկեց դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին։
Խաղի 72-րդ րոպեին Հս. Մակեդոնիայի հավաքականը հաշվի մեջ առաջ անցավ։ Գոլի հեղինակ դարձավ հարձակվող Բոյան Միովսկին։ 84-րդ րոպեին էլ մրցակցի առավելությունը կրկնապատկեց Իսնիկ Ալիմին։ Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին:
Հիշեցնենք՝ երկրորդ տուրում մեր ընտրանին հյուրընկալվելիս ևս 2։0 հաշվով պարտվել էր Հս. Մակեդոնիային։
4 խաղից հետո Հս. Մակեդոնիան C լիգայի 4-րդ խմբում 10 միավորով առաջին հորիզոնականում է։ Մեր ընտրանին այս պահին 4 միավորով երկրորդն է։ Նույն խմբում ընդգրկված Լատվիայի ու Ֆարերյան կղզիների միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց՝ Երևանի ժամանակով 22:45։ Անցկացրած 3 խաղերի արդյունքում Լատվիայի հավաքականը ունի 3, Ֆարերները՝ 2 միավոր:
Մեկնաբանել