
Այսօր՝ Հայաստան-Հս. Մակեդոնիա. վերջին 3 խաղերում հաղթել են մակեդոնացիները, բայց ռեւանշի առիթ կա
Այսօր՝ 20:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության Հայաստան-Հս. Մակեդոնիա հանդիպումը:
Թիմերն ընդգրկված են C լիգայի 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Լատվիան ու Ֆարերները: 3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է Հս. Մակեդոնիան, Հայաստանն ունի 4 միավոր, Լատվիան՝ 3, Ֆարերները՝ 2:
Ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 96-րդն է, իսկ Հս. Մակեդոնիան՝ 72-րդը:
Մեր հավաքականն իր պատմության մեջ ամենաշատը հանդիպել է հենց Հս. Մակեդոնիային: Մինչ օրս կայացել է 14 հանդիպում, որոնցից 13-ը՝ պաշտոնական: Հայաստանը տարել է 4 հաղթանակ, կրել 7 պարտություն, 3 անգամ գրանցվել է ոչ-ոքի, գոլերի տարբերությունը՝ 18-25՝ հօգուտ մակեդոնացիների։
Առաջին հանդիպումը եղել է «Եվրո-1996»-ի ընտրական փուլում՝ 1995-ի մայիսի 10-ին, Երեւանում, որում գրանցվեց 2-2: Մերոնցից գոլերի հեղինակ դարձան Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը: Սա պատմական հանդիպում էր, քանի որ պաշտոնական խաղերում առաջին անգամ Հայաստանի հավաքականը գոլեր խփեց: Ընդ որում՝ Սամվել Դարբինյանի սաները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեցին հաղթանակը, որը կարող էր դառնալ առաջինը պաշտոնական խաղերում: Այդուհանդերձ, այդ հաղթանակը իրականություն դարձավ նույն մակեդոնացիների հետ պատասխան խաղում, որը կայացավ 1995-ի սեպտեմբերի 6-ին Սկոպիեում: Կրկին Գրիգորյանի ու Շահգելդյանի գոլերի շնորհիվ մեր թիմը հաղթեց 2-1 հաշվով: Հետաքրքիր է, որ այս անգամ էլ մերոնք էին պարտվում 0-1, բայց կամային հաղթանակ տարան. այսպես Հայաստանի ընտրանու պատմության մեջ առաջին պաշտոնական հաղթանակը կայացավ արտագնա խաղում:
Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում հավաքականները նորից երկու հանդիպում անցկացրին: 2004-ի օգոստոսի 8-ին Սկոպիեում Հայաստանը պարտվեց 0-3 հաշվով: 2005-ի հունիսի 4-ին Երեւանում տեղի ունեցած պատասխան հանդիպմանը նորից հաղթեցին բալկանցիները՝ 2-1: Հյուրերի առաջատար Պանդեւի երկու գոլերին մեկ անգամ պատասխանեց մեր թիմի ծագող աստղ Էդգար Մանուչարյանը:
«Եվրո-2012»-ում, որը Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենահաջողվածներից էր, թիմերը 2010-ի սեպտեմբերի 7-ին հանդիպեցին Սկոպիեում: Յուրա Մովսիսյանի ու Էդգար Մանուչարյանի գոլերը, ցավոք, չօգնեցին Վարդան Մինասյանի թիմին հաղթանակ տանել: Խաղավարտին Արարատ Առաքելյանի ձեռքով խաղը սեփական տուգանայինում հանգեցրեց 11-մ հարվածի, եւ խաղն ավարտվեց 2-2: Այդուհանդերձ, այդ խաղը ցույց տվեց մեր ընտրանու մեծ ներուժը, որը ռեալիզացվեց հետագա մրցելույթներում: Հայ ֆուտբոլիստները 2011-ի հոկտեմբերի 7-ին Մարկոսի, Հենրիխ Մխիթարյանի, Գեւորգ Ղազարյանի ու Արթուր Սարկիսովի գոլերի շնորհիվ բալկանցիներին հաղթեցին 4-1 հաշվով:
Հերթական երկու հանդիպումները կայացան Ազգերի լիգայի անդրանիկ՝ 2018-2019 թթ. խաղարկության ժամանակ: 2018-ի սեպտեմբերի 9-ին Սկոպիեում տանտերերը հաղթեցին 2-0, սակայն նույն տարվա հոկտեմբերի 16-ին հայ ֆուտբոլիստները Երեւանում արժանի ռեւանշի հասան 4-0 հաշվով: Գոլերը խփեցին Մարկոսը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը:
Ազգերի լիգայի երկրորդ՝ 2020-2021 թթ. խաղարկության շրջանակներում 2020 թ․ սեպտեմբերի 5-ին մերոնք Սկոպիեում պարտվեցին 1-2 հաշվով։ Ընդ որում՝ բոլորը գոլերը խփվեցին 11-մ հարվածից։ Մերոնցից խաղավարտին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը։ Պատերազմի պատճառով պատասխան խաղը կայացավ չեզոք դաշտում՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, նոյեմբերի 18-ին։ Հովհաննես Համբարձումյանի միակ գոլը հաղթական էր։ Այդ հաղթանակի շնորհիվ մեր թիմն առաջին անգամ հաղթող դարձավ Ազգերի լիգայի խմբային փուլում, ինչը 2022-2023 թթ. խաղարկությունում նրան հնարավորություն տվեց խաղալ ավելի բարձր` B լիգայում։
Թիմերի միջեւ եւս երկու խաղ կայացավ աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: 2021-ի սեպտեմբերի 2-ին Սկոպիեում գրանցվեց 0-0, իսկ ահա նոյեմբերի 11-ին մերոնք Երեւանում խայտառակ պարտություն կրեցին 0-5 հաշվով:
Միակ ընկերական հանդիպումը թիմերի միջեւ կայացավ 2023 թ. հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում եւ ավարտվեց դաշտի տերերի 3-1 հաշվով հաղթանակով: Մերոնցից խաղավարտին հաշիվը կարողացավ թրջել Էդուարդ Սպերցյանը:
Վերջին խաղն էլ կայացել է Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության շրջանակներում մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 10-ին, Սկոպիեում եւ ավարտվել դաշտի տերերի 2-0 հաշվով հաղթանակով:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ազգերի լիգայի շրջանակներում մեր ընտրանին սեփական հարկի տակ հաղթել է մակեդոնացիներին, սակայն մյուս կողմից՝ թիմերի մրցակցության պատմության մեջ ամենախոշոր հաշիվը գրանցվել է հենց Երեւանում, երբ 2021-ին նոյեմբերին՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլում, հյուրերն առավելության հասան 5-0 հաշվով: Ավելին՝ վերջին 3 խաղերում մակեդոնացիները հաղթել են Հայաստանի ընտրանուն: Սակայն այսօր լավ առիթ կա ռեւանշի հասնելու:
Հայաստան- Հս. Մակեդոնիա հանդիպումն սպասարկելու է անգլիական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Ստյուարտ Աթվելը, մրցավարի օգնականներ՝ Ստյուարտ Բարթը եւ Ակիլ Հոուսոնը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Թոնի Հարինգթոնը: VAR-ի մրցավար է նշանակվել Քրիս Կավանան, VAR-ի մրցավարի օգնական՝ Շան Մեսսին:
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, կսկսվի մեր խմբի Ֆարերներ-Լատվիա մրցավեճը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել