
Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից Ֆարերյան կղզիների դեմ խաղում
Ազգերի լիգայի 2024/25 խաղարկության երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց Ֆարերյան կղզիների ընտրանու հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Տորսհավնի «Տորսվյոլուր» մարզադաշտում։
Ամբողջ հանդիպումն անցավ մեր ընտրանու տարածքային և խաղային առավելությամբ, թեպետ հանդիպման հաշիվը բացեցին դաշտի տերերը։ Ֆարերներից 37-րդ րոպեին աչքի ընկավ Յան Բենյամինսենը։ Այնուամենայնիվ, նրանց ուրախությունը այդքան էլ երկար չտևեց, քանի որ 44-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականին հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Լուկաս Սելարայանը։
Երկրորդ խաղակեսում մեր ընտրանու խաղացողները մեծացրին ճնշումը մրցակցի դարպասին և նրանք շատ ավելի մոտ էին հաշվի մեջ առաջ անցնելուն, գոլային լավ պահեր ունեցան Նաիր Թիկնիզյանը, Կամո Հովհաննիսյանն ու Էդգար Սևիկյանը։ Եվ չնայած մեր ընտրանու առավելությանը, 85-րդ րոպեին Ֆարերները կրկին առաջ անցան հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ Յոաննես Բյարտալիդը։ Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Հայաստանի ընտրանուն հաջողվեց խուսափել պարտությունից, գոլի հեղինակ դարձավ Գոռ Մանվելյանը։
Հայաստանի և Ֆարերների հետ նույն խմբում ընդգրկված Լատվիայի Հյուսիսային Մակեդոնիայի խաղում 3։0 հաշվով հաղթել էին բալկանները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայացած երկու խաղերից մեկում Հայաստանի հավաքականը Երևանում 4։1 հաշվով պարտության էր մատնել Լատվիային, իսկ մյուսում՝ 0։2 հաշվով արտագնա պարտվել Հս․ Մակեդոնիային։
Այսպիսով, կայացած երեք տուրերից հետո Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է C դիվիզիոնի 4-րդ խմբի երկրորդ հորիզոնականը։ Հս․ Մակեդոնիան 7 միավորով առաջինն է, Լատվիան 3 միավորով՝ երրորդը, իսկ Ֆարերները 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 13-ին և Երևանում կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել