HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դիանա Գասպարյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը դիմել է Վարչական դատարան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը՝ վարչական տույժ կիրառելու մասին, անվավեր ճանաչելու պահանջով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024թ․ հուլիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության 300 հազ․ դրամի չափով՝ շահերի բախմանն առնչվող գործողություններ կատարելու համար։

Դատարանում Դիանա Գասպարյանի շահերը պաշտպանում է Էդվարդ Ափոյանը։ Նա փաստաբան է, միևնույն ժամանակ Վաղարշապատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է ավագանու անդամ, այսինքն՝ Դիանա Գասպարյանի հետ ունի քաղաքական կապեր:

Էդվարդ Ափոյանից հետաքրքրվեցինք՝ Դ. Գասպարյանի շահերը դատարանում պաշտպանում է որպես ավագանու անդա՞մ, թե՞ փաստաբան, վերջինս նշեց՝ որպես փաստաբան։

Նշենք, որ «Փաստաբանության մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանն ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով:

Էդվարդ Ափոյանն ինքը պիտի դիմեր Փաստաբանների պալատ, որ կասեցվեին լիազորությունները, այնինչ ոչ միայն չի կասեցրել արտոնագրի գործողությունը, այլև պաշտպանում է թիմակցի շահերը՝ հանդես գալով որպես գործող փաստաբան: Է. Ափոյանը չհերքեց, որ արտոնագիրը չի կասեցվել: Մեր այդ հարցին պատասխանեց՝ «դեռ չի կասեցրել»:

Ինչ վերաբերում է Դ. Գասպարյանի կողմից դատարանում վիճարկվող որոշմանը, ապա վարչական պատասխանատվության հիմք է հանդիսացել «Հետքի»՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը։ Գրել էինք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:

Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը մոտ 1,2 հեկտար է, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:

«Նարե Պլյուս» ընկերությունը ստեղծվել է 2023թ. հուլիսի 17-ին: Ռուզաննա Ասատրյանը «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենն է: Վերջինս Դիանա Գասպարյանի սկեսուրն է, ամուսնու՝ Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը։

Գրել էինք, որ Վաղարշապատ համայնքի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել է աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վ. Տերյան փողոց, 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ շինություններ կառուցելու համար: Յուրաքանչյուր քառակուսի մետր հողամասի մեկնարկային գինը սահմանվել է տվյալ հողի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազ. դրամ (1 քմ՝ 5775 դրամ): Վաճառքն իրականացրել է համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը:

Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 19 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և Արամայիս Միրզոյանը: Վերջիններս ամուսնացել են 2023թ.-ին։

Այդ որոշմանը կողմ է քվեարկել նաև դատարանում Դիանա Գասպարյանի շահերը պաշտպանող փաստաբան, ավագանու անդամ Էդվարդ Ափոյանը։

Մեր հրապարակման հիմքով նախաձեռնվել է նաև քրեական վարույթ: Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Դ․ Գասպարյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Առաջին դատական նիստը նշանակվել է 2025թ․ մարտի 20-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter