HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի ստվերում. մեկ տարի անց՝ բենզինի պահեստի ողբերգական պայթյունի հետքերով (մաս 2)

Սիրանուշ Սարգսյան

սկիզբը

2023 թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից «Հայկազով» տեղանքում գտնվող զորամասի վառելիքի պահեստի պայթյունը խլեց 219 հոգու կյանք, 22-ն անհետ կորած են, վիրավորվել է ավելի քան 290 մարդ։

Դաժան ճակատագիր՝ բազում զոհողություններից հետո

Սիլվա Լալայանը գրեթե ամբողջ կյանքն ապրել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, բայց տարին մի քանի անգամ այցելում էր Մարտունու շրջանի հայրենի Մյուրիշեն գյուղ՝ եղբոր ընտանիքին տեսության։ Հորաքույր Սիլվային սպասում էին ոչ միայն Սաշա Սարգսյանի 5 երեխաները։ 

Սեպտեմբերի 26-ին Սիլվայի Հայաստան գալը պայմանավորված էր պայթյունի՝ իր ընտանիքի համար ողբերգական հետևանքներով։ Պայթյունից զոհվել է ոչ միայն եղբայրը՝ 52-ամյա Սաշան, այլև նրա կինը՝ 45-ամյա Լիանան։ Սաշան մահացել է անմիջապես, սակայն կինը դեռ ողջ էր։ Հարազատների հույսը, որ գոնե Լիանան կապրի, չարդարացավ։ Լիանան ինքն էր հիվանդանոցում անընդհատ կրկնում. «Սիրտս դանդաղ մեռնում է»։ 5 երեխաներից 4-ն անչափահաս են։ Հորաքույրն ստանձնել է նրանց խնամակալությունը։ 

Սիլվան շատ է դառնացած։ Եղբայրը մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։ Դեռ 16 տարեկանում՝ առաջին պատերազմի ժամանակ, կամավորական էր։ 2020 թ. պատերազմից հետո ընդգրկված էր աշխարհազորում՝ սահմանային բնակավայր դարձած Մյուրիշենն էր պաշտպանում։ 2023-ի սեպտեմբերի 19-ին տղամարդիկ գյուղի մատույցներն էին պաշտպանում, մինչ գյուղացիները դուրս էին գալիս։ 

«Գյուղացիներն անտառների միջով են փախել։ Կարծես, երկնքից կարկուտ էր թափվում,- սեպտեմբերի 19-ի հարձակման մասին եղբոր նկարագրածը փոխանցում է Սիլվան ու ինքն իրեն հարցնում,- ինչի՞ համար էին այսքան զոհողությունները, եթե այսպիսի ճակատագրի պիտի արժանանար»։

Որպես խնամակալ՝ նա եղբոր 5 երեխաներից երեք փոքրերին իր հետ տարել է Աշխաբադ։ Նրանցից Ալեքսը, որը երգում էր «Արցախի ձայներ» խմբում, հիմա Աշխաբադում քրոջ հետ շարունակում է երգել։ Սիլվան ցույց է տալիս Ալեքսի կատարումներն Արցախի մասին։ «Այդպես է նա առնում իր կարոտը կորցրած հայրենիքից ու ծնողներից ու օտարներին պատմում իր հայրենիքի մասին»,- թախիծով պատմում է հորաքույրը։ 

Սիլվան վրդովված է իր ընտանիքի նկատմամբ Հայաստանի կառավարության անտարբերությունից։ Տարբեր բարեգործական կազմակերպություններ աջակցել են ընտանիքին, անգամ տուն գնել Մասիս քաղաքում, վերանորոգել, կենցաղային տեխնիկա տրամադրել, բայց Կառավարությունից որևէ աջակցություն չեն ստացել։ Սիլվան ինքն է հոգացել եղբոր ու հարսի գերեզմանաքարերի տեղադրման ծախսը։ Հիմա այդ տանը ապրում են Սաշայի ու Լիանայի ավագ դուստրերը։ Նրանցից Էլենը չի ցանկանում Արցախը կորցնելուց հետո լքել Հայաստանը, որտեղ ծնողների գերեզմանն է: Այժմ նա լեզուներ է սովորում։ 

Սիլվայի համար ամենադժվարը Մյուրիշենից երբեք դուրս չեկած 83-ամյա մորն այդ վշտի մեջ տեսնելն է։ Հիմա նա տարվա կեսն ապրում է ավագ թոռնուհիների հետ Հայաստանում՝ որդու գերեզմանի մոտ, իսկ մյուս կեսը՝ Աշխաբադում՝ դստեր ու փոքր թոռների հետ։

Մի քանի օրում Անահիտը 6 հարազատի է կորցրել

25-ամյա Անահիտ Գրիգորյանը Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից է։ Ադրբեջանի վերջին հարձակման ու սեպտեմբերի 25-ի պայթյունի ժամանակ կորցրել է հարազատներից շատերին։ Սեպտեմբերի 19-ին՝ գյուղի պաշտպանության ժամանակ, զոհվել են նրա եղբայրը, հորեղբայրը, քրոջ ամուսինը, ամուսնու պապը (գյուղը պաշտպանելիս ընդհանուր առմամբ զոհվել է 10 սարուշենցի, ևս 2-ը՝ Մարտակերտի շրջանում), իսկ սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով Անահիտը կորցրել է ամուսնուն ու տեգորը։ 

Շրջափակման ընթացքում Սարուշենն ադրբեջանցիների կողմից ամենաշատ թիրախավորված բնակավայրն էր։ Ամենօրյա ռեժիմով կրակում էին դաշտերում աշխատող գյուղացիների վրա, շատ դեպքերում՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ։ 

Անահիտն աշխատում էր գյուղի մանկապարտեզում։ Չնայած դժվարություններին՝ փորձում էին թեկուզ կես օրով երեխաներին զբաղեցնել։ Սեպտեմբերի 19-ին, մինչ գյուղի տղամարդիկ կռիվ էին տալիս Սարուշենի մատույցներ հասած ադրբեջանցիների դեմ, Անահիտը որդու և մյուս գյուղացիների հետ, երեք տղամարդկանց ուղեկցությամբ, փորձում էր այլընտրանքային ճանապարհով, անտառների միջով հասնել Ստեփանակերտ։ Հիմնական ճանապարհն արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր։ Որպեսզի չնկատվեն թշնամու կողմից, անտառում սպասել են մի քանի ժամ։ Նրանց հետ նաև ծերեր ու հաշմանդամներ կային։ Ամենափոքրը 2 ամսական էր, որին կերակրելու համար մայրը վախենում էր անգամ լապտերը միացնել, որպեսզի հանկարծ չնկատվեն թշնամու կողմից:

Այդ ընթացքում Անահիտի հորեղբայրը՝ Անդրեյ Իսրայելյանը, փորձում էր Անահիտի եղբորը՝ Արտակին, որը վիրավորվել էր գյուղի պաշտպանության ժամանակ, տանել հիվանդանոց։ Ճանապարհին ադրբեջանցիները երկուսին էլ սպանել են։ 

Քանի որ գյուղից անտառների միջով ոտքով են հեռացել, իրենց մեքենան թողել էին գյուղում։ Իմանալով, որ դեպի Հայաստան բռնագաղթի ճանապարհը մի քանի օր է տևելու՝ Անահիտի ամուսինը՝ 25-ամյա Գենադի Գրիգորյանը, որոշել էր վառելիք գտնել՝ բարեկամի մեքենայով ընտանիքին տարհանելու համար։ Նա «Հայկազովի» վառելիքի պահեստ է գնացել եղբոր՝ Արենի հետ։ 15-ամյա Արենն ինքն էր ցանկացել ուղեկցել եղբորը՝ ասելով, թե ինքն էլ տան տղամարդկանցից մեկն է։ 

Պայթյունից հետո Արենը ողջ էր մնացել, անգամ հիվանդանոցից զանգել էր ու խոսել հարազատների հետ, բայց ընդամենը մեկ օր է ապրել։ Անահիտի սկեսուրը և սկեսրայրը Ստեփանակերտում շարունակել են փնտրել Գենադիին, իսկ Անահիտը երեխայի հետ եկել է Երևան՝ ամուսնուն վիրավորների մեջ փնտրելու։ Միայն 40 օր հետո է հաստատվել Գենադիի ու նրա պապի մահը։ Վերջինս սպանվել է ճանապարհին, երբ փորձել է հասնել անտառում գտնվող համագյուղացիներին: 

Այժմ Անահիտը որդու և ամուսնու ծնողների հետ ապրում է Օշականում։ Նա կամավորություն է անում «Հայորդի» բարեգործական կազմակերպությունում, որտեղ աշխատում են պատերազմի ու պայթյունի զոհերի մանկահասակ երեխաների հետ։ «Միակ տեղն է, որտեղ ես շարունակում եմ ապրել։ Նայում ես երեխաների աչքերին ու չես կարող թույլ լինել։ Անգամ երգում ու պարում եմ, որ նրանք էլ ուրախանան»,- ասում է Անահիտը։ 

Իրականում աշխատանքը գերլարված է, հաճախ երեխաները մոտենում են ու հարցնում իրենց զոհված հայրերի մասին, ինչպես Անահիտի որդին է հարցնում։ «Ես հիմա ապրում եմ երեխայիս ու ողջ մնացած հարազատներիս համար։ Ամուսնուս ծնողները միանգամից երկու երեխա են կորցրել։ Ես փորձում եմ ուղղակի թեթևացնել նրանց վիշտը»,- բացատրում է այրիացած կինը։ 

Անահիտի ընտանիքը նույնպես, որպես պայթյունից տուժածի իրավահաջորդ, պետությունից աջակցություն չի ստացել։ Այլ տուժածների հարազատների հետ նրանք դիմել են տարբեր կառույցների, որպեսզի պայթյունից զոհվածների ընտանիքներին կարգավիճակ տրամադրվի, սակայն բոլոր դիմումները մերժվել են։ 

Նա չի հավատում, որ վառելիքի պահեստի պայթյունի մեղավորները երբևէ կպատժվեն։ «Ես չեմ մեղադրում սովորական մարդկանց, որոնք ամեն ինչի պատրաստ էին՝ իրենց ընտանիքները փրկելու համար»,- ասում է Անահիտը։ Փոխարենը մեղադրում է պատասխանատու պաշտոնյաներին, որոնք չեն կարողացել պատշաճ կազմակերպել վառելիքի հավասար բաշխումը. «Պատերազմական գործողություններում գոնե հայրենիքը պաշտպանելիս են զոհվել, ինչպես եղբայրս, բայց ամուսնուս ու 200-ից ավել զոհերի մահը ոչ մի կերպ չեմ կարող ընկալել»:

Անհետ կորածների հարազատներն ապրում են չմարող հույսով

Վառելիքի պահեստի պայթյունից մեկ տարի անց Երևանի Հերացու դիահերձարանում (ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոն) 3 չնույնականացված դիակ կա։ Եվս 22 մարդու ճակատագիր անհայտ է։

Project-10.jpg (195 KB)

Տարիքային խումբը որոշելիս հաշվարկն արվել է անհետ կորելու օրվա՝ 2023 թ. սեպտեմբերի 25-ի և ծննդյան օրվա հիմքով

Անհետ կորածների հարազատները մեկ տարի շարունակ դիմում են Արցախի ու Հայաստանի իշխանություններին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ պահանջելով քայլեր ձեռնարկել՝ իրենց հարազատների ճակատագիրը պարզելու համար։

Նրանցից շատերը ապրում են չմարող հույսով, որ իրենց հարազատները թեկուզ ամենադժվար պայմաններում՝ ադրբեջանական գերության մեջ են։ Ոմանք էլ, պատկերացնելով, թե ինչ ծանր կարող է լինել դա, մտածում են, որ իրենց հարազատները չկան։ Բոլորն ակնկալում են պայթյունի վայր վերադառնալու հնարավորություն՝ թեկուզ իրենց ազգականի մասունքները գտնելու հույսով։

Երկու որդիների սպասումով

Պայթյունից մեկ տարի անց Պետրոսյան եղբայրների՝ Զավենի (ծնվ. 1996 թ.) ու Վլադիսլավի (ծնվ. 1997 թ.) ճակատագրերն անհայտ են։ Բավական երկար ժամանակ ընտանիքը հրաժարվում էր ԴՆԹ հանձնել՝ վստահ լինելով, որ նրանք ողջ են։ «Չէի համաձայնում ԴՆԹ հանձնել, քանի որ սիրտս գուշակում է, որ նրանք ողջ են։ Ամեն գիշեր երազիս գալիս են։ Երբ գրկում եմ, երազում զգում եմ անգամ ծխի հոտը»,- ասում է մայրը՝ Սաթենիկ Պետրոսյանը։ Ամեն դեպքում, անսալով խնդրով զբաղվող պաշտոնյաների ու ծանոթների հորդորներին, Պետրոսյանները նույնպես ԴՆԹ են հանձնել։ Սակայն դրանից մեկ ամիս անց ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացել են, որ համընկնում չի եղել: Ու այժմ Սաթենիկի ընտանիքը ավելի մեծ սպասումով և հույսով է ապրում՝ խորապես հավատալով, որ որդիները կվերադառնան։ 

Պետրոսյանները Հադրութից են։ 2020 թ. բռնի տեղահանությունից հետո Սաթենիկն ամուսնու ու դստեր հետ մնացել էր Երևանում, իսկ Զավենն ու Վլադիսլավը վերադարձել էին Արցախ ու շարունակել զինվորական ծառայությունը։ «Մենք գյուղում ենք ապրել, դժվար էր հարմարվել Երևանում։ Ամուսինս աշխատանք գտավ, ու մնացինք այստեղ, բայց որդիներս չդիմացան ու վերադարձան Արցախ»,- պատմում է Սաթենիկը։

44-օրյա պատերազմում Զավենն ու Վլադիսլավը վիրավորվել են, բայց բուժվելուց հետո վերադարձել են ծառայության։ 2023 թ. սեպտեմբերի 19-ին երկուսն էլ դիրքերում էին, կապ չկար, ծնողները նորություն չունեին որդիներից։

Մայրը վերջին անգամ նրանց հետ խոսել է սեպտեմբերի 24-ին։ Ասել են, որ զինվորական հագուստն են լվանում ու պատրաստվում դեպի Հայաստան ճանապարհին։ Որդիներն ուզում էին իրենց հետ բերել զենքերը, բայց մայրը համոզում էր, որ չանեն, վախենում էր, որ ադրբեջանցիները ճանապարհին կբռնեն։ 

Վլադիսլավն ու Զավենը մեքենա չեն ունեցել և վառելիք էին փնտրում, մեկը՝ ընկերոջ, մյուսը՝ բարեկամի մեքենայի համար։ Նրանց հետ էլ պիտի դուրս գային Արցախից։ 

Ընտանիքը կարծում է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում՝ իրենց որդիներին գտնելու համար։ 

Անհետ կորածների ծնողներն առանձին խումբ են ստեղծել և փորձում են դիմել տարբեր կառույցների ու անհատների՝ որևէ տեղեկության հույսով։ 

Սաթենիկի պատմելով՝ չնայած Սիսիանից մինչև Երևան բոլոր հիվանդանոցներում, դիահերձարաններում փնտրել են որդիներին, վստահ են, որ նրանք ողջ են. անգամ ԴՆԹ հնարավոր համընկնումը չի համոզի։ 

«Թեկուզ եթե ասեն, որ համապատասխանում է, մասունքները տանելու ենք արտասահման՝ կրկին ստուգելու։ Մենք հավատում ենք, որ մեր որդիները ողջ են, պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն նրանց գտնելու համար,- ասում է մայրն ու շարունակում,- որտե՞ղ էին մեր իշխանությունները, ինչո՞ւ չեն տվել բենզինը հավասար, որպեսզի բոլորը կարողանան դուրս գան։ Անգամ աջակցություն չեմ ակնկալում, ինձ իմ որդիներն են պետք»։

Ընտանիքը դիմել է նաև Կարմիր խաչին, որ որդիներին փնտրեն Ադրբեջանի բանտերում։

Անհետ կորածների հարազատները հակված են հավատալ ցանկացած ասեկոսեի, որն ինչ-որ ձևով կմեծացնի իրենց հարազատների փրկվելու հույսը։ Պետրոսյանների ձեռքի տակ անգամ ձայնագրություն է հայտնվել, որտեղ մի տղամարդ Արցախի բարբառով մեկ այլ անձի պատմում է, թե Վադյո անունով մի երիտասարդ (հարազատները ենթադրում են, որ խոսքը Վլադիսլավի մասին է) զանգել է ու հայտնել, որ Ստեփանակերտում է ապրել, ու հիմա իրենց՝ շուրջ 30 գերիների, աշխատեցնում են Աղդամում, իր փորը վնասվել է, բայց արդեն լավ է։ Ըստ պատմողի՝ երիտասարդն ասել է, որ իրենց խոստացել են, թե բաց են թողնելու, բայց ժամկետ չեն հայտնել։

Սաթենիկ Պետրոսյանը ցույց է տալիս «Ֆեյսբուք» սոցցանցի արցախյան խմբերից մեկում արված մի գրառում, որ իր որդիները ողջ են, կոմայից դուրս են եկել և փնտրում են հարազատներին (գրառման մեջ Վլադիսլավի փոխարեն նշված է Վյաչեսլավ): Պետրոսյանները փորձել են մանրամասներ պարզել գրառումն արած օգտատիրոջից, սակայն որևէ արձագանք չեն ստացել: 

Ընտանիքը փորձել է նաև Ռուսաստանում բնակվող բարեկամների միջոցով մարդ գտնել ու վճարել, որպեսզի գնա Ադրբեջան ու փնտրի Զավենին ու Վլադիսլավին, բայց չի ստացվել։ 

Հայրը նույնիսկ այրվածք չի ստացել, իսկ որդին անհետացել է

Վառելիքի պահեստի պայթյունից հետո անհայտ ճակատագիր ունեցողներից մեկն էլ հատուկջոկատային Կարեն Բաղյանն է (ծնվ. 1998 թ.)։ 2020 թ. պատերազմից հետո ընտանիքը Հադրութից տեղահանվել ու ապրում էր Ստեփանակերտում։ Չնայած տնից զրկվելուն՝ նրանք Հադրութ վերադառնալու հույսը չէին կորցնում։

Սեպտեմբերի 25-ին Կարենը վառելիքի պահեստ է գնացել հոր՝ Լևոն Բաղյանի հետ։ Հայրը պատմում է, որ պայթյունի օրը գրեթե երեք ժամ իրենց հերթին էին սպասում և իրարից ընդամենը 2 մետր հեռավորության վրա էին կանգնած։

Նա նկարագրում է, թե ինչ իրավիճակ էր մինչև պայթյունը․ հազարից ավելի մարդ դույլերով, շշերով, տարբեր տարաներով սպասում էին իրենց հերթին։ Լևոնը որդու հետ պահեստի վերևում էր, որտեղից տարբեր խողովակներով հանում էին բենզինը։ Միաժամանակ մարդիկ մտնում էին պահեստի մեջ ու ծորակներից հանում բենզինը։ Ամեն մեկն իր համար էր հանում։ 

Պայթյունից մի քանի վայրկյան առաջ Կարենի հերթն էր հասել։ Արդեն պայմանավորվում էին, որ վերցնեն ու դուրս գան պահեստից։ Դա հոր և որդու վերջին խոսակցությունն էր։ Պայթյունից հետո Լևոն Բաղյանը հայտնվել է պահեստի փոսի մեջ, քանի որ պանելները գրեթե ամբողջությամբ փլվել էին։ «Երբ ուշքի եկա, կարծես շանթ ու կրակ էր թափվում։ Ամենուր այրվող մարդիկ էին, իսկ որդիս չկար»,- ասում է նա։ Երկաթներից մի կերպ բռնվելով՝ նա դուրս է եկել ու սկսել փնտրել Կարենին։

Բոլորը փնտրում էին իրենց հարազատներին ու նրանց անուններն էին կանչում։ 

Լևոնը չի հասկանում՝ ինչպես է, որ ինքն այրվածք չի ստացել, իսկ որդին անհետացել է։ 

Հայրն այնուհետև որդուն փնտրել է Ստեփանակերտի հիվանդանոցներում, դիահերձարանում, տեղահանությունից հետո՝ Հայաստանի հիվանդանոցներում ու դիահերձարաններում։ Ընտանիքը նաև ԴՆԹ է հանձնել, բայց այդպես էլ նույնականացում չի եղել։ 

Մեկ տարի անց Լևոնը դեռ հավատում է, որ որդին ողջ է։ Ըստ նրա՝ որդու սիրած աղջիկը պայթյունից հետո զանգ է ստացել Կարենից, որն ասել է, թե գտնվում է Շուշիում։ Աղջիկը հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում, սակայն նրա խոսքերը չեն հաստատվել. հեռախոսում համապատասխան զանգ չի հայտնաբերվել։ Բաղյանները հիմա վարձով ապրում են Արզնի գյուղում ու մինչ օրս որևէ աջակցություն չեն ստացել պետությունից։

Վիզուալ պատկերն ու առաջին նկարի ձևավորումը՝ Արեն Նազարյանի
Մենթոր՝ Վահե Սարուխանյան

Շարունակելի

Մեկնաբանություններ (1)

Նորիկ
Ինձ թվում էր, որ այսքան փորձություններից հետո մենք պետք է ԽԵԼՔԻ գայինք, բայց ափսոս...........եղածն էլ կորցրեցինք։ 😭😭😭

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter