
Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանին: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, ինչին և ուղղված է եղել պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ կողմից ներկայացված վերջին առաջարկը։
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման ՀՀ տեսլականը հիմնված է տարածքային ամբողջականության անվերապահ հարգման, սահմանների անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև տնտեսական փոխկապակցվածությանը միտված նախաձեռնությունների վրա։
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
Մեկնաբանել