HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում 2 հոգով առևանգել են կնոջ և բռնության ենթարկել․ մեկ անձ կալանավորվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել

Երևան քաղաքի բնակչուհու կողմից ներկայացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են վերջինիս առևանգման և նրան բռնության ենթարկելու դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր ծանոթ են եղել տուժողին։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, վարույթի շրջանակներում կատարված քննչական, դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 35-ամյա Մ Ա-ն 2024թ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, իր մտերիմ Ա Պ-ի հետ վերջինիս կողմից շահագործվող «Տոյոտա Քեմրի» մակնիշի տրանսպորտային միջոցով գնացել են տուժող կնոջ՝ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում գտնվող շենքի բակ և ավտոմեքենայում սպասել նրան։ Այն բանից հետո, երբ վերջինս տաքսիով շենքի բակ մտնելուց հետո դուրս է եկել ավտոմեքենայից, ՄԱ-ն, նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ մազերից քաշելով, և քարշ տալով, տուժողին նստեցրել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան։ Ապա ՄԱ-ն վարորդ Ա Պ-ին հրահանգել է վարել ավտոմեքենան նշված վայրից, ինչը վերջինս կատարել է։ Տուժողին բռնությամբ ավտոմեքենան նստեցնելուց հետո Մ Ա-ն շարունակել է վերջինիս նկատմամբ ֆիզիկական ներգործության կիրառումը, մասնավորապես՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխի և մեջքի հատվածներին, նստել է ոտքերին, ձեռքերով սեղմել պարանոցը։ Որոշ տարածք անցնելուց հետո ավտոմեքենան կանգ է առել և տուժողը, բացելով և իրեն նետելով ավտոմեքենայից, փորձել է փախուստի դիմել։ Սակայն  ՄԱ-ն ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, գետնին ընկած վիճակում քարշ տվել դեպի ավտոմեքնայի հետևի աջ հատվածը, փորձել կրկին մտցնել ավտոմեքենայի սրահ՝ ևս 2 անգամ ձեռքով հարվածելով նրա ծոծրակային հատվածին: Այդուհանդերձ, տուժողին հաջողվել է փախչել և պատսպարվել մոտակա առանձնատներից մեկում և զանգահարել է Ոստիկանություն։ 

Տուժողի ստացած մարմնական վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստները, որոնց զննությամբ հայտնաբերվել են աղտոտվածության հետքեր, պատռվածքներ։ Վերցվել և զննության է ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունը։ Հարցաքննվել են անձինք։ 

Կատարված գործողությունների արդյունքում սեպտեմբերի 18-ին 35-ամյա ՄԱ-ն հայտնաբերվել է, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և ձերբակալվել։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։  Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ ՄԱ-ն անձնական թշնամանքի շարժառիթով, հոգեկան ներգործություն գործադրելու դիտավորությամբ, 2024թ հունվարի 22-ից հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, ԱՀ-ին պարբերաբար սպառնացել է սպանել և առողջությունը վնասել: Այնուհետև՝ 2024թ հունվարի 25-ին, անձնական թշնամանքի շարժառիթով, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, փորձել է հրկիզել մեկ այլ անձի ավտոմեքենան, որի արդյունքում այդ անձին՝ ԱՀ-ին, պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս: Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի հրկիզման դեպքի վերաբերյալ՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալ ՄԱ-ի նկատմամբ կիրառված է եղել այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն։

Վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՄԱ-ի հետ խմբի կազմում գործած, «Տոյոտա Քեմրի» մակնիշի տրանսպորտային միջոցը վարած Ա Պ-ի նկատմամբ։ Քննիչի կողմից կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter