
Ֆրանսիան նոր կառավարություն ունի. դրա կազմում կա 2 հայ
Մի քանի շաբաթ տևած լարված խորհրդակցություններից հետո հաստատվել և հայտարարվել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը: Նախարարների ցուցակը հրապարակել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսի Կոլերը։ Դրա կազմում կա ազգությամբ 2 հայ։
Արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Եվրոպայի հարցերով նախկին նախարար-պատվիրակ Ժան-Նոել Բարրոն, որը ներկայացնում է «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունը: Նա այդ պաշտոնում կփոխարինի նախագահական կուսակցության ներկայացուցիչ Ստեֆան Սեժուրնեին, որը նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությամբ նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ու կհամակարգի ԵՄ բարգավաճման ու արդյունաբերության ռազմավարությունը։
🇫🇷| La composition du nouveau gouvernement de Michel Barnier vient d’être annoncée par Alexis Kohler, le secrétaire général de l'Elysée.
— IMPACT (@Impact_Infos) September 21, 2024
Le premier Conseil des ministres se tiendra lundi à 15 heures.
Voici les ministres (sans compter les ministres délégués et secrétaire) ⬇️ pic.twitter.com/wUAfiq80j8
41-ամյա Բարրոն սովորել է Բարձրագույն առևտրային դպրոցում և Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, եղել է Ֆրանս-ամերիկյան հիմնադրամի «Երիտասարդ առաջնորդներ» ծրագրի կրթաթոշակառու: 2013-2017 թվականներին դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Կենտրոնամետ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության անդամ է, իսկ 2018-2022 թվականներին եղել է այդ կուսակցության գլխավոր քարտուղարը։
Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի պաշտոնը նախկինի պես կզբաղեցնի Սեբաստիեն Լըկորնյուն: Ինչպես նշում են ֆրանսիական լրատվամիջոցները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոններն ավանդաբար վերապահված են և սովորաբար այդ պաշտոններում նշանակվում են նախագահի առաջարկած թեկնածուները: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արդեն իսկ շնորհավորել է Լըկորնյուին՝ նշելով, որ ֆրանսիացի նախարարի վերանշանակումը կշարունակի նպաստել հայ-ֆրանսիական ռազմաարդյունաբերական համագործակցությանը։
Ֆրանսիայի համար պակաս կարևոր պաշտոն չէ նաև ներքին գործերի նախարարի պաշտոնը, հատկապես վերջին շրջանում ապօրինի միգրացիայի շուրջ ծավալվող քննարկումների ֆոնին։ Այդ պաշտոնը վստահվել է Սենատում «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոյին։ Ձախ կուսակցությունների ներկայացուցիչները քննադատում են նրան ներգաղթի հարցերում չափազանց պահպանողական դիրքորոշման համար. ավելի վաղ ֆրանսիացի նորանշանակ նախարարը հանդես էր գալիս օտարերկրացիների ընդունման քվոտաների սահմանման և ընտանիքների վերամիավորման պայմանների խստացման օգտին, ինչպես նաև պարբերաբար կոշտ դիրքորոշում է հայտնում արմատական իսլամիզմի դեմ պայքարում:
Արդարադատության նախարար է նշանակվել Հասարակական կյանքի թափանցիկության հարցերով գերագույն կոմիտեի ղեկավար Դիդիե Միգոն: Ի հեճուկս լրատվամիջոցների կանխատեսումների՝ Բարնյեն չի բաժանել տնտեսական բլոկը՝ էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահելով մեկ մարդու։ Այն կզբաղեցնի Անտուան Արմանը, որը նախկինում եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ: Մշակույթի նախարարի պաշտոնը պահպանել է Ռաշիդա Դատին։ Վերջինս հայտնի է որոշ հարցերում իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ ու անգամ մեղադրվում էր խավիարային դիվանագիտությանը ներքաշված լինելու մեջ։ Առողջապահության նախարարի պաշտոնն էլ կզբաղեցնի Ժենևև Դարյեսեկը, որը նախկինում զբաղեցնում էր երկրի զինված ուժերի նախարարության պետքարտուղարի պաշտոնը:
Ֆրանսիական կառավարության կազմում կա նաև հայազգի երկու ներկայացուցիչ։ Աշխատանքի և զբաղվածության նախարարի պաշտոնում նշանակվել է Աստրիդ Փանոսյան-Բուվեն, որը նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունից է, իսկ հանրային ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման հարցերով նախարարի պաշտոնն էլ կզբաղեցնի Գիյոմ Կասբարյանը, որը ևս Մակրոնի կուսակցության ներկայացուցիչ է։ Կասբարյանը նախկինում եղել է Էուր-է-Լուարից պատգամավոր, իսկ Փանոսյան-Բուվեն Մակրոնի կուսակցության համահիմնադիրներից է։
Gouvernement Barnier: cofondatrice d'En Marche, Astrid Panosyan-Bouvet nommée ministre du Travailhttps://t.co/Iko0VO2ZNf pic.twitter.com/kxqezBjQBh
— BFM Paris Île-de-France (@BFMParis) September 21, 2024
Աստրիդ Փանոսյան-Բուվեն Ֆրանսիայի Բարձրագույն առևտրային դպրոցի և Փարիզի IEP քաղաքական հետազոտությունների ինստիտուտի շրջանավարտ է: Պետական կառավարման մագիստրոսի աստիճանն ստացել է Հարվարդի համալսարանում։ Նախկինում եղել է ապահովագրական ոլորտի ֆրանսիական խոշոր «Groupama» ընկերության գլխավոր քարտուղար, իսկ 2015 թվականից համարվում էր անշարժ գույքի ֆրանս-հոլանդական «Unibail-Rodamco» ընկերության գործադիր տնօրեն։
Գիյոմ Կասբարյանն էլ ծնվել է Մարսելում։ ESSEC Business School-ի շրջանավարտ է, աշխատել է խորհրդատվական տարբեր ընկերություններում։ Քաղաքականության մեջ է 2016 թվականից։ Համարվում է Մակրոնի քաղաքական աջակիցներից մեկը։ 2017 թվականից ֆրանսիական խորհրդարանի անդամ է ու գլխավորել է խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովը։
Gouvernement Barnier : Guillaume Kasbarian, député de la première circonscription d'Eure-et-Loir, nommé ministre de la Fonction publiquehttps://t.co/3ejRX0403a pic.twitter.com/30VrhSmQPU
— L'Écho Républicain (@lecho_fr) September 21, 2024
Նախարարական մնացած 19 պաշտոնները բաշխվել են հետևյալ կերպ. կրթության նախարար է նշանակվել Անն Ժենետեն, էկոլոգիական անցման, էներգետիկայի, կլիմայի և ռիսկերի կանխարգելման նախարար՝ Անյես Պանյե-Ռյունաշեն, տարածքային գործընկերության և ապակենտրոնացման հարցերով նախարար՝ Կատրին Վոտրենը: Բնակարանաշինության հարցերով նախարարի պաշտոնն էլ կզբաղեցնի Վալերի Լետարը:
Գյուղատնտեսության և անտառային տնտեսության, ինչպես նաև պարենային ինքնիշխանության նախարարությունը կգլխավորի Աննի Ժենևարը, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունը՝ Պատրիկ Էտցելը, սպորտի, երիտասարդության և հասարակական կյանքի հարցերով նախարարությունը՝ Ժիլ Ավերուն, կանանց և տղամարդկանց միջև համերաշխության, ինքնավարության և հավասարության հարցերով նախարար կդառնա Պոլ Քրիստոֆը: Ֆրանսուա-Նոել Բյուֆեն զբաղվելու է անդրծովյան տարածքների հարցերով, Իսկ Լորան Սեն-Մարտենը՝ պետական հաշիվներով։
Բացի հիմնական նախարարներից, կլինեն նաև 15 նախարար-պատվիրակներ։
Հին նախարարներից նորերին լիազորությունների փոխանցումը նախատեսված է այսօր՝ սեպտեմբերի 22-ին: «Հանրապետության Նախագահը կառավարության բոլոր անդամներին կհավաքի նախարարների խորհրդի նիստում, որը տեղի կունենա երկուշաբթի ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 17:00-ին),- հստակեցրել է Կոլերը։
Միշել Բարնյեն վարչապետի պաշտոնում նշանակվել էր սեպտեմբերի 5-ին, սակայն նոր կառավարության ձևավորման համար նրանից պահանջվեց ավելի քան երկու շաբաթ: Դա տեղի ունեցավ Ֆրանսիայում ստեղծված քաղաքական բարդ իրավիճակի ֆոնին, երբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո ոչ նախկին իշխող մեծամասնությունը, ոչ ընդդիմադիր աջ ու ձախ ուժերը չկարողացան ստանալ բացարձակ մեծամասնություն։ Միևնույն ժամանակ, Գաբրիել Ատալի նախկին կառավարությունը պաշտոնապես հրաժարական էր տվել ավելի քան երկու ամիս առաջ, սակայն նախարարները շարունակում էին կատարել իրենց գործառույթները մինչ օրս։
Նոր կառավարության ամրության առաջին ստուգումը պետք է անցնի հոկտեմբերի 1-ին, երբ վարչապետը Ազգային ժողովում կներկայացնի իր կառավարության քաղաքական ծրագիրը: Ձախ «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիայի ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են վարչապետին ու իր կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրության մասին:
Կոլաժը՝ AFP-ից
Մեկնաբանել