
Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից համածառայակիցը վիրավորվել է
2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն ստացվել է հաղորդում ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողի կողմից հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 532-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։ Բուժհաստատությունից ստացված տեղեկատվությամբ՝ զինծառայողը վիրահատվել է, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նախաքննությունը շարունակվում է։
Մեկնաբանել