Պատերազմի ստվերում. մեկ տարի անց՝ բենզինի պահեստի ողբերգական պայթյունի հետքերով
Սիրանուշ Սարգսյան
Ուշադրություն. նյութում առկա են այրված անձանց նկարներ
Արցախյան բանահյուսությունն անեծքների ու օրհնանքների հարուստ պահոց է։ Դարերի ընթացքում ձևավորված ու մարդկանց մեջ ապրող այդ շրջասույթները խորը ասելիք ունեն, որը Արցախի ժողովրդի ոգու մի մասն է։ «Ջանըտ հեռ ընգնե», «Ըլավու փայ տեռնաս», «Սերտտ էրի, պռշիտ ճյուր տինող չինի»։
Ժողովրդական բանահյուսության այս շրջասույթներն իրականություն դարձան 2023-ի սեպտեմբերի 25-ին, երբ անդառնալի կործանարար կրակը հոշոտեց հարյուրավոր մարդկանց։ Ուղիղ մեկ տարի առաջ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից «Հայկազով» տեղանքում գտնվող զորամասի վառելիքի պահեստի պայթյունը խլեց 219 հոգու կյանք, 22-ն անհետ կորած են, վիրավորվել է ավելի քան 290 մարդ։
Իրավիճակը պայթյունից առաջ
2023 թ. սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով, ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիների՝ հաց գտնելու ջանքերը փոխակերպվեցին ուղղակի ողջ մնալու պայքարի։
Հարձակումից ժամեր անց Ստեփանակերտ քաղաքը լցվեց հազարավոր սոված ու խուճապահար մարդկանցով, որոնք, իրենց տան դռները բաց թողնելով, մազապուրծ հասել էին մայրաքաղաք։ Քանի որ վառելիք չկար, սահմանային գյուղերից մարդկանց մեծ մասը անտառներով, գրեթե ոտաբոբիկ էր փախել։ Ստեփանակերտը վերածվել էր բաց երկնքի տակ համակենտրոնացման ճամբարի, որտեղ մարդիկ փնտրում էին ուտելիք, տաք հագուստ ու դեղեր։ Բայց ամենակարևորը՝ մարդիկ հուսահատ փնտրում էին իրենց հարազատներին։ Կապի բացակայության պայմաններում նրանք վազում էին մի նկուղից մյուսը։ Այդ մեկօրյա պատերազմը մի դար էր թվում։ Ադրբեջանցիները հասել էին Ստեփանակերտի ծայրամասեր։ Պատերազմական գործողությունների դադարեցումը խաղաղություն չբերեց։
Խոսակցություններ կային, որ զինծառայողներին հորդորել են այրել զինվորական հագուստները, քանի որ հակառակ պարագայում մայրաքաղաքից դուրս գտնվող ճանապարհներին հայտնված ադրբեջանցիների կողմից հնարավոր ագրեսիայի վտանգ կար։ Քաղաքում ամեն տեղ կրակ ու ծուխ էր։ Կրակի մեջ այրվում էին զինվորական հագուստները, կոշիկներն ու մեդալները։ Մարդիկ այրում էին այն ամենը, ինչ չէին կարող տանել իրենց հետ։ Այրում էին իրենց հիշողություններն ու անցյալը։ Պետական մարմիններն այրում էին փաստաթղթերը։ Այս ամենը, սակայն, նախերգանքն էր։
Սեպտեմբերի 24-ին, համաձայն Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության, ԱՀ կառավարությունը սկսեց ռազմական գործողությունների հետևանքով անօթևան դարձած և տարհանման ցանկություն հայտնած մարդկանց դուրսբերումը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Չնայած հայտարարվել էր, որ մյուս խմբերին նույնպես հնարավորություն կտրվի տեղափոխվելու, այդ թվում՝ վառելիք տրամադրելով, արդեն տարածված էին խուճապային տրամադրություն ստեղծող լուրեր, թե ճանապարհը սահմանափակ օրերով է բաց լինելու, և սահմանափակ թվով մարդիկ հնարավորություն կունենան դուրս գալ։
Ամիսներ շարունակ շրջափակման մեջ, սովի պայմաններում ապրած ու մեկօրյա պատերազմից փրկված մարդիկ վախենում էին, որ ճանապարհը կփակվի, և իրենք կմնան այս կողմում։ Ու չնայած հաջորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, հայտարարություն տարածվեց, որ տեղափոխվելու համար ժամկետներ չկան, իրավիճակն արդեն քաոսային էր, մարդիկ՝ անկառավարելի։ Մեքենաների խցանումները սկսվում էին Ստեփանակերտի մատույցներից ու հասնում մինչև սահման՝ կաթվածահար անելով քաղաքի կենսագործունեությունը։ Քաղաքի փողոցներն անանցանելի էին։ Մարդիկ տարբեր չափի տարաներով՝ դույլերով, շշերով, հուսահատ վառելիք էին փնտրում։
Սեպտեմբերի 25-ի՝ Կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում էր նաև, որ Ստեփանակերտի 5 բենզալցակայաններում անվճար վառելիք կտրամադրվի ժամը 14-ից։ Այդ հայտարարությունից հետո քաղաքացիները բոլոր բենզալցակայաններում վառելիք էին փնտրում, բայց ապարդյուն։ «Հետքը» հարցում էր ուղարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ պարզաբանում ստանալու, թե որ բենզալցակայաններում պետք է վառելիք տրամադրվեր, և ինչու են, այնուամենայնիվ, լցակայանները դատարկ եղել։ Ի պատասխան՝ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ բենզալցակայանների հասցեներն ի սկզբանե հայտարարված չէին, քանի որ ԱՀ կառավարության ներկայացուցիչները ստեղծված իրավիճակում փորձում էին գտնել դրանց սեփականատերերին և ապահովել լցակայանների աշխատանքը: Բայց հաշվի առնելով հանգամանքը, որ որոշ բենզալցակայաններ Արցախի շրջափակման ընթացքում կտրոնային համակարգով աշխատել են՝ Կառավարությունը փորձել է հենց նրանց էլ վառելիք հատկացնել, որոնց դիմաց արդեն կային բազմաթիվ քաղաքացիներ:
Տեղեկատվական շտաբից նաև հայտնել են, որ վառելիքի փնտրտուքով դեռ սեպտեմբերի 24-ին են բազմաթիվ քաղաքացիներ ներխուժել Ստեփանակերտում և մերձակայքում գտնվող ՊԲ զորամասեր, և որոշ տեղերում հաջողվել է խուսափել այնպիսի դժբախտ պատահարներից, ինչպիսին եղավ ամսի 25-ին:
Մեծ քանակի վառելիք է եղել Պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի (ՎՔՆ) պահեստում, որը գտնվում էր Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի «Հայկազով» տեղամասում: 2023 թ. հոկտեմբերի 28-ին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հայտնել է, որ պահեստն անձեռնմխելի էր, և իշխանությունը մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումը փորձում էր չօգտագործել այնտեղ պահվող վառելիքը, քանի որ այն նախատեսված էր ռազմական գործողությունների ժամանակ կիրառելու համար:
Բայց պայմանավորված սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների ավարտով՝ Արցախի տարածքում գտնվող բոլոր ռազմականացված օբյեկտները զինաթափվել էին։ Սեպտեմբերի 25-ի առավոտյան «Հայկազովում» արդեն չկար որևէ վերահսկողություն, և քաղաքացիները ինքնակազմակերպմամբ գալիս ու իրենց ուժերով հանում էին վառելիքը։ «Փաստացի, կարելի է ասել, որ մեր բնակչությունը խուճապի հետևանքով հայտնվել է այդ զորամասի պահեստում, և իրավիճակը բերել է նրան, որ չեն պահպանվել անվտանգության տարրական կանոնները»,- հարցազրույցում նշել է նախագահը:
Արցախի տեղեկատվական շտաբից ստացված պատասխանում նշվում է, որ սեպտեմբերի 25-ի կեսօրի կողմերն առաջին բենզատարը լիցքավորվել է բանակի ՎՔՆ պահեստում, մեծ դժվարությամբ դուրս եկել տարածքից և տեղափոխվել Ստեփանակերտի Արթուր Մկրտչյան փողոցում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի բենզալցակայան, որտեղ հերթագրված քաղաքացիները սկսել են ստանալ վառելիքը: Սակայն երկրորդ և հաջորդ բենզատարների լիցքավորումը ՎՔՆ պահեստում հնարավոր չի եղել այնտեղ հավաքված քաղաքացիների և նրանց ստեղծած խոչընդոտների պատճառով:
Պայթյունը
Ստորգետնյա պահեստը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, 50 մետր երկարությամբ, 15 մետր լայնությամբ տարածք էր, որտեղ վառելիքի մեծ տարաներ էին տեղադրված (պայթյունից հետո արբանյակից արված պատկերը՝ ստորև)։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ պահեստում եղել է 419 հազար լիտր վառելիք՝ 300 հազար լիտր ամառային, 77 հազար լիտր ձմեռային դիզելային վառելիք, շուրջ 42 հազար լիտր ավտոբենզին։ Սակայն դժվար է ասել, թե պայթյունի պահին կոնկրետ ինչքան է եղել, որովհետև արդեն իսկ 2 ցիստեռն տեղափոխել էին Մարտունի՝ բնակիչներին տարհանելու, իսկ ամսի 25-ի առավոտից սկսած՝ մի քանի ժամ շարունակ մարդիկ վառելիք էին տարել պահեստից։
Ըստ ականատեսների՝ մարդիկ միաժամանակ մի քանի խողովակներով, 8-10 դույլերով վառելիք էին հանում տարաներից, նաև պահեստի ներսում ծորակներից էին հանում։ Ականատեսների վկայությամբ՝ պահեստի ներսում տարածված վառելիքի հոտից մի քանի հոգի ուշաթափվել էին։ Գրեթե բոլոր հարցվածները նշել են տարբեր անձանց ձեռքին ծխախոտի առկայության մասին։ Ականատեսներից ոմանք նշել են նաև պոմպի առկայությունը, որը բերվել էր այդտեղ՝ բենզին քաշելու գործընթացն արագացնելու համար։ Պայթյունից վայրկյաններ առաջ այն փորձել են գործարկել։
Զոհերից մեկի ձեռքի ժամացույցի սլաքները կանգ են առել 18:40-ի վրա (տես ստորև):
Լուսանկարի չխմբագրված տարբերակը տեսնելու համար սեղմեք դրա վրա
Սրանից կարող ենք եզրակացնել, որ պայթյունը տեղի է ունեցել այդ ժամանակ, մի քանի վայրկյան անց եղել է երկրորդ պայթյունը։ Առաջին պայթյունից հետո մարդկանց մեծ մասը հայտնվել է պահեստի ներսում՝ տարաների ու պանելների արանքներում։ Պանելները գրեթե ամբողջությամբ փլվել են, բայց մինչև կրակի բարձրանալը ոմանք կարողացել են դուրս գալ պահեստից՝ հիմնականում բռնվելով շիկացած ամրաններից։ Սակայն անգամ այնտեղից դուրս գալով՝ շատերը չէին կարողանում հեռանալ տարածքից, քանի որ պահեստը շրջապատված էր ցանկապատով։
2023 թ. սեպտեմբերի 25-ի ժամը 18:40-ին «Հայկազովում» գրեթե մայրամուտ էր: Ինչպես կարելի է տեսնել արևի շարժը հաշվարկող SunCalc գործիքի միջոցով, այս տեղանքում ամսի 25-ին մայրամուտը եղել է 18:46-ին (այսինքն՝ պայթյունի ժամանակ արևը դեռ հորիզոնից վերև էր), իսկ 19:12-ին արդեն մթնշաղ էր: 19:10-ի սահմաններում մեր նկարած տեսանյութում երևում է մթնշաղը: Մեզ հետ զրուցած ականատես վիրավորները պատմել են, որ լուսավորության պակասի և տարածքի ցանկապատված լինելու պատճառով դժվարությամբ են դուրս եկել ՎՔՆ պահեստի տարածքից:
Մյուս բարդությունն այն էր, որ ճանապարհի անանցանելիության պատճառով օգնության շտապող փրկարարներն ու բժիշկները դժվարանում էին հասնել աղետի վայր։ Կարևոր է նշել, որ սեպտեմբերի 24-ից շտապօգնության ծառայությունը Արցախում չէր գործում, քանի որ ռազմական գործողությունները դադարեցված էին, սկսվել էր տարհանումը, և վիրավորներին տեղափոխելու համար արդեն պայմանավորվածություն կար։
Դժվար է հստակ ասել, թե պայթյունի պահին քանի մարդ է եղել պահեստում և դրա մերձակայքում, հավանաբար՝ 800-1000։ Ականատեսները տեղի ունեցածը համեմատում են դժոխքի հետ։ Նրանցից ոմանք պայթյունի հարվածային ալիքից շպրտվել են օդ ու ընկել մի քանի մետր հեռավորության վրա։ Նկարագրությունները որքան տարբեր, այնքան էլ նման են՝ կրակի մեջ այրվող մարդիկ, գետնին կուչ եկած կամ անդամահատված մարմիններ, տարաները ձեռքերին կպած ու այդպես այրվող մարդիկ։ Միևնույն ժամանակ, ողջ մնացածները գոռում էին ու հուսահատորեն կանչում իրենց հարազատներին։
Լուսանկարի չխմբագրված տարբերակը տեսնելու համար սեղմեք դրա վրա
Մեզ հարցազրույց տված քաղաքացիներից ոչ մեկն այնտեղ մենակ չի եղել։ Հիմնականում եղել են ընտանիքներով, հարազատներով, եղբայրներով, հայր ու որդի, ամուսիններ՝ հույս ունենալով թեկուզ քիչ, բայց, ամեն դեպքում, վառելիք գտնել։
Հավանական պատճառները
«Հետքի» տեղեկություններով՝ 2023 թ. սեպտեմբերի 26-ին Արցախի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել դեպքի առթիվ, սակայն հոկտեմբերի 6-ին վարույթի նյութերը հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին: Ինչպես տեղեկացել ենք վերջինից, հոկտեմբերի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (Հրդեհային անվտանգության՝ օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի կամ պահանջի պահպանման պարտականությունը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, պատժվում է 4-8 տարի ազատազրկմամբ):
Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ, հարցաքննվել են տուժածներ ու վկաներ, սակայն որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել, այսինքն՝ մեղադրյալներ չկան։
Նախագահ Սամվել Շահրամանյանն անցյալ տարվա հոկտեմբերին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պայթյունը պայմանավորել է անվտանգության տարրական կանոնների խախտումով:
Ականատեսների վկայությամբ՝ շատերի ձեռքին ծխախոտ է եղել։ Փաստ է նաև, որ պայթյունից րոպեներ առաջ ու այդ ընթացքում էլ եղել է որոտ ու կայծակ։ Այդ օրերին Արցախում շրջանառվում էր նաև Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության վարկածը։ Որոշ ականատեսներ նշել են, որ այդտեղ բերված պոմպի հավանական կիրառումը նույնպես կարող էր պայթյունի պատճառ դառնալ։
Տուժածները
Հայաստանի քննչական կոմիտեն չի պատասխանել զոհերի, անհետ կորածների ու վիրավորների թվի և ինքնության, նրանց՝ ծառայող կամ քաղաքացիական անձ լինելու մասին «Հետքի» հարցերին՝ դա պայմանավորելով նախաքննական գաղտնիքով:
Այդուհանդերձ, մի քանի ամիս տևած ուսումնասիրության ընթացքում մենք որոշ կարևոր տվյալներ ենք պարզել, որոնք ներկայացնում ենք ստորև:
Պայթյունի ամենակրտսեր զոհը՝ 14-ամյա Սամվելը
Վառելիքի պահեստի պայթյունի ամենակրտսեր զոհը 14-ամյա Սամվել Միրզոյանն է։ Մայրը՝ 35-ամյա Նոնա Միրզոյանը, պայթյունի ժամանակ կորցրել է նաև ամուսնուն։
Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց շրջափակված Արցախի վրա, Սամվելը դպրոցում էր, բայց հրաժարվել է մնալ նկուղում ու արկերի պայթյունների տակ հասել է տուն, գրկել մորն ու ասել․ «Գիտեի, որ անհանգիստ ես լինելու, քեզ համար եմ եկել, մայրիկ»։
Սամվելը երեք երեխաներից ավագն էր, մեծ սեր ուներ արհեստների նկատմամբ և երազում էր ոսկերիչ դառնալ։ Փոքր տարիքից մետաղներից, ուլունքներից, փայտից, անգամ թիթեղից զարդեր էր պատրաստում։
Սեպտեմբերի 25-ին նա հոր ու պապի հետ էր։ Վերջիններս, լսելով Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարությունը 5 բենզալցակայաններում վառելիքի մատակարարման մասին, հույս ունեին բենզին գտնել իրենց տան մոտ գտնվող «Մռակած» բենզալցակայանում։ Մի քանի ժամ ապարդյուն սպասելուց հետո Սամվելն ու հայրը շատերի նման գնացել են «Հայկազովի» վառելիքի պահեստ։
Իմանալով պայթյունի մասին ու տեղեկություն չունենալով ամուսնուց ու որդուց՝ Նոնան նրանց փնտրել է հիվանդանոցներում ու դիահերձարանում։ «Սկզբում ասացին, որ որդիս ողջ է և ռուս խաղաղապահների մոտ է։ Շտապեցի այնտեղ, բայց ինձ չթողեցին մտնել հոսպիտալ (օդանավակայանի տարածքում - հեղ.)»,- պատմում է Նոնան։ Նրան հավաստիացրել են, որ երեխան ողջ է, ուղղակի այդ պահին չի կարող տեսակցել։ Սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան Նոնան նորից գնացել է պայթյունի վայր, որտեղ կրակը դեռևս ամբողջովին մարված չէր. «Ամենուրեք թափված իրեր էին՝ հեռախոսներ, բանալիներ, կիսաայրված փաստաթղթեր, տարաներ, իսկ պահեստը գրեթե ամբողջովին փլված էր, ու ներսում միայն մոխիր էր»։ Տեսնելով, որ այդտեղ ոչինչ չի կարողանալու գտնել՝ որդուն տեսնելու հույսով նորից մեկնել է օդանավակայան՝ ռուս խաղաղապահների հոսպիտալ։ Բայց այս անգամ նրան ասել են, որ Սամվելն իրենց մոտ չէ։
Հասկանալով, որ Արցախում չի կարող գտնել ամուսնուն ու որդուն՝ Նոնան սկեսրայրի ու երկու մանկահասակ երեխաների հետ երկու օր ճանապարհ է անցել, հասել Երևան, որտեղ ԴՆԹ թեստ է հանձնել։ Երկու ամիս անց հաստատվել է որդու և ամուսնու մահը։
Նոնան երանությամբ է հիշում շրջափակման վերջին օրերն Արցախում։ Չնայած դուստրը նորածին էր, ու դժվար էր երեք երեխաներին պահել շրջափակման պայմաններում, ապահովել սննդով ու անհրաժեշտ իրերով, դրանք վերջին օրերն էին, երբ ընտանիքը միասին էր, ու Սամվելն էլ ամենուր ուղեկցում էր մորը՝ հացի հերթերի, ուտելիքի փնտրտուքի ժամանակ։
Սամվելը շատ էր սիրում արծաթյա զարդեր, պայթյունի օրը նա կրում էր արծաթյա մատանի ու շղթա։ Որդու մասունքների մեջ են եղել այդ զարդերը: «Անգամ հողը դեռ զարդերի վրա է, և չեմ ուզում մաքրել։ Դրանց վրա է նաև որդուս վերջին շունչը»,- կսկիծով պատմում է մայրը։
Նոնայի ամուսինը՝ Սևակ Միրզոյանը, պայթյունի ժամանակ զոհված 14 ոստիկաններից մեկն էր։ Թոշակի անցնելուն ընդամենը մի քանի ամիս էր մնացել։
Նոնան չի շտապում օգտվել ՀՀ կառավարության՝ տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագրից, քանի որ այն իրատեսական չի համարում։ «9 միլիոնով, որը նախատեսվում է ինձ ու երեխաներիս համար, անհնար է տուն գտնել, իսկ աշխատանք չունենալով՝ չեմ կարող հիպոթեքի դիմել»,- ասում է նա։ Ընտանիքը միանվագ գումարի տեսքով աջակցություն է ստացել տարբեր կազմակերպություններից՝ «Հայորդի», ՀՕՄ, «ԱյԴի Բանկ»։
Պայթյունից մեկ տարի անց Նոնան ու մյուսները փորձում են միջոցներ գտնել՝ իրենց հարազատների շիրիմներին գերեզմանաքար տեղադրելու համար։ Նրանք դիմել են Արցախի իշխանություններին, որպեսզի իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար ամենամսյա աջակցություն ստանան։ Նաև փորձել են պարզաբանումներ ստանալ, թե ինչու վառելիքը նախապես չի բաժանվել, ինչպես են քաղաքացիները, այդ թվում՝ երեխաները, հայտնվել զորամասի հատուկ պահպանվող տարածքում, որը, սակայն, չէր հսկվում։ Այդ հարցերին հիմնականում հստակ պատասխաններ չեն տրվել։ Արցախի իշխանությունները հայտնել են, որ իրենք տուժածներին կարգավիճակ տալու իրավասություն չունեն, և այդ հարցով պետք է դիմել ՀՀ իշխանություններին։ Զոհերի հարազատները բազմաթիվ նամակներ են հղել ՀՀ վարչապետին, ներքին գործերի և պաշտպանության նախարարություններին, «Զինապահ» հիմնադրամին, բայց մերժում են ստացել հիմնավորմամբ, որ մարդիկ զոհվել են ոչ ռազմական գործողությունների հետևանքով։
Այժմ Նոնան երկու անչափահաս երեխաների հետ քրոջ տանն է ապրում Երևանում։ Քանի որ պայթյունի զոհերի ընտանիքները կարգավիճակ չունեն, Նոնան ու երեխաները ստանում են միայն կերակրողին կորցնելու նպաստը, որը բավարար չէ կարիքները հոգալու համար։ Աշխատանք դժվար է գտնել, և Նոնան կամավորություն է անում «Հայորդի» բարեգործական հիմնադրամում՝ աշխատելով պատերազմներում ու պայթյունի ժամանակ հարազատներին կորցրած երեխաների հետ. «Ամեն մի երեխայի աչքերում իմ երեխաներին եմ տեսնում, նրանց ցավն ու կարոտը»։
Վիկտորյան կորցրել է 4 հարազատի
21-ամյա Վիկտորյա Սարգսյանը պայթյունից կորցրել է ամուսնուն, հորը, տեգորն ու սկեսրայրին։ Ընդամենը 17 տարեկան է եղել, երբ ամուսնացել է։ Ամուսինը՝ Արտաշես Սարգսյանը, ծառայում էր ոստիկանությունում։ 2023 թ. սեպտեմբերի 19-ին նա դիրքերում էր։ Մի քանի օր շարունակ նրանից տեղեկություն չկար։ Երբ Արտաշեսը, շրջափակումից դուրս գալով, տուն է վերադարձել, ասել է, որ երկու անգամ փրկվել է՝ նկատի ունենալով նաև 2020 թ. պատերազմը, բայց այնպիսի զգացողություն ունի, որ երրորդ անգամ չի փրկվի։ Նրա մտահոգությունները, սակայն, կապված էին սահմանն անվտանգ անցնելու հետ։
Սեպտեմբերի 25-ի առավոտից տան բոլոր տղամարդիկ սկսել են վառելիք փնտրել Ստեփանակերտի տարբեր բենզալցակայաններում։ Ոչ մի տեղ չգտնելով՝ գնացել են բանակի ՎՔՆ պահեստ։ Վիկտորյան ընտանիքի հետ օդանավակայանում էր։ Երբ լսել են պայթյունի ձայնը, անգամ տեսնելով ծուխը, չեն պատկերացրել, որ դա կարող էր պայթյուն լինել։ Չկարողանալով կապ հաստատել հարազատներից որևէ մեկի հետ՝ ընտանիքի անդամները նրանց փնտրել են հիվանդանոցներում։
«Հանրապետական հիվանդանոցի բակում սարսափելի տեսարան էր։ Անգամ գետնին սևացած մարդիկ էին պառկած անձրևի տակ։ Հիվանդանոցի ներսում ամենուր հիվանդներ էին ու հիմնականում՝ անճանաչելի»,- պատմում է Վիկտորյան։
Չկարողանալով գտնել հարազատներին՝ սեպտեմբերի 26-ից սկսել են փնտրել դիահերձարանում։ Վիկտորյան հույս ուներ, որ գոնե Հայաստանում ամուսնուն ու մյուսներին կգտնի վիրավորների մեջ։ Երևանում ամիսներ շարունակ փնտրել են տարբեր հիվանդանոցներում ու դիահերձարաններում: Միայն 4 ամիս անց ԴՆԹ թեստի նույնականացմամբ գտել են հարազատների մասունքները։
Վիկտորյան այժմ դստեր՝ 3-ամյա Միլայի հետ ապրում է մոր ու փոքր եղբոր հետ. «Չնայած մատնահարդարում եմ սովորել, իմ սրտով չէ։ Այժմ սովորում եմ՝ ֆիթնես մասնագետ դառնալու համար։ Գիտեմ, որ ոչ մեկի վրա հույսս չեմ կարող դնել և հանուն երեխայիս պետք է աշխատեմ»։
Վիկտորյայի ընտանիքը նույնպես բախվում է բազմաթիվ սոցիալական խնդիրների․ երեխային չի կարողանում տեղավորել մանկապարտեզում, ինչը կարևոր է աշխատանք գտնելու համար։ Չնայած ամուսինը ոստիկանությունում էր ծառայում, Վիկտորյան աջակցության որևէ ծրագրից չի օգտվում։ Միայն կերակրողին կորցնելու նպաստ է ստանում դստեր հետ, որն աշխատանք գտնելու դեպքում իր մասով կկրճատվի։ Որպես պայթյունից տուժած ընտանիք՝ պետության կողմից ոչ մի աջակցություն չեն ստացել։ Տարբեր բարեգործական կազմակերպություններից ստացել են կենցաղային տեխնիկա և միանվագ դրամական աջակցություն, նաև հոգացել են տան մի քանի ամսվա վարձավճարը։ Այժմ ընտանիքի մտահոգությունը 4 գերեզմանաքարի համար գումար գտնելն է։
Պայթյունի մասին խոսելիս, անգամ այդքան կորուստներից հետո, Վիկտորյան իրեն ինչ-որ առումով հաջողակ է համարում։ «Մենք գոնե գտել ենք մեր հարազատների մասնիկներն ու հողին հանձնել, իսկ ի՞նչ կարող են անել այն ընտանիքները, որոնք մեկ տարի շարունակ ապրում են անորոշության մեջ»,- ասում է նա։
Վիկտորյան հույս չունի, որ պայթյունի իրական պատճառները կբացահայտվեն, և մեղավորները կպատժվեն:
Ի՞նչ են անում ՀՀ ու ԱՀ իշխանությունները՝ տուժածներին օգնելու համար
Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պայթյունի հետևանքով տուժած բազմաթիվ ընտանիքներում կա 2-3 զոհ, այսինքն՝ նրանք կորցրել են ընտանիքի բոլոր կերակրողներին։ Բայց, ի տարբերություն պատերազմի զոհերի, պայթյունի զոհերի հարազատները որևէ կարգավիճակ չունեն և դրանից բխող աջակցություն չեն ստանում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հետքին» հայտնել է, որ պայթյունի հետևանքով տուժած անձանց համար սոցիալական աջակցության առանձին ծրագրի մշակման մասին քննարկումներ են եղել նախարարության և շահագրգիռ կողմերի միջև, որոնց արդյունքում ներկայում նման ծրագրի իրականացման հիմնավորվածությունը բավարար չի գնահատվել՝ հաշվի առնելով գործող և շարունակվող պետական դրամական աջակցության միջոցառումը (ԱՍՀՆ-ն նկատի ունի «40.000+10.000 դրամ» ծրագիրը), ինչպես նաև առանձին տուժած ընտանիքներին տրամադրված պարենային, հագուստի, կենցաղային տեխնիկայի, դեղորայքային և այլ իրեղեն կամ քարտերով դրամական օգնությունները։ Սակայն տուժածների ընտանիքները մեզ հետ հարցազրույցների ընթացքում նշել են, որ օգնություն ստացել են միայն մասնավոր անձանցից ու կազմակերպություններից։
Արցախի տեղեկատվական շտաբից էլ փոխանցել են, որ Արցախի Հանրապետության կառավարությունը բարեգործական ծրագրերի միջոցով որոշակի աջակցություն ցուցաբերել է ու առաջիկայում ևս նախատեսում է աջակցել պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին. «Տեղյակ լինելով առավել ծանր սոցիալական վիճակում հայտնված ընտանիքների մասին՝ ԱՀ իշխանությունները փորձում են տարբեր բարեգործական ծրագրերի մաս դարձնել նաև պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին՝ փորձելով սուղ պայմաններում օգտակար լինել նրանց»:
Մեր տեղեկություններով՝ Արցախի կառավարությունը նախատեսում է 1 մլն դրամ աջակցություն տրամադրել յուրաքանչուր զոհի համար՝ գերեզմանաքար պատրաստելու ու տեղադրելու նպատակով:
Պայթյունի հետևանքով տուժածներին աջակցող կազմակերպություններից մեկը «Հայորդի» բարեգործական հիմնադրամն է։ Այն ստեղծել են 2020 թ. պատերազմում զոհվածների հարազատները պատերազմից հետո՝ նպատակ ունենալով աջակցել սահմանամերձ բնակավայրերում ապրող և պատերազմական գործողություններից, հետագայում՝ նաև պայթյունից տուժած ընտանիքներին։ Արցախահայության բռնի տեղահանությունից ամիսներ անց՝ 2024 թ. փետրվարին, հիմնադրամը գրանցվել է Երևանում: Արդեն չորրորդ տարին «Հայորդին» ամառային ճամբար է կազմակերպում հարազատներ կորցրած շուրջ 300 երեխաների համար։ «Հայորդիի» աշխատողներն ու կամավորները նույնպես պատերազմի և պայթյունի զոհերի ընտանիքներից են։
2023-ի սեպտեմբերի 25-ից հետո կազմակերպությունն ավելի շատ ուշադրություն է դարձնում պայթյունից տուժած, հատկապես՝ երեխաներ ունեցող և դժվար իրավիճակում գտնվող ընտանիքներին։ Կազմակերպության հիմնադիր Վաչիկ Վարդանյանի խոսքով՝ այսօրվա օժանդակությունները միայն ներկա պահի կարիքներն են հոգում, և պետության մոտեցումը պետք է լինի ինստիտուցիոնալ, երկարաժամկետ ու երաշխիքներ տրամադրող ծրագրերի տեսքով։ Վարդանյանի կարծիքով՝ պայթյունի զոհերը պետք է ստանան հստակ կարգավիճակ՝ նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծելու համար, քանի որ մասնավոր նախաձեռնությունները ժամանակավոր են և չեն կարող բոլորի կարիքները բավարարել։ «Հայորդիի» ջանքերով պայթյունի բոլոր զոհերի ընտանիքների համար տարաբնույթ աջակցության ծրագրեր են իրականացվել ու շարունակվում են։
«Քանի որ զոհերը կարգավիճակ չունեն, և տան կերակրողները բացակայում են, մենք գտել ենք աջակիցներ, որոնք օգնում են այդ ընտանիքներին»,- նշում է Վաչիկ Վարդանյանը։ «Հայորդին» հատուկ ուշադրություն է դարձնում այն ընտանիքներին, որտեղ երեխաներ են ծնվել պայթյունից հետո, և արդեն մեկ տարի ամենամսյա դրամական աջակցություն է ցուցաբերում նորածիններին, որոնք այս պահին 7-ն են։
Վ. Վարդանյանի խոսքով՝ իրենք փորձում են ավելի մեծ ուշադրություն դարձնել այն ընտանիքներին, որոնք միաժամանակ մի քանի զոհ են ունեցել։ «Հայորդիի» հիմնադրի կարծիքով՝ ՀՀ կառավարությունն այս ընտանիքներին պետք է կարգավիճակ տա կամ հատուկ ծրագրեր մշակի նրանց համար:
Վիզուալ պատկերները՝ Արեն Նազարյանի
Առաջին նկարի ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի
Մենթոր՝ Վահե Սարուխանյան
Մեկնաբանել