HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102 մլն դրամ. ՔԿ

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առաջին վարչությունում 2024թ մի քանի ընկերությունների կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով և համաձայնեցված գործելու, հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու, իրական իրացման շրջանառության ծավալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող տարածքում, որտեղ հայտնաբերվել և վերցվել են համակարգիչներ, այդ թվում սերվերային համակարգիչ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Դրանց թվային խուզարկության արդյունքում հայտնաբերվել է «1C» առևտրային ծրագիր՝ մի քանի փոխկապակցված ընկերությունների կողմից կատարված մեծածախ իրացման գործարքների վերաբերյալ տեղեկատվությամբ։ Կատարված ուսումնասիրության և լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ 2012-2024թթ. ժամանակահատվածում այդ ընկերություններից մեկի՝ «Մ․․․» ՍՊԸ-ի կողմից պակաս հաշվարկված հարկային պարտավորության չափը առանց տույժերի և տուգանքների կազմում է 102.258.184 դրամ։ 

Այդ առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ «Մ․․․» ՍՊԸ-ի նախկին տնօրենի և հիմնադրի (ում պատկանող տարածքում կատարվել էր խուզարկությունը) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ գործող տնօրենի նկատմամբ՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Որոշումներ են կայացվել դատարան ներկայացնելու համար ձերբակալել մեղադրյալներ՝ ընկերության նախկին տնօրենին և հիմնադրին։

Սեպտեմբերի 3-ին վերջինս ձերբակալվել է, ներկայացվել քննիչին և նրան ներկայացվել է մեղադրանք: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ընկերության հիմնադրի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով:

Հետագա նախաքննության ընթացքում վերջինս տվել է խոստովանական ցուցմունք, ընդունել, որ «Մ» ՍՊԸ-ի կողմից պակաս են վճարվել հարկերը և պատրաստակամություն հայտնել հատուցելու պետությանը պատճառված վնասը:

Հետագայում ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նաև նախկին տնօրենը, ով նույնպես տվել է խոստովանական ցուցմունք՝ պատրաստակամություն հայտնելով հատուցելու պետությանը պատճառված վնասը, գործող տնօրենը ներկայացել է ինքնակամ՝ ևս տալով խոստովանական ցուցմունք։

Հարկային մարմին են ներկայացվել ճշտված հաշվարկներ, և ՀՀ պետական բյուջե է վճարվել ընդհանուր 102.259.000 դրամ լրացուցիչ հարկային պարտավորության գումար: 

Ընկերության հիմնադրի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է և ընտրվել է բացակայելու արգելքը։  

Նշված «Մ․․․» ՍՊԸ-ում և նրան փոխշաղկապված ևս մի քանի կազմակերպություններում նշանակվել է համալիր հարկային ստուգում։    

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter