HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի  ներմուծման փորձը. ՊԵԿ

«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում բացահայտվել է ադամանդանման քարերի  մաքսանենգության նոր դեպք:  Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Դ․Բ-ն և վերջինիս ուղեբեռը: Նրա նկատմամբ իրականացված մաքսային զննման արդյունքում՝ անձնագրի պատյանի միջից հայտնաբերվել է 1 ադամանդանման թափանցիկ քար և «GIA» հավաստագիր: Նույն պայուսակում առկա «ARARAT» լատինատառ գրառմամբ ծխախոտի տուփից հայտնաբերվել է նաև տարբեր տրամաչափերով ադամանդանման 17 թափանցիկ քար։ Տվյալ քաղաքացու  ճամպրուկից հայտնաբերվել է  տարբեր գրառումներով ադամանդների 94 հավաստագիր: Ճամպրուկից հայտնաբերվել է նաև 3 պոլիէթիլենային տոպրակ՝ լցված ադամանդանման թափանցիկ մանր քարերով, որոնց ընդհանուր քաշը կազմում է 69 գրամ: 

Իսկ քաղաքացու հագին գտնվող տաբատի՝ գործարանային կարվածքի տեսք ունեցող գոտկամասի մեջ էլ հայտնաբերվել են գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող եղանակներով մաքսային հսկողությունից թաքցված, ինքնակպչուն ժապավենով իրար միացված   տարբեր տրամաչափերով ադամանդանման 91 թափանցիկ քար։

ՀՀ քաղաքացու  նկատմամբ իրականացված անձի մաքսային զննման արդյունքում և ճամպրուկից, ընդհանուր առմամբ,  հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, 109 տարբեր տրամաչափերով ադամանդանման թափանցիկ քար, ինչպես նաև 69 գրամ ընդհանուր քաշով թվով 3 պոլիէթիլենային տոպրակում լցված ադամանդանման թափանցիկ մանր քարեր։

«Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում, և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված  ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ձերբակալել և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն են տեղափոխել քաղաքացի Դ․Բ․-ին: Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։ 

Լուսանկարն ու տեսանյութը՝ ՊԵԿ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter