Հայաստանը և ԵՄ մեկնարկում են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը
Այսօր` սեպտեմբերի 9-ին, Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվեց մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից:
«Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ:
Մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել լայն շրջանակի մի մասն է, որը զգալի առաջընթաց է գրանցել 2017 թվականին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից ի վեր: Երկխոսության շրջանակներում գործադրվող շարունակական ջանքերը կաջակցեն Հայաստանում իրականացվող բարեփոխումների համապարփակ օրակարգին, մասնավորապես՝ այն ոլորտներում, որոնք առանցքային են ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդելու համար, ինչպիսիք են՝ փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև հիմնարար իրավունքների պաշտպանությունը:
Երկխոսության մեկնարկի համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերի հաջող իրականացումը, որի շնորհիվ 2014 թվականի հունվարի 1-ից ճամփորդության ընթացակարգերը պարզեցվել են բազմաթիվ հայ քաղաքացիների համար։ Ներկայումս ԵՄ բոլոր քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից:
Հաջորդող քայլերը
Հայաստանի կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովը սերտորեն կաշխատեն՝ ապահովելու երկխոսության սահուն և արդյունավետ ընթացքը: Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։ Գործընթացը կպահանջի սերտ համագործակցություն ԵՄ անդամ պետությունների հետ՝ արձանագրվող առաջընթացը և զարգացումները ճշգրտորեն մշտադիտարկելու նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել