HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի աշխատանքը

Սեպտեմբերի 9-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի աշխատանքը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական  հանձնաժողովը  ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 21 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին:

Ազգային ժողովի  կազմը համալրած պատգամավոր Արմենուհի Ղազարյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ նիստում երդվել է:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագիծը, որի 3-րդ բաժնում ներառված՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն: Նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար խորհրդարանը քվեարկել է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քվեարկությունից առաջ պարզաբանել է, որ այն կարգավորումները, որոնք նախագծով առաջարկում է Գեղամ Նազարյանը, արդեն իրավական այլ կարգավորումներով հասցեագրված  են, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Բավարար կողմ ձայներ չստանալով՝ նախագիծը չի ընդգրկվել  նստաշրջանի օրակարգում:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է նաեւ ԱԺ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագիծը:

Խորհրդարանը հաստատել է օրակարգերը, որից հետո սկսել օրենսդրական նախագծերի քննարկումը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter